Jump to content

ՀՍՀ/ՀՈՒՆԳԱՐԻԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՈՒՆԳԱՐԻԱ (Magyarország), Հունգարական ժողովրդական Հանրապետություն, ՀԺՀ (Magyar Nepkoztarsasag)

Ընդհանուր տեղեկություններ: Հ. պետություն է Կենտրոնական Եվրոպայում: Սահմանակից է Չեխոսլովակիային, Ավստրիային, Հարավսլավիային, Ռումինիային, ՍՍՀՄ–ին: Տարածությունը 93 հզ. կմ2 է, բն. 10.699 հզ. (1979): Մայրաքաղաքը` Բուդապեշտ: Վարչականորեն բաժանվում է 19 մեդիեի (մարզի): Բուդապեշտ, Դեբրեցեն, Դյոր, Միշկոլց, Պեչ և Սեգեդ քաղաքները վարչական առանձին միավորներ են:

Պետական կարգը: Հ. սոցիալիստական պետություն է, ժող. հանրապետություն: Գործող սահմանադրությունն ուժի մեջ է 1949–ից: Պետ. իշխանության բարձրագույն և օրենսդրական մարմինը միապալատ պետ. ժողովն է, որը որոշում է կառավարման մարմինների կառուցվածքը, նրանց գործունեության պայմաններն ու ուղղությանը, ընդունում է օրենքներ, սահմանում պետ. բյուջեն և ժողովրդատնտեսական պլանը, լուծում պատերազմի և խաղաղության հարցեր ևն: Նստաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում նրա լիազորություններն ստանձնում է ՀԺՀ նախագահությունը: Պետ. ժողովն ընտրում է պետ. կառավարման բարձրագույն մարմին` Մինիստրների խորհուրդ: Պետ. իշխանության տեղական մարմինները մարզային, քաղաքային, շրջանային (Բուղապեշտում) և գյուղական սովետներն են: Տեղական սովետների գործադիր և կարգադրիչ մարմինները գործադիր կոմիտեներն են: Ընտրական իրավունքից օգտվում են 18 տարին լրացրած բոլոր քաղաքացիները: Հ–ի դատական համակարգը կազմում են Գերագույն դատարանը, մարզային, շրջանային դատարանները և զինվորական դատարանները: Օրինականության պահպանումը հսկում են դատախազության մարմինները` գերագույն (գլխավոր) դատախազի գլխավորությամբ: Բնությունը Հ. զբաղեցնում է Ալպերով ու Կարպատներով շրջապատված Միջինդանուբյան հարթավայրի մեծ, հս. մասը: Դանուբը երկիրը բաժանում է 2 մասի: Նրանից արլ. Միջինդանուբյան մեծ դաշտավայրն է` Ալֆյոլդը (բարձրությունը` 100–200 մ), որը հս–ից եզրավորված է Կարպատների համակարգին պատկանող լեռների շղթայով (800 1000 մ): Այստեղ, Մատրա Լեռնազանգվածում է Հ–ի ամենաբարձր կետը` Կեկեշ լեռը (1015 it): Դանուբի աջափնյա մասը զբաղեցնում է խիստ մասնատված Դունանտուլ հարթավայրը, որտեղ գերիշխում են 150–200 մ բարձրությունները: Դունանտուլը հատված է Միջինհունգարական լեռների գոտիով (բարձրությունը` 400–700 մ), նրանից հվ–արլ. առանձին բարձրանում է Մեչեկ լեռնազանգվածը (բարձրությունը` մինչն 682 մ): Երկրի հս–արմ–ում գտնվում է Միջինդանուբյան փոքր դաշտավայրը` Կիշալֆյոլդը (բարձրությունը` 120–180 մ), որի միայն հվ. մասն է պատկանում Հ–ին: Արմ–ից այն եզրավորված է Ալպերի նախալեռներով (բարձրությունս` 500–800 մ): Երկրաբանական կառուցվածքում գերիշխում են պալեոզոյի և մեզոզոյի հասակի նստվածքային ապարները: Հարուստ է ածխի, նավթի, բնական գազի, երկաթի, բոքսիտների, մանգանի հանքավայրերով: Կլիման բարեխառն է, ցամաքային: Հուլիսի միջին ջերմաստիճանը 20–22,5С է, հունվարինը` –2–ից մինչն –4°C: Տարեկան տեղումները 900 մմ–ից (երկրի հվ–արմ–ում) մինչն 450 մմ են (Ալֆյոլդի կենտրոնում և արլ–ում):

Ներքին ջրերը: Հ–ի գետային ցանցը պատկանում է Դանուբի ավազանին, որը 270 կմ երկարությամբ կտրում է երկիրը հս–ից հվ.: Դանուբի գլխավոր ձախ վտակը Տիսան է, Հ–ում առավել խոշոր աջ վտակներից են Ռաբան, Շիոն, Դրավան: Լճերը քիչ են. ամենախոշորը Բալատոնն է: Հողերը, բուսական և կենդանական աշխարհը: Գերակշռում են սևահողերը: Լեռնային և բլրային շրջաններում կան գորշ անտառային և ճմակարբոնատային, Դանուբի և Տիսայի հովիտներում` ալյուվիալ հողեր: Տարածքի 17–ը անտառածածկ է: Ալֆյոլդը ծածկված է եղել տափաստանային բուսականությամբ, այժմ նրա զգալի մասը հերկված է: Կենդանիներից տարածված են նապաստակը, դաշտամուկը, գետնասկյուռը, աղվեսը, ոզնին, տափաստանային և անտառային թռչուններ, գետերում ու լճերում` շիղաձուկը, բրամը, գայլաձուկը ևն:

Բնակչությունը: Ավելի քան 96–ը (1979) հունգարներ են: Ապրում են նաև սլովակներ, ռումիններ, գերմանացիներ, հորվաթներ, սերբեր, գնչուներ ևն) Պետ. լեզուն հունգարերենն է: Հավատացյալների մեջ գերակշռում են կաթոլիկները: Տոմարը գրիգորյանն է: Միջին խտությունը 1 կմ² վրա 114,9 մարդ է, քաղաքային բն. 50,51976): Քաղաքաբնակների մի մասը զբաղված է գյուղատնտեսության մեջ: Գյուղական բնակչության զգալի մասը դեոես ապրում է խուտորներում, գլխավորապես Ալֆյոլդում:

Պատմական ակնարկ: Հ–ի հնագույն բնակիչները եղել են սկյութները, իլլիրիացիները, կելտերը, որոնց մ. թ. ա. 1 դ. վերջին –մ. թ. II դ. սկզբին նվաճել է Հին Հռոմը: Ժողովուրդների մեծ գաղթի ժամանակ Հ–ի տարածքը բնակեցրել են գերմ. և թուրք, ժողովուրդներ, VI դ. երևացել են սլավոնները, IX դ. վերջին` քոչվոր հունգարները (ինքնանվանումը` մադյար): Նախնադարյան–համայնական կարգերի քայքայման վերջին փուլում գտնվող հունգարները հաճախակի ասպատակել են Կենտրոնական, Հարավային և Հարավ–Արևելյան Եվրոպայի երկրները: Աուգսբուրգի մոտ գերմ. զորքերից կրած պարտությունից (955) հետո այդ ասպատակությունները դադարել են: Սկսել է աճել երկրագործության նշանակությունը, կազմավորվել ֆեոդալիզմը: Արպադների դինաստիայի Գյոզա իշխանի և նրա որդու` Իշտվան 1–ի (997–1038, թագավոր` 1000–ից) օրոք Հ–ում առաջացել է պետ. կազմավորում, ընդունվել քրիստոնեություն (կաթոլիկություն): Աստիճանաբար հունգարների տիրապետությունը տարածվել է դեպի արլ. (Տրանսիլվանիա) և հս. (Սլովակիա), XII դ. սկզբին միացվել են Հորվաթիան և Դալմաթիան: XIII դ. թագավորական իշխանությունը թուլացել է, որը հեշտացրել է թաթար–մոնղոլների ներխուժումը (1241–1242) Հ.: XIII դ. վերջին –XIV դ. սկզբին Հ. բաժանվել է մի շարք ինքնուրույն քաղ. տիրույթների: Թագավոր Կարլոս I–ի ժամանակ (1308–42) ֆեոդալական երկպառակությունները դադարել են, զարգացել են քաղաքները: Բայց նրա հաջորդների օրոք միջֆեոդալական հակասությունները սրվել են: Ուժեղացել է թուրք, նվաճման վտանգը: 1456–ին հունգ., լեհական և սերբական միացյալ ջոկատները, զորավար Յանոշ Հունյադիի գլխավորությամբ, Բելգրադի մոտ հաղթել են թուրքերին: Մատյաշ Հունյադի թագավորի օրոք (1458–90) կենտրոնական իշխանությունն ամրապնդվել է, Հ–ին են կցվել Մորավիան, Սիլեզիան և Արևելյան Ավստրիան: XV դ. վերջին –XVI դ. սկզբին միջֆեոդալական պատերազմները վերսկսվել են, ուժեղացել է կալվածատիրական ճնշումը, որը հանգեցրել է 1514–ի գյուղացիական պատերազմին` Դոժա Դյորդի գծավորությամբ: Մոխաչի մոտ թուրքերից կրած պարտությունից (1526) հետո Հ–ի միջին մասը ընկավ թուրք, լծի տակ, արմ. և հս. մասերը անձնական ունիայով միավորվեցին Ավստրիայի հետ, հունգ. նախկին տիրույթների մի մասն էլ անցավ Տրանսրլվանիա իշխանությանը: XVII գ. վերջին հունգ. հողերն անցան Հաբսբուրգներին: 1703–11–ին Հ–ում տեղի ունեցավ ազգային–ազատագրական ապստամբություն` Ֆերենց II Ռակոցիի ղեկավարությամբ, որն ավարտվեց անհաջողությամբ: Հ. մնաց Հաբսբուրգների տիրապետության տակ: XVIII դ. վերջից Հ–ի արտադրողական ուժերը զարգացան, սկզբնավորվեցին կապիտալիստական հարաբերությունները: 1848–49–ին տեղի ունեցավ բուրժ. հեղափոխություն (գլխավորում էին Լ. Կոշուտը, Շ. Պետեֆին, Մ. Մանչիչը և ուրիշներ), որը ճնշվեց ցարական Ռուսաստանի աջակցությամբ (տես Հունգարական, բուրժուական հեղափոխություն 1848–49): Չնայած պարտությանը, հեղափոխությունը, որի հետևանքով հիմնականում վերացվեցին ճորտատիրական հարաբերությունները, նպաստեց կապիտալիզմի հետագա զարգացմանը: 1866–ի ավստրո–պրուսական պատերազմում կրած պարտությունից հետո Հաբսբուրգները, զիջելով Հ–ի տիրող դասակարգի պահանջներին, ստեղծեցին (1867) Ավստրո–Հունգարական միասնական միապետություն (տես Ավստրո–Հունգարիա), որտեղ Հ., ինչպես և Ավստրիան, դիտվում էր պետության ինքնուրույն մաս: Հ–ի կազմի մեջ մտան, բացի բուն Հ–ից, նաև Սլավոնիան, Հորվաթիան, Տրանսիլվանիան: 1870– ական թթ. ուժեղացավ ավստ. և օտարերկրյա կապիտալի մուտքը Հ., առաջ եկավ խոշոր արդյունաբերություն, կազմավորվեց արդ. պրոլետարիատ, սկզբնավորվեց բանվորական շարժումը: 1890–ին հիմնադրվեց Հ–ի ս–դ. կուսակցությունը: 1914–18–ի առաջին համաշխարհայինպատերազմում Ավստրո–Հունգարիան Գերմանիայի դաշնակիցն էր: Հ–ի կառավարող շրջանները պաշտպանում էին ավստրո–գերմանական իմպերիալիզմի զավթողական պլանները: Բոլոր կուսակցությունները, այդ թվում ս–դ., վարում էին շովինիստական պրոպագանդա: Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հաղթանակը Ռուսաստանում և Ավստրո–Հունգարիայի պարտությունը պատերազմում խթանեցին հեղափոխական և ազգային–ազատագրական շարժումը Հ–ում: 1918–ի հոկտեմբերին սկսվեց ընդհանուր գործադուլ, որը վերաճեց բուրժուա–դեմոկրատական հեղափոխության: Իշխանության գլուխ անցավ բուրժուազիան: Նոյեմբ. 16–ին Հ. հռչակվեց հանրապետություն: 1918–ի նոյեմբ. 24–ին հունգ. ինտերնացիոնալիստները (Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությանը մասնակցած նախկին ռազմագերիներ) Բ. Կանի գլխավորությամբ, հեղափոխական սոցիալիստները և ձախ սոցիալ–դեմոկրատների մի խումբ ստեղծեցին Հունգարիայի կոմունիստական կուսակցությունը (ՀԿԿ): 1919–ի մարտի 21–ին հռչակվեց Հունգարական Սովետական Հանրապետությունը, որի տապալումից (1919–ի օգոստ.) հետո հաստատվեց Մ. Հորթիի ֆաշիստական բռնապետությունը, այն ճանաչեց Հ–ի ետպատերազմյան սահմանները որոշող Տրիանոնի հաշտության պայմանագիրը (1920), համաձայն որի ոչ հունգարաբնակ մարզերը անցան Չեխոսլովակիային, Հարավսլավիային, Ռումինիային և Ավստրիային: Հորթիի կառավարությունը Իտալիայի, իսկ ավելի ուշ նաև ֆաշիստական Գերմանիայի հետ սերտ համագործակցությամբ վարում էր հակասովետական արտաքին քաղաքականություն: 1939–ին Հ միացավ «Հակակոմինտերնյան պակտին», իսկ 1940–ին` Բեռլինի պակտին (տես Բեռլինի պակտ 1940): Մասնակցեց Չեխոսլովակիայի անդամահատմանը (1938–39)` ստանալով Սլովակիայի մի մասը, Անդրկարպատյան Ուկրաինան և Հյուսիսային Տրանսիլվանիան: Որպես ֆաշիստական Գերմանիայի դաշնակից–արբանյակ մասնակցեց Հարավսլավիայի և ՍՍՀՄ–ի վրա հարձակումներին: 1944–ի մարտին գերմ. զորքերը օկուպացրին Հ.` երկրում հաստատելով Ֆ. Սալաշիի տեռորիստական վարչակարգը: 1944–ի հոկտեմբերին սովետական զորքերը մտան Հ., դեկտ. 22–ին Դեբրեցենում կազմվեց Ազգային ժամանակավոր կառավարություն, որը պատերազմ հայտարարեց հիտլերյան Գերմանիային: 1945–ի ապրիլի 4–ին սովետական բանակն ավարտեց Հ–ի ազատագրումը: Համադեմոկրատական հեղափոխությունը վերաճեց սոցիալիստականի: 1945–ի սեպտ. 25–ին Հ. դիվանագիտական հարաբերություններ հաստատեց ՍՍՀՄ–ի հետ: 1946–ի Փետր. 1–ին Հ. հռչակվեց հանրապետություն: Հեղափոխական վերափոխումների և հետադիմական ուժերի ջախջախման հետևանքով երկրում հաստատվեցին ժող. դեմոկրատիայի կարգեր: 1945–49–ին վերացվեց ֆաշիստական պետ. ապարատը, ազգայնացվեցին արդ. ձեռնարկություններն ու բանկերը, անցկացվեց ագրարային ռեֆորմ: 1949–ին ուժի մեջ մտավ սահմանադրությունը, որն իրավաբանորեն ամրապնդեց հունգ. աշխատավորների սոցիալ–տնտեսական նվաճումները և Հ. հռչակեց ժող. հանրապետություն: Առաջին հնգամյա պլանի (1950–54) կատարման ընթացքում վերացվեց արդ. հետամնացությունը, ստեղծվեցին արդ. նոր կենտրոններ, Հ. դարձավ ինդուստրիալ–ագրարային պետություն: Հունգ. ժողովուրդը հաջողությամբ իրականացնում էր սոցիալիստական շինարարություն` օգտվելով Սովետական Միության եղբայրական աջակցությունից և անշահախնդիր օգնությունից: Օգտագործելով հունգարական աշխատավորական կուսակցության (ՀԱԿ, ստեղծվել էր 1948–ին` ՀԿԿ–ի և ՍԴԿ–ի միավորումից) ղեկավարության (Մ. Ռակոշի և ուրիշներ) թույլ տված սխալները` ներքին հետադիմությունը` միջազգային իմպերիալիզմի սադրանքով և Ի. Նադի ռևիզիոնիստական խմբավորման աջակցությամբ, հակահեղափոխական խռովություն բարձրացրեց երկրում (1956–ի հոկտ. 23–նոյեմբ. 4)` նպատակ ունենալով վերացնել սոցիալիստական նվաճումները և Հ. դուրս բերել սոցիալիստական լագերից: Բանվորա–գյուղացիական կառավարությունը Յա. Կադարի ղեկավարությամբ դիմեց Սովետական Միության օգնությանը: Հ–ում գտնվող սովետական զորքերը հունգ. հեղափոխական ուժերի հետ միասին ճնշեցին հակահեղափոխությունը և պահպանեցին սոցիալիստական նվաճումները: ՀԱԿ վերակազմվեց մարքսիզմ–լենինիզմի սկզբունքներին հավատարիմ հունգարական սոցիալիստական բանվորական կուսակցության (ՀՍԲԿ): Ժող. տնտեսության զարգացման եռամյա (1958–60), ապա հնգամյա (1961–65) պլանների կատարման շնորհիվ Հ–ում ավարտվեց գյուղատնտեսության սոցիալիստական վերակառուցումը, իրականացվեց կուլտուրական հեղափոխություն և կառուցվեցին սոցիալիզմի հիմքերը: Հաջողությամբ կատարվեց նաև երրորդ հնգամյա պլանը (1966–70), մտցվեց ժող. տնտեսության կառավարման նոր սիստեմ, որի նպատակն էր` ամրապնդել ու կատարելագործել պլանավորման սոցիալիստական կարգը, բարձրացնել արտադրության արդյունավետությունն ու աշխատավորների նյութական շահագրգռվածությունը: ՀՍԲԿ XI համագումարը (1975–ի մարտ) ամփոփեց չորրորդ հնգամյա պլանի (1970–75) արդյունքները և նշեց Հ–ում զարգացած սոցիալիստական հասարակարգի կառուցման խնդիրները առաջիկա 15–20 տարվա համար, սահմանեց հինգերորդ հնգամյակի (1976–80) հիմնական ցուցանիշները: Հ. ՏՓԽ–ի անդամ է (1949), Վարշավայի պայմանագրի մասնակից (1955): Սոցիալիստական համագործակցության մյուս երկրների հետ միասին հետևողականորեն պայքարում է սոցիալական տարբեր կարգ ունեցող պետությունների խաղաղ գոյակցության համար, հանդես գալիս հօգուտ միջազգային լարվածության թուլացման, զինաթափման և ընդհանուր խաղաղության: Հ–ի արտաքին քաղաքականության անկյունաքարը Սովետական Միության հետ անխախտ բարեկամությունն ու սովետա–հունգարական համագործակցության անշեղ զարգացումն է: 1976–78–իՆ ստորագրվել են սովետա–հունգարական մի շարք նոր համաձայնագրեր տնտ. համագործակցության վերաբերյալ: Քաղաքական կուսակցությունները, արհմիություները և հասարակական այլ կազմակերպությունները: Հունգարական սոցիալիստական բանվորական կուսակցություն (ՀՍԲԿ), Հունգարիայի կոմկուսի (ստեղծվել է 1918–ին) ժառանգորդն է, ունի 760 հզ. անդամ (1978): Հայրենական ժողովրդական ճակատ (ՀԺՃ), հիմնվել է 1954–ին, ՀՍԲԿ–ի ղեկավարությամբ գործող քաղ. մասսայական շարժում է: Նպատակն է ՀԺՀ ազգաբնակչության բոլոր խավերին միավորել սոցիալիզմի կառուցման համար: Հունգարական արհմիություններն ունեն ավելի քան 4 մլն անդամ (1978), մտնում են ԱՀՖ–ի մեջ: Հունգարական կոմունիստական երիտասարդության միություն (ՀԿԵՄ), հիմնվել է 1957–ին, ունի 840 հզ. անդամ (1978): Հունգարա–սովետական բարեկամության ընկերություն: Տնտեսա–աշխարհագրական ակնարկ: Հ. ինդուստրիալ–ագրարային երկիր է: 1976–ին ժող. տնտեսության մեջ զբաղվածների 44–ը բաժին էր ընկնում արդյունաբերությանը, 21 –ը` գյուղատնտեսությանը: Սոցիալիստական սեկտորը տալիս է ազգային եկամտի 98,4-ը (1978):

Արդյունաբերությունը: Հ–ի հանքա–հումքային և էներգետիկական ռեսուրսները սահմանափակ են: Էներգետիկայի հիմքը ածուխն է, որի և մազութի բազայի վրա կառուցվել են խոշոր ՋԷԿ–եր: Արդյունահանում են բոքսիտներ (2–րդ տեղը Եվրոպայում), երկաթի ցածր տեսակի հանքանյութ, մանգան, բազմամետադներ, կաոլին, ինչպես նաև փոքր քանակությամբ նավթ և գազ: «Բարեկամություն» նավթամուղով ստացվող նավթի բազայի վրա Սազհալոմբատայում ստեղծվել է նավթավերամշակման խոշոր կոմբինատ, իսկ «Բարեկամություն–2» նավթամուղով ստացվող նավթի բազայի վրա հզոր կոմբինատ է գործում Լենինվարոշում: Պաքշ քաղաքում կառուցվում է հունգ. առաջին ատոմակայանը: ՍՍՀՄ–ից Հ. էլեկտրաէներգիա է հաղորդվում Մուկաչևո–Գյոդ (Բուդապեշտի մոտ) էլեկտրահաղորդման բարձրավոլտ գծով: 1978–ին ավարտվել է Ալբերտիրշա–Վիննիցա (ՍՍՀՄ) գծի կառուցումը: Մշակող արդյունաբերության կարևոր ճյուղերն են մեքենաշինությունն ու մետաղամշակումը, քիմ. և սննդի արդյունաբերությունը: Սև մետալուրգիան 4 5 մասով աշխատում է ներմուծվող հանքանյութով և 2 3 մասով` ներմուծվող կոքսով: Հիմնական կենտրոններն են` Միշկոլցը, Օզդը, Դունաույվարոշը: Ալյումինի արդյունաբերությունը հիմնականում կենտրոնացած է Տատաբանյա –Սեկեշֆեհերվար– Այկա եռանկյունում (Հյուսիսային Դունանտուլ): ՍՍՀՄ–ի և Հ–ի միջև կնքված համաձայնագրով հունգ. արզնահողը վերամշակվում է սովետական գործարաններում, ստացվող ալյումինի մի մասը ետ է ուղարկվում Հ.: Հ–ի մեքենաշինությունը մասնագիտացած է առավելապես ոչ մետաղատար ճյուղերի գծով` էլեկտրատեխնիկա, հատկապես կապի տեխնիկա, էլեկտրոնիկա և սարքաշինություն, նաև տրանսպորտային միջոցների թողարկում` ներքին այրման շարժիչների և այդ հիման վրա դիզելային ուղևորատար վագոնների (գնացքների), մոտոցիկլետների, բեռնատար ավտոմեքենաների, նավերի ու հատկապես ավտոբուսների («Իկարուս» մակնիշի) արտադրություն: Մեքենաշինության 3 5–ը կենտրոնացած է Բուդապեշտում: Խոշոր կենտրոններ են նաև Դյորը, Միշկոլցը, Դեբրեցենը, Սեկեշֆեհերվարը: Քիմ. արդյունաբերությունը հենվում է բնական գազի և նավթաքիմիական կիսաֆաբրիկատների վրա: Գլխավոր ճյուղերն են հանքային պարարտանյութերի և պլաստմասսաների արտադրությունը (Կազինցբարցիկա, Լենինվարոշ): Զարգացած է դեղագործական արդյունաբերությունը, որի արտադրանքի 2 3–ը արտահանվում է: Սննդի արդյունաբերության առաջատար ճյուղը պահածոների արտադրությունն է: Զարգացած են նաև թռչնավերամշակման, մսեղենի և հրուշակեղենի ճյուղերը: Տեքստիլ արտադրանքի շուրջ 1 2–ը տալիս է բամբակեղենի, 1 5–ը` բրդեղենի արդյունաբերությունը: Տեքստիլ ինդուստրիայի 3 5–ը կենտրոնացած է մայրաքաղաքում:

Գյուղատնտեսությունը: Հ–ի հողային ֆոնդի 52,3–ը կազմում են վարելահողերը, մարգագետիններն ու արոտավայրերը` 14,1–ը, խաղողի ու պտղատու այգիները և բանջարանոցները` 5,6–ը: Վարելահողերի 14,2–ը պատկանում է պետ., 80,6–ը` կոոպերատիվ սեկտորներին, 2–ը` մենատնտեսներին, 3,2–ը կազմում են տնամերձները (1978): Գյուդատնտեսության սոցիալիստական վերակառուցումն ուղեկցվում է նրա տեխ. վերազինմամբ, հանքային պարարտանյութերի ինտենսիվ օգտագործմամբ, ոռոգվող հողատարածությունների ընդարձակմամբ: Ցանքատարածությունների մեծ մասը զբաղեցնում են հացահատիկային կուլտուրաները (հիմնականում ցորեն և եգիպտացորեն): Շաքարի ճակնդեղի ցանքերը կենտրոնացած են Կիշալֆյոլդում և Ալֆյոլդի հվ–ար–ում (1978–ին բերքը` 4,2 մլն տ): Մշակում են նաև արևածաղիկ ու կանեփ: Խաղողի ու պտղատու այգիների հիմնական զանգվածը գտնվում է Դանուբի և Տիսայի միջագետքում. տեսակավոր գինիների արտադրության համար օգտագործվող խաղողի այգիները գտնվում են լեռների հվ. լանջերին (Տոկայ, Էգեր, Բադաչոն): Պտղաբուծությունը (խնձոր, ծիրան, դեղձ ևն) և բանջարաբուծությունը առանձին տարիների տալիս են գյուղատնտ. արտահանության 1 3–ը: 1978–ին խաղողի բերքը կազմել է 786 h զ. տ: Անասնապահությանը բաժին է ընկնում գյուղատնտ. համախառն արտադրանքի 44–ը և գյուղատնտ. ամբողջ արտահանության մինչև 40–ը: Հիմնական ճյուղը խոշոր եղջերավոր անասունների բազմացումն է (տարածված է ողջ երկրում): 1978–ին Հ–ում կար 1966 հզ. գլուխ խոշոր, 2863 հզ. գլուխ մանր եղջերավոր անասուն, 8011 հզ. խոզ, 134 հզ. ձի, 64,6 մլն թռչուն: Ձիերի բուծումը մեծ մասամբ կենտրոնացած է երկրի հվ–ում: Ընտանի թռչունների մսի սպառումով Հ. Եվրոպայում գրավում է 1–ին տեղը, ՏՓԽ–ի շրջանակներում Հ–ի գյուղատնտեսությունը մասնագիտանում է մրգերի, խաղողի, բանջարեղենի, մսի արտադրության և արտահանության ուղղությամբ:

Տրանսպորտը: Երկաթուղիների երկարությունը 8170 կմ է (1978), որից 1307 կմ էլեկտրիֆիկացված է: Ավտոճանապարհների երկարությունը ավելի քան 30 հզ. կմ է, գետային ներքին նավարկելի ուղիներինը` 1,7 հզ. կմ: Դանուբի ափին խոշոր նավահանգիստներ են Բուդապեշտը, Կոմառնոն, Դյորը, Դունաույվարոշը ևն, Տիսայի ափին` Սոլնոկը, Սեգեդը: Բուդապեշաի Ֆերիհեդ օդանավակայանն ունի միջազգային նշանակություն:

Արտաքին առևտուրը: Արտահանությունը 1978–ին կազմել է 240,7, ներմուծումը` 300,9 մլրդ ֆորինտ: Արտահանում է մեքենաներ և սարքավորում, ժող. սպառման ապրանքներ, պարեն, սննդահումք ևն: Ներմուծում է հանքային հումք, կիսաֆաբրիկատներ, վառելիք, մեքենաներ ևն: 1977–ին արտաքին առևտրի շրջանառության 57,4-ը բաժին է ընկել սոցիալիստական երկրներին, 33,1–ը` զարգացած կապիտալիստական երկրներին, 9,5-ը` զարգացող երկրներին: Դրամական միավորը ֆորինտն է: ՍՍՀՄ Պետբանկի 1980–ի կուրսով 100 ֆորինտը 7,67 ռ.:

Զինված ուժերը: Հ–ի զինված ուժերը կազմված են Հունգարական ժող. բանակից (ՀԺԲ), որի մեջ մտնում են ցամաքային և ՀՕՊ–ի զորքերը, սահմանապահ զորքերից և բանվորական միլիցիայից: ՀԺԲ ղեկավարում է պաշտպանության մինիստրը: Զինված ուժերի ղեկավարությունը ըստ սկզբունքի միանձնյա է: Քաղ. աշխատանքը ղեկավարում է Գլխավոր քաղաքական վարչությունը: Զորքերում, հիմնարկություններում և ռազմա–ուսումնական հաստատություններում կան քաղբաժիններ: Ժող. Հ–ի զինված ուժերը սկսել են կազմավորվել 1945–ի փետրվարից, երկիրը ֆաշիստական լծից ազատագրելու ընթացքում: Պատերազմի ավարտից և պրոլեաարիատի դիկտատուրայի հաղթանակից հետո ՀԺԲ դարձավ պրոլետարիատի դասակարգային բանակը: Զինված ուժերը համալրվում են 1960–ին ընդունված «Հայրենիքի պաշտպանության մասին օրենքի» համաձայն, զորակոչային տարիքը 18 տարեկանն է, զինծառայության պարտադիր ժամկետը` 2 տարի: Սպայական կադրերը պատրաստվում են ռազմ. ուսումնարաններում և Միկլոշ Զրինյիի անվ. ռազմ. ակադեմիայում: Բժշկա–աշխարհագրական բնութագիրը: 1974–ին Հ–ում ծնունդը կազմել է 1000 բնակչին` 17,8, մահացությունը` 12, մանկական մահացությունը 1000 ողջ ծնվածին` 34: Տղամարդկանց կյանքի միջին տևողությունը (1972) 67,3 տարի է, կանանցը` 73,2: Գերակշռում են սիրտ–անոթային համակարգի, շնչառական օրգանների ոչ տուբերկուլոգային հիվանդությունները, չարորակ նորագոյացությունները: Առողջապահության բարձրագույն մարմինը առողջապահության մինիստրությունն է, որի ղեկավարությամբ են գործում բժշկ. բուհերը և Հունգարական ԳԱ կազմի մեջ մտնող գիտա–բժշկական հիմնարկները: 1972–ին Հ–ում գործել են հիվանդանոցային 173 հիմնարկ` 87,5 հզ. մահճակալով (1974, 1000 բնակչին` 8,3 մահճակսվ), 184 պոլիկլինիկա, առողջապահական 3898 կենտրոն, բժշկ. օգնության 688 կետ, 130 շարժական ամբուլատորիա, տուբերկուլոզային 186, մաշկավեներական 124, ուռուցքաբանական 169 և հոգեբուժական 63 դիսպանսեր: 1974–ին աշխատել են 26,3 հզ. բժիշկ (10 հզ. բնակչին` 25,0 բժիշկ) և ավելի քան 76 հզ. միջին բուժաշխատող: Բժիշկներ են պատրաստում բժշկ. 4-իեստ. (Բուդապեշտում, Սեգեդում, Դեբրեցենում, Պեչում), միջին բուժանձնակազմ` բժշկ. 37 ուսումնարաններ: Առողջապահության ծախսերը 1973–ին կազմել են ազգային եկամտի 12,7–ը: Բալնեոլոգիական առողջարաններից հայտնի են` Բալատոն–Ֆյուրեդը, Շիոֆոկը, Հևիզը, Բյուկսեկը, բալնեոկլիմայական և կլիմայական առողջարաններից` Շիկոնդան, Կեկեշտետյոն, Լիլլաֆյուրեդը:

Ժողովրդական կրթությունը: Հ–ում լուսավորության սկզբնավորումը կապված է լատ. եկեղեցական, ապա նաև քաղաքային դպրոցների առաջացման (XIIXIII դդ.) հետ: 1367–ից մինչև XV դ. կեսը Պեչում գործել է համալսարան: XVI–XIX դդ. կարևոր դեր են կատարել Ռեֆորմացիայի շրջանում Դեբրեցենում, Շարոշպատակում, Պապայում և այլ քաղաքներում ստեղծված կոլեգիումները, ուր ուսուցումը տարվել է նաև հունգարերեն: Հ–ում աշխատել են ականավոր մանկավարժներ Յա. Ա. Կոմենսկին, Յա. Ապացաի–Չերեն, Դ. Մարոտին և ուրիշներ: 1635–ին համալսարան է հիմնադրվել Տռնավայում (1872–ից` Բուդապեշտի համալսարան): 1868–ին օրենք է ընդունվել համընդհանուր պարտադիր կրթության մասին: XX դ. սկզբից դպրոցական համակարգի մեջ ընդգրկվել են 6–ամյա ժող., 4–ամյա «միջանկյալ» քաղաքացիական դպրոցները, 8–ամյա գիմնազիաները և ռեալական դպրոցները: Դպրոցական ուսուցման գործում եկեղեցին շարունակել է ղեկավար դեր կատարել: Ժողովրդա–դեմոկրատական իշխանության հաստատումից հետո արմատապես վերափոխվել են կրթության և դաստիարակության նպատակներն ու խնդիրները, ստեղծվել է ժողկրթության միասնական համակարգ: 1948–ին բոլոր դպրոցները դարձել են պետ.: 1961–ին ընդունված օրենքի համաձայն, ժոդկրթության համակարգի մեջ մտնում են մանկապարտեզները (3–6 տարեկանների), պարտադիր և ձրի հիմնական դպրոցները (8–ամյա, 6–16 տարեկանների համար) և միջնակարգ հանրակրթական դպրոցները` գիմնազիաները (4–ամյա, ավարտողն իրավունք է ստանում բուհ ընդունվելու): Հիմնական դպրոցի բազայի վրա են աշխատում միջնակարգ մասնագիտական ուս. հաստատությունները (4–ամյա) և արհեստագործական դպրոցները (3–ամյա): Բարձրագույն կրթության համակարգի մեջ մտնում են համալսարանները, ինստ–ները (ուսման տևողությունը` 4–5 տարի), թերի (3–4 տարի) և ոչ լրիվ (2–3 տարի) բարձրագույն ուս. հաստատությունները: Խոշորագույն բուհերն են` Էտվեշի անվ. համալսարանը, Զեմելվեյսի անվ. բժշկ., պոլիտեխնիկական, Կ. Մարքսի անվ. տնտեսագիտական ինստ–ները (Բուդապեշտում), Լ. Կոշուտի անվ. համալսարանը և բժշկ. ինստ–ը (Դեբրեցենում), Ա. Յոժեֆի անվ. համալսարանը և բժշկ. ինստ–ը (Սեգեդում), Միշկոլցի ծանր արդյունաբերության պոլիտեխնիկական ինստ–ը, Գյոդյոլյոյի գյուղատնտ. գիտ. ինստ–ը, Պեչի բժշկ. ինստ–ը: Խոշորագույն գրադարաններն են` Սեչենյիի անվ. պետ. (հիմն. 1802–ին), Բուդապեշտի համալսարանի, Հունգարական ԳԱ–ի (1826), Պետ. տեխ. գրադարանը և փաստագրական կենտրոնը (1883), Է. Սաբոյի անվ. քաղաքային (բոլորը` Բուդապեշտում), Դեբրեցենի համալսարանի, Ա. Յոժեֆի անվ. համալսարանի (Սեգեդում): Խոշորագույն թանգարաններն են` Ազգային (հիմն. 1802–ին, Ազգային պատկերասրահը (1957), բնա–պատմական ազգային (1802), Կերպարվեստի (1896), Կիրառական արվեստի ազգային (1872) ևն: Գիտությունը և գիտական հիմնարկները: Բնական և տեխնիկական գիտությունները: Հ–ի գիտության պատմության մեջ տարբերում են 3 շրջան`

1. հունգ. պետության հիմնադրումից (X–XI դդ.) մինչև XIX դ. կեսը,

2. XIX դ. կեսից մինչև երկիրը ֆաշիստական ռեժիմից ազատագրելը,

3. արդի շրջան: Առաջին շրջանի գիտական խոշոր աշխատությունը «Հունգարական հանրագիտարանն» է, որը XVII դ. կեսին կազմել է Դեկարտի հետևորդ Յա. Ապացաի–Չերեն: 1825–ին հիմնադրվել է Հունգարական գիտությունների ակադեմիան: XIX դ. 1–ին կեսին, գյուղատնտեսության զարգացմանը զուգընթաց, աշխուժացել են բուսաբանական հետազոտությունները (Պ. Կիտաիբել): Այդ ժամանակաշրջանը հայտնի է նաև բժշկության (Ի. Զեմելվեյս), մաթեմատիկայի (Ֆ. Բոլյայ, Յա. Բոլյայ) բնագավառի նվաճումներով:

Երկրորդ շրջան: XIX դ. 2–րդ կեսին Հ–ում խոշոր արդյունաբերության ստեղծումը խթանել է բնական և տեխ. գիտությունների զարգացումը: Այդ շրջանին է վերաբերում ֆիզիկոս Ա. Յեդլիկի գործունեությունը, որը 1861–ին նախագծել է էլեկտրական գեներատորը: Նրա աշակերտ, հունգ. նշանավոր ֆիզիկոս Լ. Էտվեշը հետազոտել է մակերևութային լարվածությունը, ստեղծել Երկրաֆիզիկական ճոճանակը և երկրաֆիզիկական կայանների մի ամբողջ ցանց Հ–ում: Նշանակալի հաջողությունների են հասել մաթեմատիկոսներ Դ. Կյոնիգը (հանրահաշիվ և բազմությունների տեսություն), Ֆ. Ռիսը (ֆունկցիոնալ տարածությունների տեսություն և տոպոլոգիա), Կ. Յորդանը (հավանականությունների տեսություն և մաթ. վիճակագրություն), երկրաբան Յո. Սաբոն (պետրոգրաֆիային և տեկտոնիկային վերաբերող հետազոտություններ), աշխարհագրագետ Լ. Լոչին, գեոմորֆոլոգ Ե. Չոլնոկին, քիմիկոսներ Կ. Տանը (Հ–ում առաջին քիմ. գիտահետազոտական ինստ–ի հիմնադիր), Վ. Վարտան (քիմ. տեխնոլոգիա), Լ. Վինկլերը (վերլուծական քիմիա), բժշկագետներ Շ. Կորանյին, Յա. Բոկաին, Յո. Ֆոդորը և ուրիշներ: Հ–ի գիտության պատմության այս շրջանը նշանավորվեց տեխ. մի շարք հայտնագործություններով: Դ. Բանկին և Յա. Չոնկան ստեղծեցին կարբյուրատորը, Օ. Բալտին, Կ. Ցիպերնովսկին և Մ. Դերին` տրանսֆորմատորը: Չնայած ձեռք բերված նվաճումներին, հիմնարար գիտությունները մինչև XX դ. 40–ական թթ. դանդաղ էին զարգանում: Գիտնականներն աշխատում էին դժվարին պայմաններում, շատ բնագետներ Ֆ. Վերզար, Ջ. Նեյման, նոբելյան մրցանակակիրներ Դ. Հևեշի, Յու. Վիգներ, Դ. Բեկեշի, Ա. Սենտ–Դյորդի (ՍՍՀՄ ԳԱ օտարերկրյա անդամ), Դ. Գաբոր, Լ. Սիլարդ և ուրիշներ ստիպված են եղել հեռանալ երկրից:

Երրորդ շրջան: Երկրի ազատագրումից հետո սկսվեց գիտության արագ զարգացումը: Զգալի են հաջողությունները մաթեմատիկայի բնագավառում: 1950–ին կազմակերպվել է Հունգարական ԳԱ կիրառական մաթեմատիկայի ինստ–ը (1955–ից` մաթ. հետազոտությունների ինստ.): 1956–ին ստեղծվել է հաշվողական կենտրոն: Ճանաչում են ստացել մաթեմատիկոսներ Բ. Սյոկեֆալվի–Նադի, Ե. Էգերվարիի, Պ. Էրդյոշր, Պ. Տուրանի, Ա. Ռենյիի, Դ. Հայոշի, Լ. Ֆուկսի և այլոց աշխատանքները: Տեսական ֆիզիկայի հիմնական ուղղությունները կապված են Պ. Գոմբաշի, Կ. Նովոբատսկու և վերջինիս աշակերտներ Դ. Մարքսի, Կ. Նադի անվան հետ: Փորձարարական ֆիզիկայի կենտրոնը Բուդապեշտի ֆիզիկայի կենտրոնական ԳՀԻ–ն է` Լ. Պալի գլխավորությամբ: Հունգար գիտնականները մասնակցում են Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստ–ի (ՍՍՀՄ) աշխատանքներին: ՍՍՀՄ–ի օգնությամբ Հ–ում կառուցվել են միջուկային ռեակտորներ: Աստղագիտության բնագավառի հետազոտությունները վերաբերում են փոփոխական և գերնոր աստղերին, աստղերի վիճակագրությանն ու բևեռաչափությանը: Դեբրեցենի աստղադիտարանում զբաղվում են Արեգակի ակտիվության ուսումնասիրությամբ: 1945–ից սկսած մեծ ուշադրություն է հատկացվում քիմիայի զարգացմանը: Համալսարաններում բացվել են մի շարք նոր ամբիոններ, ստեղծվել են 9 հատուկ հետազոտական ինստ–ներ: Էական են ֆիզիկական քիմիայի (Գ. Շայ, Զ. Սաբո, Ֆ. Նադ), օրգ. քիմիայի (Գ. Ջեմպլեն, Ռ. Բոգնար, Զ. Չյուրյոշ) նվաճումները: Տեսական և գործնական արժեքավոր արդյունքներ է տվել էլեկտրոդային պրոցեսների կինետիկայի հետազոտությունը (Տ. Էրդեի–Գրուզ): Մեծ մասշտաբների են հասել երկրաբանական հետազոտությունները: Հայտնաբերվել են ստորգետնյա գազի նոր հանքավայրեր (Դ. Կերտաի): Կազմվել են Հ–ի երկրաբանական և երկրաֆիզիկական նոր քարտեզներ: Մշակվել են գեոդեզիական չափումների նոր մեթոդներ (Ա. Տարչի–Հորնոհ): 40–ական թթ. վերջից կենսաբանների ուշադրությունը բևեռվել է էվոլյուցիոն տեսության, էկոլոգիայի պրոբլեմների ուսումնասիրությանը: Հետազոտություններ են կատարվում բուսաբանության (Շ. Յավորկա, Ռ. Շոո, Ռ. Ռապաիչ), կենդանաբանության (Է. Դուդիհ, Յա. Բալոգ, Է. Կասաբ), նյարդահյուսվածաբանության (Ա. Աբրահամ) և այլ բնագավառներում: Բժշկագիտության զարգացումն ընթանում է հունգ. դպրոցի ավանդույթներին համապատասխան: Նյարդային համակարգի ուսումնասիրության գործում ուշագրավ աշխատանքներ են կատարել Ի. Կյորնիեին, Կ. Լիշակը: Դեղագործական արդյունաբերության աճին զուգընթաց Հ–ում լայն թափ են ստացել դեղաբանության բնագավառի հետազոտությունները (Վ. Իշեկուց, Մ. Յանչո, Յո. Կնոլ): Զգալի են հաջողությունները ագրարային գիտությունների բնագավառում: Ստեղծվել է Հ–ի հողերի ծագումնաբանության և էրոզիայի քարտեզ: Կատարվել են աղուտների և ավազոտ հողերի բարելավման աշխատանքներ (Շ. Էգերսեգի, Կ. Պատեր): Լավ արդյունքներ են ստացվել եգիպտացորենի բարձր բերքատու հիբրիդային տեսակների, ցորենի դիմացկուն տեսակների ստեղծման գործում (Է. Կոտնիկ, Է. Օբերմայեր, Է. Պապ, Ա. Յանոշի): Տեխնիկական գիտություններ. մետալուրգիայի բնագավառում կատարվել են մետաղների պլաստիկության, համաձուլվածքների բյուրեղացման խնդիրներին վերաբերող հետազոտություններ, գունավոր մետաղների արտադրության նոր մեթոդների ստեղծման աշխատանքներ (Շ. Գելեյի, Լ. Գիլեմոտ): Էներգետիկայի ասպարեզում մեծ ուշադրություն է հատկացվել էլեկտրաէներգետիկայի, ջերմաէներգետիկայի զարգացմանը, մեքենաշինության մեջ շարունակվել են գյուղատնտ. մեքենաների կատարելագործման աշխատանքները, կապի տեխնիկայում բարձր մակարդակի է հասցվել էլեկտրոնային սարքերի արտադրությունը, գունավոր հեռուստատեսությունը:

Հասարակական գիտությունները: Փիլիսոփայությունը: Հունգ. փիլիսոփայության առաջադիմական միտումները սկզբնավորվում են վերածննդի դարաշըր–ջանում: Հ–ում ազատամտության առաջին ներկայացուցիչներից է բանաստեղծ–հումանիստ Յանուս Պաննոնիուսը (XV դ.): XVI– XVII դդ. բնորոշվում են բողոքականության դեմ կաթոլիկության պայքարով, որի ընթացքում որոշակի զարգացում է ստացել կարտեզիականությունը (Յա. Ապացաի–Չերե, մանկավարժ, փիլիսոփա, հունգ. առաջին հանրագիտարանի հեղինակ): XVIII դ. վերջի հունգ. նշանավոր լուսավորիչներ էին մատերիալիստ Դ. Բեշենիեին և բանաստեղծ Մ. Չոկոնաի–Վիտեգը: Մեխանիստական մատերիալիզմի գաղափարները զարգացրել է Ի. Մարտինովիչը (հունգ. յակոբինների գաղափարախոսներից): Հանրապետական շարժման ճնշումից հետո առաջին պլան է մղվում գերմ. ռոմանտիզմի ազդեցությունը: XIX դ. 1–ին կեսի խոշորագույն գաղափարախոսներից էր Ի. Սեչենյին, որը հնարավոր էր համարում բուրժ. առաջադիմությունը առանց հեղափոխության և ազգային անկախության: Լուսավորականության տարածման և աստիճանական բարենորոգումների միջոցով սոցիալական հավասարության հաստատման գաղափարը զարգացրել է Յա. Հետենյին: Այդ շրջանում աճում է գերմ. դասական փիլիսոփայության ազդեցությունը (Շ. Կյոտելեշ, Յա. Էրդեյի): XIX դ. հասարակագիտական մտքի նշանավոր ներկայացուցիչներ են Շ. Պետեֆին, Պ. Վաշիվարին, Մ. Տանչիչը: Նրանց աշխարհայացքում հեղափոխական դեմոկրատիզմը համակցված է ուտոպիական սոցիալիզմին: 1848–49–ի հեղափոխության պարտությունը հանգեցրեց կղերական գաղափարախոսության տիրապետությանը: Հեղափոխական դեմոկրատիզմը փոխարինվեց իդեալիզմով: 1860–ական թթ. տարածվել է պոզիտիվիզմը, որը նպաստել է հակակղերական գաղափարախոսության հաստատմանը: 1870–ական թթ. Հ–ում սկսել են տարածվել մարքսիզմի գաղափարները (Լ. Ֆրանկել): XX դ. սկզբի մարքսիստական փիլիսոփայության նշանավոր ներկայացուցիչ է Է. Սաբոն, որը սակայն մի շարք հարցերում հակվում էր դեպի սինդիկալիզմը. ՀԿԿ–ի ստեղծումը և Հունգարական Սովետական Հանրապետության կազմավորումը նպաստեցին մարքսիզմի գաղափարների տարածմանը: Հորթիի տիրապետության շրջանում գերիշխող էին իդեալիստական և ազգայնական միտումները: 30–40–ական թթ. մտավորականության շրջանում տարածվել է նարոդնիկության գաղափարախոսությունը, գյուղացիական սոցիալիզմի ուտոպիական հայացքները: Ընդհատակի ծանր պայմաններում հունգար մարքսիստները շարունակել են տեսական գործունեությունը: Ժող. դեմոկրատիայի հաստատումը պայմաններ ստեղծեց մարքսիզմի լայն տարածման և մշակման համար, բուհերում մտցվեց նրա դասավանդումը: Հունգ. նշանավոր Փիլիսոփաներ են Դ. Լուկաչը, Լ. Ռուդաշը, Բ. Ֆոգարաշին, է. Մոլնարը: 1960–ական թթ. զարգացել է սոցիոլոգիական գիտությունը, հատկապես կոնկրետ սոցիոլոգիական ուսումնասիրությունները: 1957–ին կազմակերպվել է Հունգարական ԳԱ փիլիսոփայության ինստ–ը: Փիլիսոփայության ուսումնասիրման կենտրոններ են նաև համալսարանների ֆակուլտետները: Փիլ. հոդվածները հրատարակվում են «Tarsadalmi szemle» (1946–ից), «Magyar Filozofiai» (1957–ից) և այլ ամսագրերում:

Պատմական գիտությունը: Առաջին պատմական երկերը եղել են «Գործք հունգարների» (XI–XII դդ.), որտեղ պատմվում է ժամանակակից Հ–ի տարածքում քոչվոր հունգարների բնակեցման մասին, և այլ ժամանակագրություններ: Հումանիստական պատմագրությունն իր արտացոլումն է գտել Յանոշ Տուրոցիի (XV) «Հունգարների ժամանակագրության» մեջ: Հունգ. թագավորության անկումից (XVI դ.) հետո Հ–ի` Հաբսբուրգների մասում շատ պատմաբաններ ծառայել են արքունիքի շահերին, իսկ օսմանյան տիրույթներում հունգ. պատմագրությունը չի զարգացել: XVIII դ. սկսվել է պատմական փաստաթղթերի հավաքման ու հրապարակման աշխատանքը: Լուսավորության դարը էական ազդեցություն չի ունեցել հունգ. պատմագրության վրա: Հունգ. ազգային պատմագիտության ձևավորման համար որոշիչ է եղել 1848–49–ի հունգ. բուրժ. հեղափոխությունը: 1867–ին կազմակերպվել է Պատմական ընկերությունը, որի գլխավոր խնդիրն էր հայրենի պատմության ուսումնասիրումը, պատմական աղբյուրների հրապարակումը: 1874–ին հիմնվել է պետ. արխիվը: Հնագիտական նյութերի հավաքումն ու դասակարգումը սկսվել է XIX դ. 60–ական թթ.: Ավստրո–Հունգարական միացյալ միապետության ժամանակ (1867–1918) հունգ. պատմագիտությունը խրախուսել է Հաբսբուրգների հետ համաձայնողական քաղաքականությանը, քարոզել ազգայնականություն ևն: XX դ. սկզբին տարածվել են պատմական մատերիալիզմի գռեհկացված տարբերակները, որոնք օգտագործում էին ընդդիմադիր բուրժուա–արմատականները և սոցիալ–դեմոկրատները պաշտոնական պահպանողական պատմագիտության դեմ: Հ–ում մարքսիստական պատմագիտության առաջին ներկայացուցիչն է Է. Սաբոն, որը հունգ. է թարգմանել և հրատարակել Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի մի շարք աշխատություններ: 1919–ի Հունգարական Սովետական Հանրապետության ժամանակ ստեղծվել են Մարքս–Էնգելսի համալսարանը և պատմական մատերիալիզմի ԳՀԻ: Հորթիի կառավարման շրջանում պատմագիտության մեջ տիրապետողը «ոգու պատմություն» իդեալիստական ուղղությունն էր: Հ–ում ժողովրդա–դեմոկրատական իշխանության հաստատումից հետո հունգ. պատմագիտության մեջ հաղթանակեց մարքսիստական աշխարհայացքը: 1949–ին հիմնվեցին Հունգարական ԳԱ պատմության ինստ–ը, Հունգ. բանվորական շարժման պատմության ինստ–ը: Մարքսիստ–պատմաբանների ուսումնասիրման հիմնական թեման դարձան Հ–ի տնտ. զարգացման խնդիրները, բանվոր դասակարգի ու գյուղացիության, ինչպես նաև Հ–ի ազատագրական պայքարի պատմությունը ևն: Հրատարակվեցին Հ–ի պատմությունն ընդհանրացնող աշխատություններ` «Հունգարիայի պատմություն» (1964), «Հունգարական հեղափոխական բանվորական շարժման պատմություն» (1962) ևն:

Տնտեսագիտությունը: Ձևավորվել է XVII դ. վերջերին: 90–ական թթ. տնտեսագիտական աշխատություններում վերլուծվում էր երկրի էկոնոմիկայի իրական վիճակը, հիմնավորվում կապիտալիզմի զարգացմանն ու տնտ. անկախության նվաճմանն ուղղված քաղաքականության սկզբունքները: Մինչև XIX դ. կեսերը ուժեղ էր մերկանտիլիզմի (Մ. Շկերլեց) գաղափարների ազդեցությունը, որոնք երբեմն միահյուսվում էին բուրժ. դասական քաղաքատնտեսության որոշ դրույթների հետ (Գ. Բերզևիցի): Ֆեոդալիզմհ ճգնաժամի խորացման հետևանքով XIX դ. 30–ական թթ. տնտեսագիտության մեջ առաջացան հակաֆեոդալական հոսանքներ (Ի. Սեչենյի, Լ. Կոշուտ), ըստ որոնց, սակայն, բուրժ. բարեփոխումները չէին կապվում երկրի անկախության պայքարի հետ: Դարավերջին տնտեսագիտությունը գռեհիկ, էկլեկտիկ բնույթ էր կրում: Առավել զարգացած էր միայն բուրժ. վիճակագրությունը (Կ. Կելետի) և ուներ միջազգային ճանաչում: Հետազոտություններ էին կատարվում նաև տնտ. (Ի. Աչադի, Կ. Տագանյի), քաղաքատնտեսության պատմությունների (Ա. Կարվաշի, Դ. Կաուց) բնագավառներում: Մարքսիզմը Հ–ում տարածվել է XX դ. սկզբնեբին: Առաջին խոշոր մարքսիստ տնտեսագետը` Ե. Վարգան, զբաղվում էր երկրի կապիտալիստական էկոնոմիկայի և Հունգարական Սովետական Հանրապետության տնտ. քաղաքականության պրոբլեմների մշակմամբ: Հորթիի ֆաշիստական ռեժիմի օրոք (1920–44) մարքսիստական տնտեսագիտական մտքի ծավալումը երկրում գրեթե դադարել է: Այդ տարիներին համեմատաբար թույլ է զարգացել նաև բուրժ. տնտեսագիտությունը: Մարքսիստական տնտեսագիտական մտքի հետագա առաջընթացի հնարավորություններ ստեղծվեցին սոցիալիստական կարգերի հաստատման շնորհիվ: Հ–ում սկսեցին լույս տեսնել մարքսիզմ–լենինիզմի դասականների աշխատությունները, կազմակերպվեցին Քաղաքատնտեսության համալսարանը (1948), Հունգարական ԳԱ տնտեսագիտության ինստ–ը (1954): 1960–ական թթ. տնտեսագիտական հետազոտություններն ուղղված էին պլանավորման գիտական հիմնավորմանը, ժողտնտեսության կառուցվածքի ձևավորմանը, տնտ. ղեկավարման համակարգի կատարելագործմանը, քաղաքատնտեսության պրոբլեմների մշակմանը ևն (Ի. Ֆրիշ, Պ. Էրդեշ, Կ. Սաբո, Ի. Վայդա, Ի. Վարգա և ուրիշներ): 1970–ական թթ. դրանք ընթանում էին երեք ուղղությամբ`

1. տնտ. քաղաքականության վերլուծություն և դրա կատարելագործման հանձնարարականների մշակում,

2. սոցիալիստական ձեռնարկության էկոնոմիկա,

3. համաշխարհային տնտեսության զարգացման կանխորոշման մեթոդաբանություն և դրա գործնական կիրառություն: Տնտեսագիտական հետազոտություններն իրականացնում են Հունգարական ԳԱ ինստ–ները, մինիստրություններին ու գերատեսչություններին առընթեր ԳՀԻ–ները:

Իրավագիտությունը: Հ–ում իրավագիտութունը սկզբնավորվել է ֆեոդալիզմի դարաշրջանում: XVI դ. կազմվել է Իշտվան Վերբյոցիի եռերգությունը, ուր շարադրված էր ֆեոդալական հասարակարգի իրավական համակարգը: Այդ աշխատությունը, ֆեոդալական մնացուկների պահպանման և համակարգված իրավունքի բացակայության պատճառով, ընդհուպ մինչև 1945–ը, հունգ. մասնավոր իրավունքի հիմնական աղբյուրն էր: Հ–ի իրավագիտության զարգացմանը խթանել է Ֆրանսիական մեծ հեղափոխությունը: XIX դ. 1–ին կեսի հունգար իրավաբաններն ու հրապարակախոսները (Ի. Սեչենյի, Լ. Կոշուտ, L. Սալաի, Յո. Էտվեշ) գաղափարապես նախապատրաստեցին 1848–49–ի ազատագրական պայքարը: 1848–49–ից հետո աճում են իրավագիտության գերմանականացման միտումները: XIX դ. վերջին, բուրժ. վերափոխությունների հետևանքով, տարածվեցին իրավունքի պոզիտիվիստական ուղղությունները (Ա. Պուլսկի և ուրիշներ): Հունգարական Սովետական Հանրապետության գոյության ընթացքում փորձեր են արվել իրավունքի բնագավառում տարածելու սոցիալիզմի գաղափարները: Առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմների միջև ընկած շրջանում իրավագիտության մեջ տարածվում են ֆաշիստական գաղափարները: ՀԺՀ հւսստատումից հետո սկսում է ձևավորվել մարքսիստական իրավագիտությունը: Հունգար իրավաբանների հետազոտությունները պետության և իրավունքի սոցիալիստական տեսության (Ի. Սաբո), պետ. իրավունքի (Յա. Բեեր, Ի. Կովաչ, Լ. Սամել), քաղաքացիական (Դ. Չանադի, Դ. Էրշի, Մ. Վիլագի), քրեական (Մ. Կադար), դատավարական (Լ. Նեվաի), աշխատանքային իրավունքի (Ա. Վելտներ) բնագավառներում լայն ճանաչում են ստացել: Հ–ում պետության և իրավունքի բնագավառի հետազոտական կենտրոններն են` Հունգարական ԳԱ պետության և իրավունքի ինստ–ը, Բուդապեշտի և այլ քաղաքների համալսարանների իրավաբանական ֆակուլտետները, քրեագիտության համա–հունգարական ինստ–ը: Հրատարակվում են մի շարք իրավագիտական ամսագրեր:

Գիտական հիմնարկները: Բարձրագույն գիտական հիմնարկը Հունգարական գիտությունների ակադեմիան է, որի կազմի մեջ մանում են տարբեր ԳՀԻ–ներ: Գիտության և տեխնիկայի տարբեր բնագավառներում գիտահետազոտական աշխատանք են կատարում մի շարք մասնագիտական ինստ–ներ: Գիտ. քաղաքականության ընդհանուր ղեկավարությունն իրագործում է ՀԺՀ կառավարության գիտության կոմիտեն: Գիտական հիմնարկներն անմիջականորեն ղեկավարում են Հունգարական ԳԱ և Տեխնիկական զարգացման հունգ. կոմիտեն, ինչպես նաև համապատասխան մինիստրությունները: Գիտական հիմնարկներում աշխատում է 65 հզ. մարդ: Մամուլը, ռադիոհաղորդումները, հեռուստատեսությունը: Հ–ում պարբերական մամուլն սկսել է լույս տեսնել Х VIII դ. սկզբից: «Մերկուրիուս Հունգարիկուս» («Mercurius Hungaricus») առաջին թերթը հրատարակվել է 1705–1710–ին: 1918–ին լույս է տեսել ՀԿԿ օրգան «Վյորյոշ ույշագ» («V ros Ujsag») թերթը: Կարևորագույն օրաթերթերն են` «Նեպսաբադշագ» («N pszabads g», 1942–ից, ՀՍԲԿ ԿԿ օրգան), «Նեպսավա» («N pszava», 1872–ից), «Մադյար նեմզետ» («Magyar Nemzet», 1945–ից), «Մադյար Հիրլապ» («Magyar Hirlap», 1968–ից): Շաբաթաթերթերն են` «Նյոկ լապյա («N k Lapja», 1949–ից), «Էլետ էշ իրոդալոմ» («Elet es Irodalom», 1957–ից), «Սաբադ Ֆյոլդ» («Szabad F ld», 1945–ից), «Մադյար իֆյուշագ» («Magyar Ifj s g», 1957–ից): Ամսագրերն են` «Պարտելետ» («Part let», 1956–ից), «Տարշադալմի սեմլե» («Tarsadalmi Szemle», 1946–ից), «Կորտարշ» («Kort rs», 1957–ից): Հունգարական հեռագրական գործակալությունը («Magyar T virati Iroda») հիմնվել է 1880–ին: Ռադիոհաղորդումները տրվում են 1925–ից, արտասահմանյան հաղորդումները` 8 լեզվով (անգլ., էսպերանտո, գերմ., իտալ., իսպան., հուն., թուրք., հունգ.): Հեռուստատեսությունը գործում է 1958–ից:

Գրականությունը: Մեզ հասած ամենահին գրավոր հուշարձանները (լատ.) վերաբերում են XI– XII դդ. (վարքագրություն, քարոզ, Աստվածաշնչի մեկնություն, պատարագ): Միջնադարյան գրականության կարևոր ստեղծագործություններ են եղել XI–XIV դդ. ժամանակագրությունները: XIII– XIV դդ. ստեղծված հունգարալեզու կրոնական գրականությունը վերելք է ապրել XV դ. 30–ական թթ.: Հումանիստական մշակույթի, հակաֆեոդալական հայրենասիրական տրամադրությունների հետ էր կապված Ռեֆորմացիայի գրականությունը, որ զարգացել է հունգ.: XVI դ. 2–րդ կեսին երևան է եկել վերածննդի արձակը: Այդ ժամանակի ամենակարևոր քնարերգուն է Բ. Բալաշին (1554–94): XVII դ. հունգարական գրականության մեջ հաստատվել է բարոկկո ոճը, որն արտահայտում էր տարատեսակ ձգտումներ` հակառեֆորմացիոն–ֆեոդ. և ազատագրական, հակաթուրք. ու հակահաբսբուրգյան: Հունգ. բարոկկոյի հիմնադիրը եղել է էստերգոմի արքեպիսկոպոս, ճիզվիտ և աստվածաբան–բանավիճող Պ. Պազմանը (1570–1637), իսկ խոշորագույն բանաստեղծը` քաղաքագետ և զորավար Մ. Զրինյին (1620–64): Հունգ. լուսավորականության, գրականությունը (XVIII դ. վերջ –XIX դ. սկիզբ) որոշ ընդհանուր գծեր ունի Արևելյան Եվրոպայի մյուս երկրների գրականությունների հետ: Ժող. պոեզիայի և ազգային անցյալի մեջ է իր համար հող փնտրել ռոմանտիզմը, որի ծաղկումն ուղեկցվել է ռեալիզմի զարգացումով: 1848–49–ի հեղափոխության տրիբուն Շ. Պետեֆիի (1823–49) բանաստեղծություններում ռոմանտիկական ու ռեալիստական միտումները հասել են բարձրակետին` ստանալով հեղափոխական–դեմոկրատական բովանդակություն: 1849–ից հետո ստեղծված ծանր ժամանակը ողբերգականությամբ է տոգորել ռեալիստ Յա. Արանի (1817–82) պոեզիան, Ի. Մադաչի (1823–64) փիլ. ռոմանտիկան: Պատմական սահմանափակությունը կամ իդեալների ուտոպիականությունը, ռոմանտիկական հնացած ձևերը հաճախ իջեցրել են Մ. Յոկաիի (1825–1904) հայրենասիրական հանրաճանաչ վեպերի գեղարվեստական արժեքը, թուլացրել բուրժուա–ազնվականական հասարակության տաղանդավոր մերկացնող Կ. Միկսատի (1849–1910) ռեալիստական երգիծանքը: XIX դ. վերջի–XX դ. սկզբի առաջադեմ գրողները գեղարվեստական այլ ուղի են որոնել: Դժգոհությունը, բողոքը ավելի ու ավելի ուժեղ են հնչում Յա. Վայդայի (1827–97), Դ. Ռեվիցկու (1855–89), Ե. Կոմյատի (1858–95) քնարերգության մեջ: Ֆրանս. և գերմ. նատուրալիզմի, ֆրանս և ռուս, քննադատական ռեալիզմի նվաճումները գեղարվեստորեն վերաիմաստավորել են Շ. Բրոդին (1863–1924), Ժ. Մորիցը (1879–1942) և ուրիշներ` արձակը հարստացնելով հասարակության «հատակի» թեմատիկայով, սոցիալ–հոգեբանական դրամատիգմով: «Nyugat» հանդեսի (1908–41) շուրջը համախմբված շատ գրողներ` Է. Ադին (1877–1919), Մ. Կաֆկան (1880–1918), Դ. Յուհասը (1883–1937), Ա. Տոտը (1886–1928) իրենց հակակապիտալիսսական խռովքը, սոցիալ–հումանիստական, երբեմն էլ հեղափոխական (Է. Ադի) սպասումներն արտահայտում էին իմպրեսիոնիստական ու սիմվոլիսաական միջոցներով: 1919–ին Հունգարական Սովետական Հանրապետության պարտությունից հետո հունգար գրողների մի մասը հարկադրված եղավ թողնել երկիրը: Վտարանդի գրողները (Արևմտյան Եվրոպայում և ՍՍՀՄ–ում) էքսպրեսիոնիզմից, սիմվոլիզմից, քննադատական ռեալիզմից (տվյալ երկրի հեղափոխական գրողների հետ մեկտեղ) հանգում են արդեն սոցիալիստական հումանիզմի և կոմունիստական գաղափարախոսության վրա հիմնված ռեալիզմին: Բուն Հ–ում ավանգարդիզմը ներկայացնում է Լ. Կաշակը (1887–1967): Քննադատական ռեալիզմն ամրապնդվում է սոցիալապես սուր և առավել փաստագրական, ինչպես նաև ինտելեկտուալ– հոգեբանական ձևերի մեջ: Որոշ գյուղագիրներ չխուսափեցին հետադիմական ազգայնական գադափարների ազդեցությունից, «ուրբանիստները»` ծայրահեղ ինդիվիդուալիզմից: Մնացածները XX դ. 30–40–ական թթ. շատ թե քիչ հետևողական հակաֆաշիստական (Մ. Բաբիչ, 1883–1941, Լ. Նադ, 1883–1954, Ե. Տերշանսկի, 1888–1969, Մ. Ռադնոտի, 1909–1944, Դ. Իյեշ, ծն. 1902), սոցիալիստական (Յո. Դարվաշ, ծն. 1912, Շ. Ռիդեգ, 1903–1966) և նույնիսկ կոմունիստական (խոշոր բանաստեղծ Ա. Յոժեֆ, 1905–37) դիրք գրավեցին: Ժող. Հ–ի գրականության գլխավոր փուլերն են. 1945–49` դեկադենտական, մոդեռնիստական վերապրուկների և ազդեցությունների դեմ, ռեալիստական գեղագիտության համար պայքարի շրջան. 1949–56` սոցիալիստական ռեալիզմի առաջին հաջողությունների շրջան. 1957–ից` արդ. շրջան, երբ հունգ, սոցիալիստական գրականությունը շարունակում է հասունանալ ու հարստանալ: Ժամանակակից Հ–ի արձակում արտացոլվում են արդի իրականության կոնֆլիկտները, նոր մարդու, նրա գիտակցության ու բնավորության ձևավորման տարբեր կողմերը: 1960–ական թթ. ստեղծագործություններից սոցիալական վերլուծության սրությամբ, ձևի հարստությամբ, հոգեբանական ու փիլ. խորությամբ աչքի են ընկնում Յո. Իյեշի, Ի. Շիմոնի (ծն. 1926), Մ. Վացիի (1924–1970), Գ. Գարաիի (ծն. 1929) քնարերգությունը, Յո. Դարվաշի «Հարբած անձրև» (1963) վեպը, Դ. Ֆեկետեի (ծն. 1922) «Բժշկի մահը» (1963), Ֆ. Շանտայի (ծն. 1927) «Քսան ժամ» (1964), Ի. Էրկենի (ծն. 1912) «Տոտերի գերդաստանը» (1966) վիպակները: 1970–ական թթ. հունգար գրողների ուշադրությունը գրավում են սոցիալիստական բարոյականության ձևավորման և ազգային ինքնագիտակցության հարցերը (Շ. Վեերել, Էրժեբեթ Գալգոցի, Ա. Կերտես, Ֆ. Յուհաս, Ի. Էրկեն): Այս շրջանում բարձր է հետաքրքրությունը սոցիոլոգիական գրականության նկատմամբ: Ավելի խորն են արտացոլվում հասարակական կյանքի փոփոխությունները (Ի. Հալ Դ. Հերնադի, Մ. Ալմաշ, Յո. Բալաժ, Ա. Գնրգեյ, Է. Յանիկովսկի, Գ. Բելա Նեմետ): Տասնամյակի վերջերին տարբեր տարիքի գրողներ աշխատել են առաջի նհերթին պատկերել իրենց այսօրը` չխուսափելով նրան բնորոշ հակասություններից: Դ. Իյեշը, Է. Կոլոժվարի Գրանպիեռը և ուրիշներ իրենց վեպերում ցույց են տվել հունգարների մի քանի սերնդի ճակատագիրը: Համեմատաբար երիտասարդ գրողներին (Գ. Բերեմենի, Պ. Նադաշ) ավելի է հետաքրքրել ազգային պատմությունը: Նոր գործերով աչքի են ընկել Մ. Ապատին, Ի. Չասարը, Էրժեբեթ Հազդագը, Է. Իյեշը, Դ. Կարդոշը, Դ. Տանդորին և ուրիշներ: Գրականագիտությունը սկզբնավորվել է XVIII դ., վերելք ապրել XIX դ. 1–ին կեսին: XIX դ. 2–րդ կեսին –XX դ. սկզբին զարգացել է պոզիտիվիստական դպրոցը: Կոմունիստական գրաքննադատության և գրականագիտության բնագավառում հայտնի են Դ. Լուկաչը, Յո. Ռևաին, Դ. Բյոլյոնին, Դ. Բալինտը: Ներկայումս Հ–ում գրականության տեսության ու գրականության պատմության մշակմամբ զբաղված են Ա. Ալմաշին, Ի. Հերմանը, Ա. Դիոսեգրն, Լ. Կարդոշը և ուրիշներ:

Ճարտարապետությունը և կերպարվեստը: Հ–ի տարածքում պահպանվել են նոր քարեդարյան կավե քանդակներ, սկյութների և կելտերի արվեստի հուշարձաններ: Բազմաթիվ քաղաքներ և հուշարձաններ Հռոմ. բնակավայրերում (Աքվինկ, Սկարբանցիա ևն) հայտնաբերվել են մենատների, ամֆիթատրոնների, որմնանկարների, խճանկարների մնացորդներ, արձաններ, սկահակներ, ապակե իրեր: IX դ. Հ–ի տարածքում վերաբնակված հունգարները բերել են մետաղամշակման ավանդույթներ: XI–XIII դդ. կառուցվել են ռոմանական ոճի եկեղեցիներ (բագիլիկներ Պեչում, Ժամբեկում, Լեբենիում): Քանդակային հարուստ հարդարանքով ուշագրավ է Յակի տաճարը (1220–56): Նրբագեղությամբ առանձնանում է Էստերգոմի վաղ գոթական պալատական կապելլան: XII դ. ծաղկում է ապրել Պեչ քաղաքի քանդակագործական արվեստանոցը: XI–XII դդ. դեկորատիվ արվեստը ներկայանում է ոսկերչական իրերով, արծնով, գործվածքով: Х III–XV դդ. կառուցվել են գոթական եկեղեցիներ (Շոպրոնում, Պեշտում), բարձր պատերով ու աշտարակներով կանոնավոր (Դիոշդյոր) և անկանոն (Վիշեգրադ) հատակագծերով դղյակներներ: Մարտոն և Դյորդ Կոլոժվարի եղբայրները ստեղծել են (XIV դ. 2–րդ կես) հունգար թագավորների և սրբերի տպավորիչ արձաններ: Արվեստը բարձր զարգացման է հասել Մատյաշ Հունյադի թագավորի օրոք (XV դ. 2–րդ կես), տարածվել է Վերածննդի մշակույթը (հատկապես քանդակագործությունը): Հ–ում վերածննդի ուրույն ճարտ. ձևավորվել է XVI դ., երբ երկրի մշակութային կենտրոն է դարձել Էստերգոմը (լավագույն կառույցներից է Բակոցեն կապելլան, 1506–07): Վերելք են ապրել որմնանկարչությունը, դեկորատիվ արվեստը, գրքի նկարազարդումը: Թուրք, արշավանքները խոչընդոտել են հունգ. մշակույթի առաջընթացին, բազմաթիվ քաղաքներ և հուշարձաններ ավերվել են: XVII դ. վերջից Հ–ի արվեստում ուժեղացել է ավստր. մշակույթի ազդեցությունը, որն արտահայտվել է բարոկկո ոճի տարածմամբ: Հիմնականում կառուցվել են եկեղեցիներ և մագնատների պալատներ (Ռացկնի պալատը, 1700––1702, ճարտ. Յա. Լ. Հիլդեբրանդ, Պեշտի, Էգերի, Էստերգոմի եկեղեցիները): XVIII դ. սկզբին, ժոդովրդական–ազատագրական շարժման վերելքի շրջանում, գեղանկարիչ Ա. Մանյոկին սկզբնավորել է հունգ. դիմանկարչությունը: XVIII դ. կեսին բարոկկոյի ճարտ. Հ–ում ծաղկում է ապրել` ձեռք բերելով ավելի զուսպ ձևեր (ճարտ. Ա. Մայերհոֆերի կառուցած պալատները Գյոդյոլյոյում և Պեշտում, Էստերհազիի պաւատը Ֆերտյոդում, 1760–1772): XIX դ. սկզբից ճարտ. և քանդակագործության մեջ իշխողը կլասիցիստական ոճն էր: 1850–60–ական թթ. առաջին պլան է մղվել ազգային–ազատագրական գաղափարներով տոգորված պատմանկարչությունը: Զարգացել է գրաֆիկան (Մ. Զիչի) և քանդակագործությունը (Մ. Իժո): Առաջատար դեր է խաղացել ժանրային ռեալիստական գեղանկարչությունը: Հունգար խոշորագույն նկարիչ–դեմոկրատ Մ. Մունկաչիի ստեղծագործություններին բնորոշ է հոգեբանական խորությունն ու դրամատիզմը: XIX դ. վերջին կազմավորվել են Բուդապեշտի ճարտ. կերպարի բնորոշ գծերը` լայնահուն պողոտաներ, նեոգոթիկոյի, նեոբարոկկոյի, նեոռենեսանսի ոճերով կառուցված շենքեր (Պառլամենտը, 1884–1904, ճարտ. Ի. Շտեյնդլ, Օպերային թատրոնը, 1875–84, ճարտ. Մ. Իբլ): XIX–XX դդ. սահմանագծին երևան է եկել «մոդեռն» ոճը (Կիրառական արվեստի թանգարանը Բուդապեշտում, 1893–96, ճարտ. Է. Լեռներ): Բուդապեշտի հրապարակներում և պուրակներում կանգնեցվում են հուշարձաններ (Հունգարիայի 1000–ամյակի ճարտարապետական–քանդակագործական համալիրը, քանդակագործ` Դ. Զալա): 1900–10–ական թթ. հունգ. արվեստը շարունակել է ազգային մշակույթի դեմոկրատական ավանդույթները (հայազգի Շ. Հոլոշի, Կ. Ֆերենցի, Յա. Տորմա): Ա. Ֆենյեշի և Լ. Մեդնյանսկու ժանրային նկարները առանձնանում են հոգեբանական նրբագծերի հարստությամբ: Ֆրանս. «Նաբի» խմբավորմանը մոտ է դիմանկարիչ և ժանրիստ Յո. Ռիպլի–Ռոնաին: Ավանգարդիստական «Ութ» խմբավորման նկարիչները դիմել են էքսպրեսիոնիզմի և սեզանիզմի հնարքներին (Կ. Կեռնշտոկ, Ռ. Բերեն): 1915–1916–ին հանդես են եկել «հունգարացի ակտիվիստներ» հակամիլիտարիստական խմբավորման նկարիչները (Բ. Ուիտց, Շ. Բորտնիկ և ուրիշներ): Հ–ի գեղարվեստական կյանքում կարևոր դեր է խաղացել Հունգարական Սովետական Հանրապետության ստեղծումը (1919): Ֆաշիստական կարգերի հաստատումից հետո մի շարք հունգար արվեստագետներ հեռացել են Հ–ից: Երկրում ստեղծագործէլ են նկարիչներ Դ. Դերկովիչը, Ի. Դեշի–Հուբերը, քանդակագործներ Դ. Գոլդմանը, Լ. Մեսերոշը, ինչպես նաև 1934–ին ստեղծված «Սոցիալիստական նկարիչների խումբը»: Արվեստի պաշտոնական ուղղություններ են դարձել նատուրալիզմը, ակադեմիզմը և նեոբարոկկոն: Ճարտ–յան մեջ առաջադիմական էին Բ. Լայտայի ֆունկցիոնալիստական կառույցները, քանդակագործության ասպարեզում` Ֆ. Մեդյեշիի, Բ. Ֆերենցիի և Դ. Բոկրոշ–Բիրմանի, գեղանկարչության ոլորտում` Վ. Աբա–Նովակի ռեալիստական աշխատանքները: Հ–ում ժողովրդա–դեմոկրատական կարգերի հաստատումից հետո, շինարարության բուռն վերելքի հետ, զարգացել է մոնումենտալ արվեստը: Ժամանակակից ճարտ–յանը բնորոշ են հատակագծման նպատակայնությունը, պարզ ծավալների, բազմազան ձևերի զուգորդումը, հարդարանքում քանդակագործության, խճանկարչության, որմնանկարչության ևն կիրառումը: Լավագույն կառույցներից են` Բուդապեշտի ժողովրդական ստադիոնը (1948–53, ճարտ. Կ. Դավիդ և ուրիշներ), Շինարարական արդյունաբերության աշխատողների արհմիության տունը (1948–1949, ճարտ. Լ. Գադորոշ և ուրիշներ), Էրժեբետ կամուրջը (1965, ճարտ. Պ. Շալի) ևն: Շինարարությունը լայն թափ է ստացել ինչպես հին (Միշկոլց, Դյոր), այնպես էլ նոր (Դունաույվարոշ, Կոմլո, Տիսապալկոնիա ևն) քաղաքներում, Բալասան լճի առողջավայրերում: Նոր քաղաքներն ունեն ռացիոնալ, ազատ հատակագծում, բնակելի թաղամասերը ուշագրավ են աշտարակային տիպի և հորիզոնական ձգված տների ռիթմիկ համադրությամբ: Իրականացվում է Բուդապեշտի վերակառուցումը, բարեկարգվում են քաղաքի հին և նոր շրջանները: ՀԺՀ կերպարվեստում նշանակալի է ազգային ռեալիստական ավանդույթները շարունակող ավագ սերնդի վարպետների գործունեությունը (գեղանկարիչ` Ի. Սյոնյի, քանդակագործ` Ժ. Կիշֆալուդի–Շտրոբլ): Մեծ տարածում է գտել պատմահեղափոխական և սոցիալիստական շինարարության թեմատիկան: Նվաճումներ են արձանագրվել մոնումենտալ արվեստում: 1960–ական թթ. արվեստին բնորոշ է գեղարվեստական որոնումների բազմազանությունը. ժողովրդին հոգեհարազատ աշխատանքների ստեղծումը (Ի. Դ. Կուրուց, Մ. Շոմոշ): Միաժամանակ վերջին տարիների արվեստում նկատելի է ձգտումը դեպի հուզա–արտահայտչական լուծումները (գեղանկարիչ` Տ. Դուրաի, քանդակագործ` Յո. Շոմոդյի, գրաֆիկ` Բ. Կոնդոր), սիմվոլիզմի և սյուրռեալիզմի տարրերի առկայությունը: Ֆ. Մարտինի գեղանկարչությանը և Յո. Բարչայիի մոնումենտալ խճապատկերներին բնորոշ են դեկորատիվ–վերացական և կառուցողական որոնումները: Խոշոր նվաճումներ են արձանագրվել քանդակագործության ասպարեզում (Ե. Կերենյի, Ի. Կիշ) և դեկորատիվ արվեստում (Մ. Կովաչ, Ն. Ֆերենցի):

Երաժշտությունը: Հ–ի երաժշտական մշակույթը սկզբնավորվել է երաժշտական հարուստ բանահյուսության հիման վրա: Հունգար ժող. երգասացների (էպիկական երգեր, բալլադներ) մասին առաջին տեղեկությունները վերաբերում են X դ.: Քրիստոնեության ընդունումից (X դ.) հետո հունգ. երաժշտության զարգացման վրա մեծ ազդեցություն է գործել գրիգորյան խորալը: XIII դ. սկսել է գարգանալ պրոֆեսիոնալ երաժշտական արվեստը: XV դ. Բուդայում և եպիսկոպոսների խոշոր պալատներում գոյություն են ունեցել կապելլաներ: Չնայած օսմանյան արշավանքների հարուցած խոչընդոտներին, այդ շրջանում երևան են եկել առաջին աշխարհիկ երաժշտական երկերը (հունգ. տեքստերով ժողովածուներ): Ռեֆորմացիայի շրջանում տարածվել է հունգ. հոգևոր երգը: XVII–XVIII դդ. հունգ, արիստոկրատական շատ տներ ունեին գործիքային և երգչախմբային կապելլաներ (օրինակ, իշխան Պ. Էստերհազիի նշանավոր կապելլան Յո. Հայդնի ղեկավարությամբ): Արևմատեվրոպական ազդեցությամբ զարգացել է քաղաքային երաժշտական կյանքը: Հունգ, առաջին երաժշտա–բեմական ստեղծագործության հեղինակն է Գ. Մատրաին («Դյորդ Չեռնի», 1812): XVIII դ. վերջին քաղաքային միջավայրում ծագէլ է պարային գործիքային երաժշտության, այսպես կոչված, վերբունկոշ ոճը, որը XIX դ. կեսերին դարձել է հունգ. ռոմանտիզմի հիմնական ոճը, օգտագործվել խոշորագույն կոմպոզիտորների (Հայդն, Մոցարտ, Բեթհովեն, Բրամս, Լիստ և ուրիշներ) երկերում: Վերբունկոշին բնորոշ տարրերի մշակման հիման վրա Յո. Ռուզիչկան ստեղծել է հունգ. առաջին օպերան («Բելայի փախուստը», 1822): XVIII դ –XIX դ. սկզբին Հ–ի երաժշտական արվեստում երևան են եկել ազգային միտումներ, որոնք առավել վառ արտահայտվել են ռոմանտիկական ազգային օպերայում (հիմնադիրն է Ֆ. Էրկելը): 1834–ին ստեղծվել է առաջին, այսպես կոչված, Ազգային երաժշտական դպրոցը, որի հիման վրա Ֆ. Լիստը 1875–ին հիմնադրել է Երաժշտական ակադեմիա (պրեզիդենտ` Ֆ. Լիստ, դիրեկտոր` Ֆ. Էրկել, 1918–ից` Ֆ. Լիստի անվ. երաժշտական արվեստի բարձրագույն դպրոց): 1837–ին Պեշտում հիմնադրվել է օպերային թատրոն, 1840–ին` Ազգային կոնսերվատորիա, 1853–ին` Ֆիլհարմոնիկ ընկերություն: Հունգ, ազգային երաժշտական մշակույթի զարգացմանը մեծապես նպաստել է Ֆ. Լիստի ստեղծագործական և հասարակական գործունեությունը: Ազգային երաժշտական ավանդույթները զարգացրել է Մ. Մոշոնին (երկու օպերա, վոկալ–սիմֆոնիկ ստեղծագործություններ): XIX դ. վերջին հանդես են եկել նշանավոր կատարողներ, հատկապես հռչակված էր ջութակի հունգ. դպրոցը (Է. Ռեմենյի, Ե. Հուբաի և ուրիշներ): Հ–ում են ծնվել և գործել նշանավոր ջութակահարներ Յո. Յոահիմը, Մ. Հաուզերը, Լ. Աուերը, դաշնակահարներ Ա. Սեկեյը, Ա. Սենդին, դիրիժորներ Գ. Ռիխտերը, Ա. Նիկիշը: XX դ. 1–ին կեսին համաշխարհային ճանաչում ստացան Ֆ. Լեհարի և Ի. Կալմանի օպերետները: Հունգ. նոր երաժշտությունը (XX դ. սկիզբ) կապված է Բ. Բարտոկի և Զ. Կոդայի գործունեությանը: 1945–ից Հ–ի երաժշտական կյանքը նշանավորվում է ազգային–դեմոկրատական մշակույթի ընդհանուր վերելքով, ինքնագործ արվեստի (երգչախմբեր, փողային և սիմֆոնիկ նվագախմբեր, պարային կոլեկտիվներ) և երաժշտական կրթության զարգացումով: Ժամանակակից կոմպոզիտորներից են` Պ. Կադոշան, Ռ. Մարոշը, Ա. Միհայը, Է. Սերվանսկին, Ֆ. Ֆարկաշը, Շ. Սոկոլային, Դ. Կուրտագան, Ֆ. Սաբոն: Երաժշտական մշակույթի կենտրոնը Բուդապեշտն է, որտեղ գործում են` Ֆ. Լիստի անվ. Հունգ. ազգային երաժշտական ակադեմիան, Բ. Բարտոկի անվ. կոնսերվատորիան, Հունգ. օպերային թատրոնը և Օպերետայի մայրաքաղաքային թատրոնը, սիմֆոնիկ նվագախմբեր, ժող. պարի պետ. անսամբլը, «Բուդապեշտ» պարային անսամբլը, պրոֆեսիոնալ և սիրողական բազմաթիվ կոլեկտիվներ, հունգար երաժիշտների ասոցիացիան (1949), Հունգարական ԳԱ–ին կից ժող. երաժշտության բաժանմունքը (1953), «Բարտոկի արխիվ» ընկերությունը (1961), երաժշտության ինստ. (1969) ևն: Երաժշտական կյանքի նշանավոր կենտրոններ են նաև Պեչը, Սեգեդը, Դեբրեցենը, Միշկոլցը: Ժամանակակից նշանավոր երաժիշտ–կատարողներից են` դիրիժոր Յա. Ֆերենչիկը, դաշնակահարուհի Ա. Ֆիշերը, ջութակահարներ Դ. Կովաչը և Վ. Տատրաին, օպերային երգիչ–երգչուհիներ Ա. Ֆարագոն, Դ. Մելիշը, Մ. Լասլոն, Օ. Սենին, օպերետային` Ռ. Ռատոնյին, Պ. Կերտեսը, Է. Դալամբոշը, երաժշտագետներից և երաժշտական քննադատներից` Բ. Սաբոլչին, Ա. Մոլնարը և ուրիշներ:

Բալետը: Հ–ում բալետային ներկայացումներ կազմակերպվել են 1839–ից: Ազգային սյուժեներով բալետներ ստեղծվել են XIX դ. 90–ական թթ.: 1920–30–ական թթ. Բ. Բարտոկի և Զ. Կոդայի բալետային երաժշտության հիման վրա Դ. Հարանգոզոն բալետային ներկայացումներ է ստեղծել: 1945–ից հետո Հ–ում ստեղծվել են բազմաթիվ ազգային բալետներ, այդ թվում` Ե. Կենեշեիի «Հարսնացուի թաշկինակը» (1951): Մեծ ուշադրություն է դարձվում ժող. պարի զարգացմանը: Ամենախոշոր բալետային խումբը գործում է Հունգ. օպերային թատրոնում (Բուդապեշտ). 1960–ից Պեչում գործում է Ի. Էկի ղեկավարած բալետային խումբը: Բալետի առաջատար դերասաններից են` Բ. Բորդին, Ի. Օտրուբաին, Կ. Սալաին, Վ. Ռոնան, Ժ. Կունը և ուրիշներ: 1950–ին Բուդապեշտում բացվել է Բալետային արվեստի ինստ.:

Թատրոնը: Հունգ. թատերարվեստը արմատներով կապված է քոչվոր հունգարների հեթանոսական ծեսերին: Քրիստոնեության ընդունումրց հետո կաթոլիկ եկեղեցին արմատախիլ է արել հին մշակույթի տարրերը և փորձել երկրում արմատացնել լիթուրգիական դրաման: Հունգ. դրաման ծնունդ է առել Ռեֆորմացիայի տարիներին: 1790–ին կազմակերպվել է առաջին պրոֆեսիոնալ թատրոնը (Պեշտ): 1792–ին սկսել է գործել Ֆեյեր եղբայրների թատրոնը (Կլուժ, Տրանսիլվանիա): XIX դ. սկզբին մեծ տարածում է գտել «շրջիկ» թատրոնը, որը լուսավորական նպատակներ ուներ, պայքարում էր հունգարերենի ճանաչման, ազգային մշակույթի զարգացման համար: XIX դ. 1–ին կեսին գրվել են ազգային–ազատագրական թեմայով ռոմանտիկական դրամաներ: 1837–ին բացվել է Պեշտի հունգ. թատրոնը (1840–ից` Հունգ. ազգային թատրոն), որն արագացրել է ազգային թատերարվեստի զարգացումը: Այդ թատրոնի առաջադեմ դերասաններից էին Գ. Էգրեշին, Մ. Լենդվաին, Ռ. Լաբորֆալվին և ուրիշներ: Կապիտալիզմի զարգացումը ուժեղացրել է բուրժ. մշակույթի ազդեցությունը հունգ. թատրոնի վրա այդ շրջանում: Դեմոկրատական ավանդույթների միակ պահպանողը Ազգային թատրոնն էր, որը մեծ վերելք է ապրել 1878–94–ին, երբ այնտեղ աշխատում էին ռեժիսոր (նաև դիրեկտոր) Է. Պաուլաին, դրամատուրգ Գ. Չիկին և ողբերգակ դերասանուհի Մ. Յասաին: XIX դ. 6070–ական թթ. մայրաքաղաքում և գավառներում բացվել են նոր թատրոններ` Բուդայի ժող. թատրոնը (1861–64, 1867–70), Պեշտի «Նեպսինհազը» (1875), Բուդապեշտի «Վիգսինհազը» (1896) ևն: XX դ. սկզբին ռեժիսոր Շ. Հևեշին կազմակերպել է նորարարական «Տալիա» թատրոնը (1904–08): Ժողովրդա–դեմոկրատական կարգերի հաստատումից հետո Հ–ում նոր պայմաններ են ստեղծվել ազգային թատերարվեստի զարգացման համար: 1949–ին Հ–ի բոլոր թատրոնները ազգայնացվել են: Բացվել են նոր` Երիտասարդական, Տիկնիկային, Շրջիկ և այլ թատրոններ, ուր բեմադրվել են ինչպես ժամանակակից հունգար դրամատուրգներ Լ. Նեմետի, Է. Ուրբանի, Յո. Դարվաշի և այլոց գործերը, այսպես էլ սովետական պիեսներ: Հունգ. թատրոնում ռեալիստական ավանդույթների ամրապնդմանը նպաստել է ռեժիսոր է. Գելերտը` բեմադրելով Ա. Չեխովի և Մ. Գորկու պիեսները: Հ–ում գործում է (1970) 33 (19–ը` Բուդապեշտում) դրամատիկական թատրոն: 1950–70–ական թթ. առաջատար դերասաններից են` Մ. Գաբորը, Շ. Պեչին, Հ. Գոբին, Տ. Մայորը, Կ. Լատաբարը և ուրիշներ: Բուդապեշտում ստեղծվել է թատրոնի ԳՀԻ (1958), ինչպես նաև Թատրոնի և կինոյի ինստ.:

Կինոն: XIX դ. վերջին Հ–ում թողարկվել են առաջին փաստագրական ֆիլմերը: 1901–ին նկարահանվել է առաջին խաղարկային «Պար» (ռեժիսոր` Բ. Ժիտկովսկի) ֆիլմը, 1912–ից սկսվել է կանոնավոր կինոարտադրությունը: Երկու համաշխարհային պատերազմների միջև ընկած ժամանակաշրջանում հունգ. կինոարվեստի վրա ազդել է ամերիկյան շահութաբեր կինոարտադրանքը: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին թողարկվել են ազգայնական և ֆաշիստական տեսակետներ պրոպագանդող ֆիլմեր: Երկրի ազատագրումից հետո ուղիներ են բացվել կինոյի գեղարվեստական զարգացման համար: 1947–ին ստեղծվել է «Ինչ–որ տեղ Եվրոպայում» (ռեժիսոր` Գ. Ռադվանյի) հակապատերազմական թեմայով նշանավոր կինոնկարը: Ազգայնացված (1948) կինեմատոգրաֆիայի խոշոր նվաճումներից էր «Մի թիզ հող» (1948, ռեժիսոր` Ֆ. Բան) ֆիլմը: 1950–ական թթ. կինոստեղծագործությունների մեծ մասին բնորոշ էր սխեմատիզմը, իսկ 60–ական թթ. ֆիլմերին` հարցադրումների սրությունը, ճշմարտացիությունը: Կարևոր խնդիրներ է շոշափում «20 ժամ» (1964, ռեժիսոր` Զ. Ֆաբրի), մարդկային բարդ փոխհարաբերություններ են վերլուծում «Հորձանուտում» (1963, ռեժիսոր` Ի. Գաալ) և «Հայրը» (1966, ռեժիսոր` Ի. Սաբո) կինոնկարները: XIX դ. վերջի հունգ. հասարակության կյանքը, ֆաշիստական տիրապետության տարիներն արտացոլող ֆիլմերից են` «Առանց հույսի» (1965, ռեժիսոր` Մ. Յանչո), «Սառն օրեր» (1966, ռեժիսոր` Ա. Կովաչ) ևն: Կինոյի մասնագետներ է պատրաստում Թատրոնի և կինոյի ինստ–ը (Բուդապեշտ): 1956–ին ստեղծվել է Կինեմատոգրաֆիայի ԳՀԻ (Բուդապեշտ): Տարեկան թողարկվում են 20–25 գեղարվեստական, շուրջ 500 կարճամետրաժ և հեռուստատեսային ֆիլմեր: Ճանաչված կինոդերասաններից են` Շ. Պեչին, Մ. Գաբորը, Ե. Ռուտկաին, Տ. Տորդաին:

Հայերը Հունգարիայում: Հունգ. սկզբնաղբյուրների (ժամանակագիրներ Գյոզա, Տուրոկի) համաձայն, հայերը Հ–ում սկսել են բնակություն հաստատել X– XI դդ.: Հայերի տարածված բնակության մասին են վկայում Հ–ի տարածքում «հայ» կամ «հայկական» բառերից կազմված աշխարհագրական անունները: Ուշագրավ է նաև, որ XIII դ. Կիլիկիայի հայոց թագավոր Լևոն Բ–ի և Հ–ի թագավոր Անդրաշ II–ի միջև կնքվել է բարեկամության դաշինք: XIII դ. Հ–ի մայրաքաղաք Էստերգոմում եղել է հայկ. թաղամաս, որի բնակիչները հունգարացիների հետ 1240– 41–ին կռվել են մոնղոլ–թաթար նվաճողների դեմ: XIII դ. վերջին և XIV դ. հայերի հոսքը Հ. նվազել է, և այդ ժամանակահատվածում հայկ. գաղթավայրեր հիշվում են միայն Բուդայում (տես Բուդապեշտ) և Տրանսիլվանիայի (որը XI դ. Հ–ի կազմում էր) Տըլմաչ, Բրաշով բնակավայրերում: Հայերի հոսք վերստին սկսվել է XV– XVI դդ., երբ շուրջ 3 հզ. հայ ընտանիք փոխադրվել է Տրանսիլվանիա, մասնավորապես` Մոլդովայից, ուր ստեղծվել էր տնտ.–քաղ. ծանր կացություն: Հայերի մեծ մասը հաստատվեց Դյերդյոսենմիկլոշ (այժմ` Գեորգեն) և Չիկսեպվիզ (այժմ` Ֆրումոասա) բնակավայրերում: Տրանսիլվանահայերի հոգևոր կենտրոնը հաստատվեց Բեստերցե (այժմ` Բիստրիցա) քաղաքում: Հիմնվեցին Գեռլա, Եղիսաբեթուպոլիս (այժմ` Դամբըրվեն) հայաքաղաքները, գաղթավայրեր առաջացան Ջուրջովուվ, Դևայում, Օդորհեյում և այլուր: Հայա հոծ համայնքները (Գեռլա, Եղիսաբեթուպոլիս) ունեցել են ներքին ինքնավարություն (քաղաքային վարչություն և դատարան, հայ քաղաքապետ), կառուցել են եկեղեցիներ, հիմնել դպրոցներ, մատենադարան–գրադարաններ, թատրոն: Հայերը, որոնց հիմնական զբաղմունքը արհեստներն ու առևտուրն էին, Տրանսիլվանիայի իշխաններից, Ավստրիայի և ապա Ավստրո–Հունգարիայի կայսրերից ստացել են զանազան արտոնություններ: Լեոպոլդ I հայկ. բնակավայրերը հայտարարել է քաղաքներ (ուր այլազգիները իրավունք չունեին բնակվելու), Կարլոս VI 1726–ին Սամոշույվարին (այժմ` Գեռլա) և 1733–ին Եղիսաբեթուպոլսին շնորհել է թագավորական ազատ քաղաքների իրավունք: 1725–ին արդեն հայկ. բնակավայրերի պատգամավորները հրավիրվել են Կոլոժվարի (այժմ` Կլուժ) պետ. ժողովին, իսկ 1791–իԱ Հ–ի պետ. ժողովը հայերին պաշտոնապես հայտարարել է երկրի լիիրավ քաղաքացիներ: Դարեր շարունակ ապրելով Հ–ում` հայերը մասնակցել են հունգարացիների քաղ., տնտ., մշակութային կյանքին: Հունգարահայերը կռվել են երկիրը օսմանյան լծից ազատագրեյու համար, ակտիվորեն մասնակցել 1848–49–ի հեղափոխությանը, տվել են կամավորներ, կազմել պահակազորքեր, զենք ու սննդամթերք հայթայթել հեղափոխական բանակին, հիմնել հոսպիտալներ: Հեղափոխական մարտերում աչքի են ընկել հայազգի զորավարներ Էռնե Կիշը, Վիլմոշ Լազարը, Յանոշ Ցեցը: Պետ. պաշտոններ են վարել դիվանագետ Պետրոս Ապետիքը (XVII դ.), Իշտվան Կորովեն (առևտրի, ապա` հաղորդակցության մինիստր), Էրնեստ Դանիելը (առևտրի մինիստր, ղեկավարել է 1896–ի Բուդապեշտի համաշխարհային ցուցահանդեսի կազմակերպումը), Լասլո Լուկաչը (առևտրի մինիստր), Գեորգ Լուկաչը (մշակույթի մինիստր), Գերգեյ Շիմաին: Գիտության ու մշակույթի ասպարեզում աչքի են ընկել Գաբրիել Վոլֆը, Անտոն Ցեցը, վիրաբույժ Ադեոդաա Պոտանիուշ–Աբրահամը, Հ–ի համալսարանի ռեկտորի տեղակալ Մարտինոս Չաուշը, բժիշկներ Ստեփան Մալին ու Գրիգոր Իադրուպանյանը, թատերագիր Գերգեյ Չիքին, գրող Մորից Լուկաչը, հայագետ բանաստեղծ Ղուկաս Բադրուպանյանը, նկարիչ Շիմոն Հոլոշին: XIX դ. կեսից, 1848–49–ի հեղափոխության ճնշումից հետո, Ավստրո–Հունգարիայում հայերին սպառնում էր ձուլման վտանգը: Հայ մտավորականների մի խումբ (Խաչիկ Սոնգոտյան, Անտոն Մոլնարյան, Հուլիոս Միրզայան, Վարդան Ըստկարյան, Անտոն Վոյթյան, Գրիգոր Շիմայան, Գրիգոր Գովրիկյան), գիտակցելով ազգային ինքնուրույնության կորստի վտանգը, լայն շարժում սկսեց` նպատակ ունենալով մայրենին մոռացած հայերի մեջ արթնացնել ազգային ինքնագիտակցությունը և դրանով պահպանել հայկ. համայնքը: Այդ նպատակով 1887–ից սկսեց հրատարակվել (մինչև 1907–ը) «Արմենիա» ամսագիրը հունգ., Գեռլայում հիմնադրվեց Հայկական թանգարանը, հրատարակվեցին հայագիտական գրքեր ևն: Շնորհիվ մշակութային և հոգևոր զարթոնքի դանդաղեց ձուլման պրոցեսը: Հունգարահայ համայնքները որոշ աշխուժացում ապրեցին 1915–ի եղեռնից փրկված արևմտահայ գաղթականների գալով: 1919–ին հիմնվեց «Մասիս» ընկերությունը (հրատարակել է «Նոր դար» ամսաթերթը), 1920–ին` «Հունգարիո հայ միությունը», որին առընթեր` «Հունգարհայկական վաճառականական ընկերությունը»: 1945–ին Բուդապեշտում կառուցվեց հայկ. մատուռ: 1979–ին Հ–ում բնակվում էր հայկ. ծագումով շուրջ 8 հզ. մարդ, որոնք (աշխատավորներ, բժիշկներ, գիտնականներ, ճարտարապետներ, նկարիչներ, իրավաբաններ, արվեստագետներ, դերասաններ, երգիչ–երգչուհիներ են) մասնակցում են նոր Հ–ի Ժող. շինարարությանը: Հունգարահայերից հայտնի են Հունգարական ԳԱ իսկական անդամ Բելա Իշեկուցը, մատենագետ Ալեքսանդր Կոզոչայը, երգչուհի Շտեֆանիա Մոլդովանը, երաժիշտ Տիբոր Կոզոչայը, նկարիչ Տիբոր Վակարը: Սերտ են Սովետական Հայաստանի և ժող. Հունգարիայի կապերը, երկու հանրապետությունների տասնյակ ձեռնարկություններ արդյունավետորեն համագործակցում են, եղբայրացել են Հայաստանի և Հ–ի Դյոր Շոպրոնի մարզի աշխատավորները, գիտական համատեղ աշխատանք են կատարում հայ և հունգարացի գիտնականները, փոխադարձ այցելություններով հանդես են գալիս մշակույթի գործիչները, թարգմանվում է երկու ժողովուրդների գրականությունը:

Ս. Քոլանջյան

Գրկ. Գովրիկյան Գ., Հայք Եղիսաբեթուպոլիս Դրանսիլուանիոյ, հ. 1–3, Վնն., 1893–1904: Ալպոյաճյան Ա., Պատմություն հայ գաղթականության, հ. 1–3, Կահիրե, 1941–61: Գևորգյան–Բագի Է., Հայ–հունգարական առնչությունները և «Արմենիա» ամսագիրը, Ե., 1979: Власова Т. В., Венгрия, М., 1948 Маергойз И.М., Экономическая география Венгрии, М., 1956 Усиевич М.А., Развитие социалистической экономики Венгрии, М., 1962 Венгерский статистический справочник 1970, Будапешт, 1970 Нежинский Л. Н., Очерки истории народной Венгрии, М., 1969 Мереи Д., Развитие исторической науки в Венгрии (1945–1964), в кн.: Историография новой и новейшей истории стран Европы и Америки, М., 1968 Очерки истории экономической мысли Венгрии, М., 1962 Кланицаи Т., Саудер Й., Сабольчи М., Краткая история венгерской литературы, Будапешт, 1962 Тихомирова А., Искусство Венгрии IX–XX вв., М., 1961 Светлов И., Современная венгерская скульптура, М., 1968 Кодай 3., Венгерская народная музыка, Будапешт, 1961 Гершкович А.А., Современный венгерский театр, М., 1963 К d г J., Socialist contraction in Hungary, Bdpst, 1962.