Jump to content

ՀՍՀ/ՀՈՒՆԳԱՐՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՈՒՆԳԱՐՆԵՐ (ինքնանվանումը` մաջարներ), ազգ, Հունգարական ժողովրդական Հանրապետության բնակչության 98,2–ը (ավելի քան 10,4 մլն, 1976): Բնակվում են նաև Ռումինիայում (1,6 մլն, որից` 0,6 մլն սեկեյների ազգագրական խումբը), Չեխոսլովակիայում (0,4 մլն), Հարավսլավիայում (ավելի քան 0,5 մլն), ՍՍՀՄ–ում (մոտ 0,2 մլն` Ուկր. ՍՍՀ Անդրկարպատյան մարզում), ԱՄՆ–ում (մոտ 0,2 մլն), Կանադայում (0,1 մլն). Հարավային Ամերիկայում (հիմնականում` Արգենտինայում), ԳՖՀ–ում, Ավստրիայում և այլուր: Խոսում են հունգարերեն: Հավատացյալների մեծ մասը կաթոլիկներ են: Հ–ի ազգության հիմքը կազմել են միջին դարերում (X դ. հետո) Դանուբի ափին բնակված սլավոնների և այլ ցեղերի հետ խառնված մաջարները: Ըստ Հ. Մարկվարտի, Ն. Ադոնցի և այլոց, IX դ. 1–ին կեսին հունգ. ցեղերից մեկը (հայկ. աղբյուրներում` սևորդիներ) գաղթել է Հայաստան և մերվել հայ միջավայրին: Հետագայում (XIV–XIX դդ.) Հ. ներառել են նաև այլ լեզվական ու էթնիկական տարրեր (պոլովցի–կումաններ, գերմանացիներ, գնչուներ ևն): Սկսած XVI դ. 1–ին կեսից, երբ Հունգարիան ընկավ թուրքերի, մասամբ` նաև ավստրիական Հաբսբուրգների տիրապետության տակ, Հ. երկար ժամանակ պայքարում էին ազգային անկախության համար: Տնտ. և հասարակական վերակառուցման համար պայքարը XIX դ. սկզբին, 1848–49–ի հեղափոխությունը Հունգարիայում նպաստեցին Հ–ի ազգային ինքնագիտակցության բարձրացմանը և համախմբվածությանը: Առաջին համաշխարհային պատերազմից հետո Հունգարիան դարձավ ինքնուրույն պետություն: 1945–ին հաղթանակած ժողովրդա–դեմոկրատական կարգի հետևանքով պայմաններ ստեղծվեցին սոցիալիստական ուղիով հունգ. ազգի համակողմանի զարգացման համար: Հ–ի զգալի մասն աշխատում է արդյունաբերության մեջ, մնացածը` գլխավորապես գյուղատնտեսության բնագավառում: Հ–ի պատմության, տնտեսության և մշակույթի մասին տես Հունգարիա հոդվածում: