ՀՍՀ/ՀՈՒՍԵՅՆ ԹԱՀԱ
ՀՈՒՍԵՅՆ ԹԱՀԱ (1889–1973), արաբ գրող, գրականագետ և պատմաբան (Եգիպտոս), Կահիրեի արաբերենի ակադեմիայի պրեզիդենտ (1965–ից), համալսարանի պրոֆեսոր (1919–ից), Ալեքսանդրիայի համալսարանի ռեկտոր (1943–46), Եգիպտոսի լուսավորության մինիստր (1950– 1952): Հ. Թ. արաբ, գրականության մեջ քննադատական ռեալիզմի հիմնադիրներից է: «Արաբների մինչիսլամական պոեզիան» (1926) մենագրության մեջ այն կարծիքն է հայտնում, որ քննադատական վերաբերմունք պետք է ցուցաբերել բոլոր գրական հուշարձանների` այդ թվում Ղուրանի նկատմամբ: «Չորեքշաբթի օրվա զրույցներ» (հ. 1–3, 1925–53) ուսումնասիրությունը նվիրված է միջնադարյան (հ. 1–2) և ժամանակակից (հ. 3) գրականությանը: Նրա «Օրեր» (մաս 1–2, 1929– 1939, մաս 3, 1972) ինքնակենսագրական վեպը թարգմանվել է շատ լեզուներով: Ժողովրդի սոցիալական իրավահավասարության ու շահագործման դեմ բողոքի ձայնն է հնչում «Մարտիրոսները էրկրի վրա» (1948) պատմվածքների ժողովածուում: Կատարել է թարգմանություններ անտիկ գրողների և ֆրանս. լուսավորիչների ստեղծագործություններից: Գրականության զարգացմանը մատուցած ծառայությունների համար արժանացել է Եգիպտոսի պետ. մրցանակին (1959):
