Jump to content

ՀՍՀ/ՀՈՒՍՅԱՆ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՍ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՈՒՍՅԱՆ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՍ, Հուսյան պատերազմներ (1419–37), չեխ ժողովրդի պայքարը կաթոլիկ եկեղեցու, ֆեոդալական շահագործման և գերմանական բռնատիրության դեմ: Ֆ. Էնգելսի բնութագրմամբ «…գերմանական ազնվականության և գերմանական կայսեր գերագույն իշխանության դեմ չեխական–ագզային գյուղացիական պատերազմ, որը կրել է կրոնական երանգ» (Маркс К., Энгельс Փ., Соч., 2 изд., т. 6, с. 120): Ծագել է ճորտ գյուղացիության և ազնվականության, արհեստավորների և քաղաքային պատրիկության միջև դասակարգային հակադրության, ինչպես նաև Չեխիայում գերմ. գաղութացման ուժեղացման պատճառով: Ուներ հակակաթոլիկական բնույթ, ուղղված էր եկեղեցական հողատիրության աճման (եկեղեցին տիրում էր հողերի 3 4–ին), հոգևորականների կաշառակերության և սանձարձակության դեմ: Ժող. հուզումները տարերայնորեն սկսվեցին Յան Հուսի մահապատժից (1415) անմիջապես հետո: Ապստամբ գյուղացիները սկսեցին խմբվել Տաբոր, Օրեբ, Բերանեկ լեռներում` իրենց անվանելով հուսյաններ: 1419–ի հուլիսի 30–ին Յան ժելիվսկու գլխավորությամբ Պրագայում բռնկած ապստամբությամբ Չեխիայում համատարած զինված պայքար սկսվեց ժող. զանգվածների և ֆեոդալա–կաթոլիկական ուժերի միջև: Հռոմի պապը և Սիգիզմունդ I կայսրը խաչակրաց հինգ արշավանք (1420, 1422–ի ձմեռ, 1422–ի աշուն, 1427, 1431) կազմակերպեցին հուսյանների դեմ, սակայն ժող. բանակը, Յան Ժիժկայի (նրա մահից հետո` Պրոկոպ Մեծի) գլխավորությամբ ջարդելով թշնամուն, 1427–28–ին և 1429–30–ին անցավ հակահարձակման, մտավ Ավստրիա, Սաքսոնիա, Բավարիա, Հունգարիա, իսկ 1433–ին հասավ մինչև Բալթիկ ծովի ափերը: Սակայն պայքարի ծավալման հետ խորացավ հակասությունը հուսյանների երկու թևերի` չափավորների (բյուրգերություն, շլյախտա, հարուստ արհեստավորներ, մանր ազնվականներ) և արմատական հեղափոխականների (ճորտ գյուղացիություն, քաղաքային չքավորություն) միջև: Չափավորները (կոչվում էին կալիքսականներ, լատ. calix– թաս բառից, քանի որ նրանց հիմնական պահանջներից մեկն աշխարհականների հաղորդությունն էր ոչ միայն հացով, այլև գինով) ցանկանում էին պայքարը սահմանափակել էժան եկեղեցու հաստատմամբ, իսկ արմատական հեղափոխականները (կոչվում էին տաբորականներ, տես Տաբոր) պայքարում էին մասնավոր սեփականության և շահագործման վերացման համար: Չափավորները, 1434–ի Բազելի եկեղեցական ժողովում ֆեոդալա–կաթոլիկական ճամբարից ստանալով զավթած եկեղեցական հողերին տիրելու և հացով ու գինով հաղորդվելու իրավունք, նույն թվականի մայիսի 30–ին ռեակցիայի ուժերի հետ Լիպանիի մոտ ջարդեցին տաբորականների բանակը: 1437–ին նվաճվեց տաբորականների վերջին` Սիոն ամրոցը: Չնայած պարտությանը, Հ. հ. շ. ուժեղ հարված հասցրեց կաթոլիկ եկեղեցուն, նախադրյալներ ստեղծեց համաեվրոպական Ռեֆորմացիայի համար:

Գրկ. Мацек Й., Гуситское революционное движение, пер, с чеш., М., 1954 Նույնի, Табор в гуситском революционном движении, пер. с чеш., т. 1–2, М–, 1956–59Рубцов Б.Т., Гуситские войны, М., 1955.