Jump to content

ՀՍՀ/ՀՌԱՆԴԵԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ 64

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՌԱՆԴԵԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ 64, կնքվել է հռոմեական և հայ–պարթևական հրամանատարության միջև Հռանդեա վայրում: Հռոմ. կայսրությունը, փորձելով նվաճել Հայաստանը, 61–ին Կեսենիոս Պետոսի հրամանատարությամբ խոշոր բանակ ուղարկեց Արևելք: 61–ի աշնանը հռոմ. բանակը Մեյիտենե քաղաքի մոտով անցավ սահմանային Եփրատ գետը և ներխուժեց Մեծ Հայք: Սակայն Հայոց Տրդատ Ա թագավորի զորքերը կասեցրին թշնամու առաջխաղացումը: Բավարարվելով մի քանի սահմանային ամրությունների ու Տավրոսի կիրճերի գրավմամբ` հռոմ. զորքը բանակեց (ձմեռելու համար) Ծոփաց խարբերդի դաշտի Հռանդեա վայրում (Արածանի գետից հվ.): 62–ի գարնանը պարթևական զորքերը` Վաղարշ Ա թագավորի, իսկ հայկ. զորքերը, Տրդատի առաջնորդությամբ, ջախջախելով Տավրոսի լեռնանցքները հսկող հռոմ. զորամասերին, շրջապատեցին Հռանդեայի զորաճամբարը: Անխուսափելի կործանումից բանակը փրկելու համար Պետոսը հաշտություն խնդրեց: Բանակցություն վարող Վասակ սպարապետի (հավանաբար` Մամիկոնյան իշխան) պահանջով հռոմեացիները զինաթափվեցին, արձակեցին գերիներին, հանձնեցին ավարը և խուճապահար փախան Կապադովկիա: 63–ին հռոմ. Արևելքի զորահրամանատար նշանակվեց փորձառու Դոմետիոս Կորբուլոնը` պատերազմելու և հաշտության բանակցություններ վարելու արտակարգ լիազորություններով: 64–ին վերջինս մտավ Ծոփք և առաջարկեց հաշտություն` Տրդատի թագը Հռոմում հաստատելու և Ներոն կայսեր ձեռքից անձամբ ստանալու պայմանով: Տրդատի պահանջով հաշտությունը ստորագրվեց հռոմ. բանակի պարտության վայրում` ընդգծելու համար, որ նա Մեծ Հայքի գահը ստանում է իր ռազմ. հաղթանակի շնորհիվ: Հ. պ–ով Տրդատը ճանաչվեց Հայոց թագավոր, վերականգնվեցին Մեծ Հայքի նախկին սահմաններն ու ինքնուրույնությունը, հռոմ. և պարթևական զորքերը հեռացան Հայաստանից, Տրդատը պարտավորվեց մեկնել Հռոմ և թագը ստանալ Ներոնից:

Գրկ. Աստուրյան Հ., Քաղաքական վերաբերություններ ընդ մեջ Հայաստանի և Հռովմա, Վնտ., 1912: Մանանդյան Հ., Երկ., հ. 1, Ե., 1977: