ՀՍՀ/ՀՌԵՆՈՍ
ՀՌԵՆՈՍ (Rhein), գետ Արևմտյան Եվրոպայում: Երկարությունը 1320 կմ է, ավազանը` 224,4 հզ. կմ² (առանց Մաասի ավազանի): Հ–ի ավազանը գտնվում է Շվեյցարիայի, Լիխտենշտեյնի, Ավստրիայի, ԳՖՀ–ի, Ֆրանսիայի, Նիդերլանդների սահմաններում: Սկիզբ է առնում Ալպյան լեռներից: Վերին հոսանքում, առաջացնելով սահանքներ ու ջրվեժներ, Հ. կտրում է Ալպերի, Յուրայի և Շվարցվալդի լեռնաճյուղերը, անցնում Բոդենի լճով, ապա Բազել քաղաքից ներքև` ուղղվում դեպի հս., դուրս զալիս վերին Հռենոսյան դաշտավայր, այնուհետև անցնում նեղ հովտով, հատում Հռենոսյան թերթաքարային լեռները, հոսում Միջին Եվրոպական դաշտավայրով և, առաջացնելով դելտա, թափվում Հյուսիսային ծովը: Ստորին հոսանքի շրջանում լայնությունը հասնում է 400–550 մ: Հունը որոշ տեղերում պատված է կարգավորող և պաշտպանող թմբերով: Հ. ջրառատ է ամբողջ տարին: Հիմնական վտակներն են ձախից` Արեն, Մոզելը, Մաասը, աջից` Նեքարը, Մայնը, Ռուրը: Տարեկան միջին ծախսը գետաբերանում 2500 մ³/վրկ է, առավելագույնը` 11000 մ³/վրկ, հոսքը` մոտ 79 կմ³: Չի սառցակալում: Նավարկելի է գետաբերանից մինչև Բազել քաղաքը (886 կմ): Նավարկելի ջրային ուղիների երկարությունը գետի ավազանում մոտ 3000 կմ է: Հ. ջրանցքներով կապված է Դանուբ, Ռոն, Մայն, Վեզեր, Էլբա, Էմս գետերի հեա: Կառուցված են բազմաթիվ ՀԷԿ–եր: Գլխավոր նավահանգիստներն են Բազելը, Դույսբուրգը, Մանհայմը, Լյուդվիգսհաֆենը, Ռոտերդամը: Հ–ի ափերին է ԳՖՀ–ի մայրաքաղաք Բոննը:
