ՀՍՀ/ՀՌԵՏՈՐՈՒԹՅՈՒՆ
ՀՌԵՏՈՐՈՒԹՅՈՒՆ (հուն. ճարտասանություն գիտության իմաստալից, գեղեցիկ, համոզիչ խոսելու արվեստի և, ավելի լայն իմաստով, ընդհանրապես գեղարվեստական արձակի մասին: Ծագել է Հին Հունաստանում` մ. թ. ա. V դ., համակարգի վերածվել III–II դդ., Հռոմում` մ. թ. ա. I դ.: Առաջին տեսաբանը Արիստոտելն է («Ճարտասանություն»): Ցիցերոնի անվան հետ է կապված մի ամբողջ գրական շրջան` մ. թ. ա. I դ.: Հայտնի են եղել Քվինտիլիանոսը, Տակիտոսը: Հ. Հայաստան մուտք է գործել մ. թ. ա. I դ. (Տիգրան Մեծ, Սրտավազդ Բ), նշանակալից է եղել V դ. (Մեսրոպ Մաշտոց, Մովսես Խորենացի, Եղիշե, Եզնիկ Կողբացի): Հռետորական արվեստի տեսությունը Հայաստանում սկզբնավորվել է թարգմանություններով (Թեոն, «Յաղագս ճարտասանական կրթութեանց», թրգմ. VI դ.): Ուշագրավ է Հովհան Մայրավանեցու (VI դ. վերջ – VII դ. 1–ին կես) «Խրատ վարուց» (հրտ. 1836) ճառերի ժողովածուն: Հռետորական ոճն զգացվում է Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգութեան» (հրտ. 1700) մեջ: Գլաձորի և Տաթևի համալսարաններում դասավանդվել է ճարտասանություն (Եսայի Նշեցի, Գրիգոր Տաթևացի, Հովհան Որոտնեցի): Հ–ի զարգացմանը նպաստել են Մխիթարյան միաբանները` թարգմանելով Ցիցերոնի ճառերը: Ռուսաստանում Հ. ձևավորվել է XVIII դ. (Մ. Լոմոնոսով): Հայտնի է ֆրանս. դատական Հ–յան դպրոցը: XIX դ. բանվորական շարժումների հետ Հ. մտնում է նոր շրջան: Հ–յան նոր փուլը վերջնականապես ձևավորվել է Կ. Մարքսի, Ֆ. Էնգելսի, Վ. Ի. Լենինի հռետորական գործունեությամբ: Հ. բազմասեռ է` քաղ., դատական, ակադեմիական ևն:
Գրկ. Մելքոնյան Մ. Գ., Հռետոր դառնում են…, Ե., 1977: Նույնի, Հրեղեն խոսքի ուժը, Ե., 1979: Цицерон, Три трактата об ораторском искусстве, М., 1972.
Մ. Մելքոնյան
