Jump to content

ՀՍՀ/ՀՌԻՓՍԻՄԵ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՌԻՓՍԻՄԵ (ծն. թ. անհտ–301), քրիստոնյա նահատակ կույս: Ըստ ավանդական պատմության, 32 քրիստոնյա ազնվազարմ կանայք` Հ–ի գլխավորությամբ, խուսափելով Հռոմի Դիոկղետիանոս կայսեր (284–305) հալածանքներից, փախել են Հայաստան և այնտեղ զբաղվել քարոզչությամբ: Վաղարշապատում սրատվել են Հայոց թագավոր Տրդատ Գ Մեծի հրամանով: Դեպքից 9 օր անց բանտից ազատված Գրիգոր Ա Պարթևը (Լուսավորիչ), թաղելով նահատակներին, Վաղարշապատի հս–արլ. կողմում կառուցել է Ս. Հռիփսիմյան Վկայարանը կամ Հանգստարանը (տես Հռիփսիմեի տաճար), որի շինաքարրը «մեղքերը քավող» Տրդատը իբրև բերել է Մասիս սարից: Գրիգոր Լուսավորիչը Հ–ին և մյուս նահատակներին դասել է սրբերի կարգը, իսկ նրանց հիշատակի օրը մտցրել եկեղեցու տոնացույցում: Ստեփանոս Օրբելյանը գրում է, որ մինչև XIII դ– կաթողիկոսարանում պահվում էին Հ. մասունքները, որոնք Հռոմկլայի գրավման ժամանակ (1292) մամլուքները տարան Եգիպտոս` որպես ավար: