Jump to content

ՀՍՀ/ՀՌԻՓՍԻՄՅԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՌԻՓՍԻՄՅԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ Զմյուռնիայում, հիմնվել է 1838–ին: Սկզբնապես կոչվել է Սարգսյան, 1849–ից` Հռիփսիմյան (դպրոցական շենքը կառուցած բարերարների անուններով): 1884–ին կառուցվել է նոր շենքը: Վարժարանը պահվում էր հայ համայնքի նվիրատվություններով և զանազան ընկերությունների (Սյունյաց, հոգատար, Հռիփսիմյան կրթասիրաց, Ուսումնասեր ևն) օժանդակությամբ: Մինչև 1877–ը ուսուցումը ձրի էր, այնուհետև վարձ էին վճարում միայն ունևորները: Կրթություն էր տալիս յոթնամյակի սահմաններում: Դասավանդվում էին թվաբանություն, հայոց լեզու և պատմություն, գեղագրություն, դիցաբանություն, երկրաչափություն, գրահաշիվ, բնագիտություն, գծագրություն, աշխարհագրություն, կրոնական առարկաներ, ֆրանս., անգլ., թուրք., ձեռագործ, երգ–երաժշտություն: 1840–ին սովորում էր 100, 1850–ին` շուրջ 170, 1870–ականին` 240, հետագայում` 300–400 աշակերտուհի: Վարժարանն ուներ մանկապարտեզ (1888–ից), աղջիկների ու տղաների որբանոցներ (այնուհետև` գիշերօթիկ բաժիններ): Մանկավարժներից էին Հ. Շահինյանը (առաջին ուսուցիչ), Գ. Չիլինկիրյանը, Մ. Աղաբեկյանը, Մ. Մամուրյանը: Հատուկ ուշադրություն էր նվիրվում աշակերտուհիների բարոյա–գեղարվեստական դաստիարակությանը, ապագա դաստիարակ–մայրեր, անտեսուհիներ պատրաստելու կարևոր խնդիրներին: Փակվել է 1922–ին:

Մ. Հակոբյան