Jump to content

ՀՍՀ/ՀՌՈՄ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՌՈՄ (Roma), Իտալիայի մայրաքաղաքը, երկրի քաղաքական, մշակութային գլխավոր և տնտեսական նշանակալի կենտրոնը, աշխարհի հնագույն և պատմական ու մշակութային հուշարձաններով հարուստ քաղաքներից մեկը: Հռոմի նահանգի և Լացիո մարզի վարչական կենտրոնն է: Հ–ի սահմաններում է պապական Վատիկան քաղաքպեպությունը: Գտնվում է Տիբերի գետաբերանի մոտ: Տարածությունը 208,7 կմ² է, արվարձաններով` 1507,6 կմ², բն.` 2,9 մլն, արվարձաններով` 3,8 մլն (1978): Բարձր կետը Մարիոն է (139 մ): Կլիման միջերկրածովյան է, հունվարի միջին ջերմաստիճանը 6,8°C է, հուլիսինը` 25,8°C, տարեկան տեղումները` 508 մմ: Վարչական կառուցվածքը բարդ է. կենտրոնական մասը բաժանվում է 22 շրջանի, պատմական կենտրոնը շրջապատող տարածքը բաղկացած է 35 թաղամասից, արվարձանային գոտին` վարչական 6 միավորից: Քաղաքը կառավարում է ընտրովի խորհուրդը (80 անդամ), որն իրավասու է ընդունելու քաղաքի բյուջեն, որոշումներ կայացնելու մունիցիպալային կառավարման (տրանսպորտ, կոմունալ սպասարկում ևն) հարցերով: Խորհրդի կազմից ընտրվում է քաղաքագլուխ և գործադիր կոմիտե` ջունտա: Քաղաքագլուխը միաժամանակ կառավարության պաշտոնյա է: Քաղաքի կառավարումը վերահսկում են Հռոմի նահանգի պրեֆեկտն ու վարչական ջունտան:

Պատմական ակնարկ: Քաղաքն անունն ստացել է Հռոմուլոսից, որն, ըստ ավանդության, այն հիմնել է մ. թ. ա. 754(753) –ին (թեև Հ–ի տեղում հայտնաբերվել են ավելի վաղ բնակության հետքեր): Հ. Ապենինյան թերակղզում և նրա սահմաններից դուրս կատարած նվաճումների հետևանքով դարձել է միջերկրածովյան խոշոր տերության մայրաքաղաք (տես Հռոմ Հին) և հին աշխարհի խոշորագույն քաղաքներից մեկը (մոտավոր հաշվումներով կայսրության ժամանակաշրջանում ունեցել է 600 հազարից մինչև 2 մլն բն.): 330–ին Հռոմ. կայսրության մայրաքաղաքը Կ. Պոլիս տեղափոխվելուց հետո Հ. կորցրել է քաղ. կենտրոնի իր նշանակությունը: 410–ին Հ. գրավել են վեստգոթերը, 455–ին` վանդալները: VI դ. 1–ին կեսին բյուզանդա–օստգոթական պատերազմների հետևանքով անկում է ապրել տնտեսությունը: 552–ից գտնվել է Բյուզանդիայի գերիշխանության տակ: Իտալիայի բյուզանդական կառավարիչ հայազգի Նարսեսը VI դ. 50–60–ական թթ. ձեռնարկել է Տիբերի հունը մաքրելու, Հ–ի նավահանգիստը վերականգնելու, հասարակական շենքերը նորոգելու աշխատանքներ, սակայն այդ միջոցառումները տնտեսապես չվերականգնեցին Հ.: VI–VIII դդ., Բյուզանդիայի տիրապետության պայմաններում, Հ., ըստ էության, կառավարել են Հ–ի եպիսկոպոսները` պապերը (տես Պապ Հռոմի): 756–ից Պապական մարզի կենտրոնն էր: Այս ընթացքում Հ. ստացել է Արևմտյան Եվրոպայի եկեղեցա–քաղաքական կենտրոնի նշանակություն: Հ–ին տիրելու համար պայքարել են պապերը «Հռոոմեական սրբազան կայսրության» կայսրերը (որոնք իրենց համարել են հռոմ. կայսրերի հետնորդներ), քաղաքում պայքարը իշխանության համար մղվել է արիստոկրատական տարբեր տոհմերի միջև: 1084–ին քաղաքը զգալիորեն ավերել են նորմանները: XI– XII դդ. Հ. ստացել է ֆեոդալական քաղաքի տեսք` ավերված անտիկ շենքերի տեղում կառուցվել են դղյակներ, ծավալվել է եկեղեցականշինարարություն: Սաղմնավորվել են արհեստավորական համքարություններ: Պապական վարչության կամայականություններից և ֆեոդալական երկպառակություններից դժգոհ առևտրա–արհեստավորական խավերը XII դ. պայքարել են պապերի աշխարհիկ իշխանության դեմ` հանուն կոմունայի: 1143–ի ապստամբության հետևանքով Հ–ում հաստատվել է հանրապետություն: Իննոկենտիոս III պապը (1198– 1216) վերացրել է քաղաքային ինքնավարությունը, թեև անվանապես մնացել է կառավարման հանրապետական ձևը: 1309–ին պապի նստավայրը տեղափոխվել է Ավինյոն, տեղափոխվելուց հետո Հ–ում ուժեղացել է առևտրա–արհեստավորական խավերի ազդեցությունը: 1347–ին Հ. հռչակվել է հանրապետություն: 1354–ին իշխանությունը քաղաքում զավթել է ավագանին (մինչև XV դ. կեսը): Պապերի իշխանությունը (որոնք Հ. էին վերադարձել 1377–ին) լիովին վերականգնել է Սիքտոոս IV պապը (1471–84): XV դ. Կեսին – XVI դ. սկզբին Հ. դարձել է Վերածննդի խոշոր կենտրոններից մեկը: Այդ ժամանակաշրջանի Հ–ի հետ է կապված շատ հումանիստների, նկարիչների, ճարտարապետների (Պոջո Բրաչչոլինի, Լ. Բ. Ալբերտի, Ֆ. Բյոնդո, Դ. Բրամանտե, Ռաֆայել, Միքելանջելո և ուրիշներ) գործունեությունը: 1527–ին Հ. ավերել են Կարլոս V–ի զորքերը: XVII դ. Հ. ապրել է տնտ. անկում, սակայն հակառեֆորմացիայի հետևանքով ավելի ուժեղացել է նրա, իբրև հոգևոր կենտրոնի, նշանակությունը: 1798–ին և 1808–ին Հ. գրավել են ֆրանս. զորքերը: 1809–ին Պիոս VII պապի աշխարհիկ իշխանությունը վերացվել է, Հ. միացվել է Ֆրանսիային (մինչև 1814–ը): Իտալիայի միավորման համար ազգային–ազատագրական շարժման (XVIII դ. վերջ –1870) սկզբնավորման ժամանակ Հ., որ Պապական պետության մայրաքաղաքն էր և կղերաֆեոդալական հետադիմության հենարանը, դարձել է Իտալիայի միավորմանլուրջ խոչընդոտողը: Իտալիայում 1848–1849–ի հեղափոխության ժամանակ Պիոս IX պապի աշխարհիկ իշխանությունը տապալվել է: 1849–ի փետր. 9–ին Հ–ում հռչակվել է հանրապետություն, որը հեղափոխության դեմոկրատական ձգտումների բարձրագույն արտահայտությունն էր: Հ–ի հանրապետության տապալումից հետո XIX դ. 50–60–ական թթ. պապի աշխարհիկ իշխանությունը քաղաքում պահպանվում էր ֆրանս. կայազորի ներկայության (1849–ից) շնորհիվ: 1862–ին և 1867–ին Հ. ազատագրելու Ջ. Գարիբալդիի փորձերը հաջողություն չունեցան: 1870–ին (ֆրանս. զորքերի հեռանալուց հետո) պապի աշխարհիկ իշխանությունը վերացվեց, Հ. մտցվեց Իտալիայի թագավորության (1861) կազմի մեջ: 1871–ի հունվ. 26–ին Հ. հռչակվեց Իտալիայի թագավորության մայրաքաղաք: XIX դ. վերջից Հ. Իտալիայի աշխատավորության սոցիալական և դեմոկրատական պայքարի կենտրոնն է: 1922–ին Հ–ում ֆաշիստական հեղաշրջման հետևանքով հաստատվեց ֆաշիստական դիկտատուրա (1922–43): 1929–ին Հ–ի տարածքի մի մասում ստեղծվեց Վատիկան քաղաքպետությունը: 1943–ի սեպտ. 8–ին Հ. օկուպացրին գերմ. զորքերը: Հ–ի բնակչությունը հերոսաբար պայքարեց զավթիչների դեմ: 1944–ի հունիսի 4–ին անգլո–ամերիկյան զորքերը ազատագրեցին Հ.: 1946–ին Հ. դարձավ Իտալիայի հանրապետության մայրաքաղաքը:

Տնտեսությունը: Հ–ի աշխարհագրական հարմար դիրքը նպաստել է նրա տրանսպորտի, առևտրի և տնտ. այլ ֆունկցիաների զարգացմանը: Տնտեսապես ակտիվ բնակչության մոտ 25,5-ը զբաղված է արդյունաբերության և շինարարության, 15,7–ը` առևտրի, 7,9-ը` տրանսպորտի և կապի, 19–ը` պետ. ապարատի, մնացածը` սպասարկման ոլորտում: Արդ. արտադրանքի քանակով Միլանից, Թուրինից, Ջենովայից հետո գրավում է 4–րդ տեղը երկրում: Սննդի, պոլիգրաֆ, կարի, կահույքի, թղթի, տեքստիլ, կոշիկի, պարֆյումերիայի ճյուղերում զբաղված է մայրաքաղաքի արդ. աշխատողների մոտ 1 2–ը: Կա էլեկտրատեխնիկական, քիմ. արդյունաբերություն, ճշգրիտ սարքաշինություն, երկաթուղային շարժակազմի, գյաղատնտ. մեքենաների, պոլիգրաֆ սարքավորումների, մոտոցիկլետների, հեծանիվների, շինանյութերի արտադրություն, շինարարական ինդուստրիա: Պահպանվել են արհեստագործական ավանդական ճյուղերը` ոսկերչական, ապակե, կաշվե իրերի, հյուսածո կահույքի, գոբելենների, երաժշտական գործիքների պատրաստումը: ԶԷԿ–երի հզորությունը կազմում է 3 մլն կվտ: Հ. միջազգային տուրիզմի խոշորագույն կենտրոններից է (տարեկան ավելի քան 10 մլն տուրիստ): Հ–ում են կենտրոնացած Իտալիայի կառավարական և վարչական հիմնարկները, քաղ. կուսակցությունների և մասսայական կազմակերպությունների ղեկավարմար մինները, խոշոր բանկերը, ապահովագրական, վարկային և առևտրական հիմնարկները, իտալ. և օտարերկրյա ֆիրմաների վարչությունները, միջազգային մի շարք կազմակերպություններ (Միջազգային առևտրի պալատ ևն): Հ. ներքին և միջազգային հաղորդակցությունների տրանսպորտային հանգույց է, որից սկիզբ են առնում 8 երկաթուղի, 10 ավտոմայրուղի, 30 ավիագիծ: Օդանավակայաններն են Լեոնարդո դա Վինչի դի Ֆյումիչինոն և Չամպինոն: Հ. գետային նավահանգիտո է (Սան Պաոլո նավահանգստային համալիր ևն): Ունի մետրոպոլիտեն (կառուցվել է 1927–38–ին):

Ճարտարապետությունը: Ներկայիս Հ–ի կենտրոնական մասի սահմանները համընկնում են Ավրելիանոսի պարսպին (272, մասամբ պահպանվել է): Հ. ունի փողոցների օղակա–շառավղային համակարգ: Նրա աշխարհագրական կենտրոնը Պյացցա Վենեցիա հրապարակն է, որից ճառագայթաձև ելնող միջքաղաքային ճանապարհները (Սալարի, Ֆլամենիա ևն) Հ. կապում են Իտալիայի գլխավոր քաղաքներին: Կազմավորվելով Կապիտոլիում և Պալատինում բլուրների վրա, քաղաքը տարածվել է հարևան` Էսքվիլանում, Ավենտինուս, Վիմինալիս, Ցելիուս, Քվիրինալիս բլուրների վրա, մինչև Տիրերի գալարը (Մարսյան դաշտ) և աջ ափը (ներկայիս Տրաստեվերե թաղամասը): Հ–ի հասարակական կենտրոնները եղել են Կապիտոլիումն ու Հռոմեական (սկսած մ. թ. ա. VI դարից) և կայսերական ֆորումների համալիրները (Հուլիոս Կեսարի, Օգոստոսի, Ներվայի, Տրայանոսի): Հին Հռոմի ճարտ. բազմաքանակ հուշարձաններով, XV–XVII դդ և հետագա դարերի կառույցներով է պայմանավորված քաղաքի վեհությամբ ներթափանցված կերպարանքը: Հնագույն շինությունները (ջրանցույցներ, փողոցներ, մ. թ. սկզբի դարերի կատակոմբներ են) գրավում են մեծ թաղամասեր, գլխավորապես Տիբերի ձախ ափին: Առանձին կառույցներ ժամանակակից քաղաքի անսամբլների մասն են կազմում (Կոլիզեումը և Տիտոսի հաղթակամարը, I դ.. Պանթեոնը և Ադրիանոսի դամբարանը, II դ., Դիոկղետիանոսի թերմերը, մոտ IV դ., Սանտա–Մարիա Մաջորե բազիլիկը, V դ. են): Վերածննղի շրջանում (ճարտ–ներ Դ. Բրամանտե, Միքելանջելո, Ա. դա Սանգալլո և ուրիշներ) ստեղծվել են մեծաշուք պալացցոներ (Վենեցիա, XV դ., դելլա Կանչելլերիա, XV–XVI դդ. սահմանագիծ, Ֆառնեզե, XVI դ., Բարբերինի, XVII դ. ևն), վատիկանի պալատային համալիրը, Դորիա Պամֆիլուս և Բորգեզե վիլլաները: XV–XVII դդ. կատարվել են ճարտ. և քաղաքաշինական մեծ աշխատանքներ: Կառուցվել են քաղաքի վրա իշխող Ս. Պետրոսի տաճարը, Պյացցա Նավոնա և Պյացցա դել Պոպոլո հրապարակների, Կապիտոլիումի անսամբլները: XVI–XVII դդ. բարոկկո ոճով կառուցվել են Հ–ի համար բնորոշ դարձած եկեղեցիներ (Ջեզու, ճակատը` 1568– 1584–ին, Սանտ Անդրեա ալ Քվիրինալե, 1658, Սան–Կառլո` չորս շատրվանի մոտ, 1634–67 ևն), շատրվաններ, աստիճանաշարեր ևն. 1725–ին ավարտվել է Իսպանական աստիճանաշարը, 1732–51–ին կառուցվել է Հ–ի շատրվաններից խոշորագույնը` Տրևի շատրվանը: 1871–ին Հ. դարձել է Իտալիայի մայրաքաղաքը: Բուրժուազիան ազնվականներից և ժողովրդից մեկուսացած, բնակվում էր նոր` հարուստների թաղամասերում, առաջանում են վարձով տրվող բնակարաններից կազմված բազմահարկ, իսկ ժողովրդի համար` էժան տների տիպերը: 1950–ական թթ. կառուցվել են Վիա դեի Ֆորի Իմպերիալի պողոտան և Վիա դի Կոնչիլիացիոնեն, ստեղծվել է օլիմպիական մարզականկենտրոնը, համալսարանի համալիրը, Հ. Օստիային կապող միջազգային ցուցահանդեսի կենտրոնը` ԷՈՒՐ–ը: 1960–ական թթ–ից սկսած Հ. զարգանում է 1962–ի ընդհանուր հատակագծի հիմանվրա: Կառուցվել է Տերմինի կայարանը, «Աուտոմոբիլ Քլըբ»–ի վարչական շենքը (1956–59, ճարտ. Ա. Զարյան, Լ. Մաինարդի), սպորտի Փոքր պալատը (1956–1957, ճարտ. Պ. Լ. Ներվի, U. Վիտելլոցցի), դեպի ԷՈՒՐ` սպորտի Մեծ պալատը(1958–59, ճարտ. Պ. Լ. Ներվի և Պիաչենտինի), ԷՈՒՐ–ում` վարչական և բնակելի շենքեր, Սերաֆիկում համալսարանային համալիրը (1961–63, ճարտ. Ա. Զարյան, Ջ. Ստերբինի): Ուսումնական հաստատությունները, գիտական և կուլտուրական հիմնարկները: Բարձրագույն ուս. հաստատություններն են` Հռոմի համալսարանը, Սոցիալական գիտությունների միջազգային համալսարանը, Ֆիզիկական դաստիարակության բարձրագույն դպրոցը, Գեղեցիկ արվեստների ակադեմիան և գեղարվեստական լիցեյը, Ս. դ Ամիկոյի անվ. դրամատիկ արվեստի ազգային ակադեմիան, Պարի ազգային ակադեմիան, «Սանտա Չեչիլիա» կոնսերվատորիան: Գիտական հիմնարկներն են` Դեի Լինչեի ազգային, բժշկ. գիտությունների ևն ակադեմիաները, Գիտական հետազոտությունների ազգային խորհուրդը, Միջուկային ֆիզիկայիազգային ինստ–ը, աստղադիտարանը, գիտության և արվեստի տարբեր բնագավառների գծով ավելի քան 100 գիտական ընկերություններ, կենտրոններ և ինստ–ներ: Խոշորագույն գրադարաններն են` Ազգային կենտրոնական, համալսարանի, Անջելիկայի, Կասանատենսեի, Դեի Լինչեի ազգային ակադեմիայի ևն, թանգարանները` Հռոմ. ազգային (Թերմերի), Վիլլա Ջուլիուս, Բարոկկոյի, ժող. արվեստների և ավանդույթների ազգային, Հոոմ. քաղաքակրթության, Հռոմի, Կապիտոլիումի, ինչպես նաև Վատիկանի ևն թանգարանները, Բորգեզեի, Անտիկ արվեստի ազգային, ժամանակակից արվեստի ազգային ևն պատկերասրահները: Հ–ում գործում են (1975) հռոմ. օպերան («Տեատրո դել օպերա»), մշտական դրամատիկական թատերախումբը («Տեատրո դի Ռոմա»), որը ելույթներ է ունենում «Արջենտինա», «Աբակո» ևն թատրոններում: Գոյություն ունեն նաև «Վալլե», «Էլիզեո», «Գոլդոնի», «Քվիրինո», «Տեատրո դելլե մուզե», «Տեատրո դելլե արտի», «Ռոսսինի», «Տորդինոնա» և այլ թատերական շենքեր, ուր հանդես են զալիս իտալ. լավագույն դրամատիկական խմբերը: Գործում են «Տիկնիկային թատրոնը», «Ալ Տորկիո» մանկական թատրոնը, ինչպես և «Սանտա Չեչիլիա» ազգային ակադեմիան (2 համերգային դահլիճներով): Հանրահայտ է «Չինեչիտա» կինոքաղաքը, ուր գտնվում են Կ. Պոնտիի, ինչպես և իտալ. այլ խոշորագույն կինոֆիրմաներ:

Հայերը Հռոմում: Հայերի` Հ–ում լինելու մասին հիշատակություններ կան դեռևս մ. թ. ա. I դարից: Մ. թ. 65–ին Հայոց թագավոր Տրդատ Ա (շուրջ 3 հզանոց շքախմբով) այցեյել է Հ.` Ներոն կայսրից թագադրվելու: IV դ. Հ–ում հռչակված էր հռետոր Պարույր Հայկազնը (որին Հ–ում հուշարձան է կանգնեցվել): 552–ին Հ. գոթերից ազատագրել է բյուզանդական հայազգի զորավար Նարսեսը, որն այնուհետև շինարարական լայն գործունեություն է ծավալել Հ–ում (ավանդությունը Նարսեսին է վերագրում «Կիլիկյան» վանքի շինարարությունը): Հ–ում հայ համայնքի գոյությունն է վկայում 649–ի Լատերանի տիեզերաժողովին Հ–ից հայ ներկայացուցիչների մասնակցությունը: XI դ. Հ–ում եղել են հայկ. եկեղեցի, վանք և հյուրանոց: Հայերի անունով է կոչվել մի թաղ: Х III– XIV դդ. Հ–ի համայնքը, ինչպես իտալահայ մյուս համայնքները, ստվարացել է: Դիվանագիտական միսիայով Հ. են եկել հայ մտավորականներ, վաճառականներ, եկեղեցական գործիչներ: Հ–ում օրինակվել են բազմաթիվ հայերեն ձեռագրեր, 1584–ին տպագրվել է առաջին հայերեն գիրքը Հ–ում («Տոմար Գրիգորյան»): 1883–ին հիմնադրվել է Լևոնյան վարժարանը, որը կաթոլիկ հայ հոգևոր կադրերի պատրաստման բարձրագույն դպրոց է: 1980–ին Հ–ում բնակվում էր շուրջ 200 հայ (այս թիվը ավելանում է Հ–ի բուհերը ուսանելու եկած սփյուռքահայերով): Տես նաև Իտալիա, Հայերը Իտալիայում մասը:

Գրկ.Грегоровиус Ф., История города Рима в средние века, т. 1–5, СПБ, 1902–12 Гаврилин В.М., Рим, М., 1960 Врунов Н.И., Рим. Архитектура эпохи барокко, М., 1937 Пилявский В. И., Рим, Л., 1972 Insole ra J., Roma moderna. Un secolo di storia urbanistica, 4 Torino, 1976.