Jump to content

ՀՍՀ/ՀՌՈՄՈՒԼՈՍ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՌՈՄՈՒԼՈՍ (Romulus), ըստ հռոմեական ավանդության Հռոմի հիմնադիրը և առաջին թագավորը (մ. թ. ա. 754 կամ 753– 717 կամ 716): Ավանդության համաձայն, Հ–ի և նրա երկվորյակ եղբայր Հռեմոսի ծնողները եղել են լատինների Ալբա Լոնգա քաղաքի թագավոր Նումիտորի դուստր, Վեստա աստվածուհու քրմուհի Հռեա Սիլվիան և Մարս աստվածը: Ալբա Լոնգայի գահը գավթած Ամուլիոսը գահի օրինական ժառանգորդ երկվորյակներին հրամայել է գցել Տիբեր գետը: Երկվորյակները փրկվել են, սնվել գայլի կաթով և կրթվել հովվի մոտ: Չափահաս դառնալով` պատժել են Ամուլիոսին, ապա որոշել քաղաք հիմնել իրենց փրկված տեղում: Քաղաքին անուն տալու վեճի ժամանակ Հռեմոսը սպանվել է, և քաղաքը Հ–ի անունով կոչվել է Հռոմ: Հ–ին վերագրում են ծերակույտի, կուրիաների, բանակի ստեղծումը և Հռոմի քաղաքացիներին պատրիկների ու պլեբեյների բաժանելը: