Jump to content

ՀՍՀ/ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ իրավաբանական, ՍՍՀՄ–ում պետական մարմինների գործունեության ձև, որն իրականացվում է սոցիալիստական օրինականության պահպանման նպատակով: Լինում է` դատական, դատախազական, վարչական: Դատախազական Հ. դատախազության` օրենքի պահպանմանն ուղղված հսկողությունն է մինիստրությունների, գերատեսչությունների, նրանց ենթակա հիմնարկների, տեղական սովետների գործադիր–կարգադրիչ մարմինների, կոոպերատիվ և այլ հասարակական կազմակերպությունների, առանձին պաշտոնատար անձանց ու քաղաքացիների գործունեության նկատմամբ (ընդհանուր Հ.): ՍՍՀՄ դատախազության համակարգի դատախազներն իրավասու են քննել քաղաքացիների դիմում–բողոքները, տեղերում (հիմնարկներում, ձեռնարկություններում) ստուգել օրենքի կատարումը, պահանջել անհրաժեշտ փաստաթղթեր, իրավախախտման կապակցությամբ պաշտոնատար անձանցից ու քաղաքացիներից վերցնել բացատրություն, հարուցել օրենքի խախտումը, խախտում առաջացնող պայմանները վերացնելու միջնորդություն, քրեական պատասխանատվության կանչել հանցավոր արարք կատարած անձանց: Նրանք հսկում են հետաքննության, նախաքննության մարմինների, դատարանների, դատավճիռն ի կատար ածող մարմինների գործունեությունը (տես նաև, Դատախազություն): Դատական Հ. իրականացնող մարմինները` վերադաս դատարանները, ստուգում են ստորադաս դատարանների դատավճիռների, վճիռների ու որոշումների օրինականությունը, գործի քննության կապակցությամբ տալիս են ղեկավար ցուցումներ, լուծում դատարանների միջև առաջացած վեճեր, վերանայում վճռաբեկ բողոքների ու գանգատների հիման վրա օրինական ուժի մեջ չմտած գործեր, դատարանի և դատախազության իրավասու պաշտոնատար անձանց հսկողական գանգատի հիման վրա` օրինական ուժի մեջ մտած գործեր (տես Հսկողական կարգով դատավճիռների, վճիոների և որոշումների վերանայում), ինչպես նաև այնպիսի գործեր, որոնց վերաբերյալ առկա է դատախազի եզրակացությունը` նոր հանգամանքներ ծագելու կապակցությամբ: Վարչական Հ. իրականացնում են պետ. կառավարման ճյուղային իրավասության մարմինները (մինիստրություններ, պետ. կոմիտեներ ևն) կամ Հ–յան հատուկ մարմինները (օրինակ, պետ. տեսչությունները)` կառավարման տարբեր օղակներում հնարավոր օրինախախտումները կանխելու նպատակով: