ՀՍՀ/ՀՐԱԲԽԱՅԻՆ ԱՊԱՐՆԵՐ
ՀՐԱԲԽԱՅԻՆ ԱՊԱՐՆԵՐ, վուլկանիտներ, հրաբխային ժայթքումների հետևանքով առաջացած ապարներ: Կախված ժայթքման բնույթից` առաջանում եներկու տիպ` արտահոսված (էֆուզիվ) և հրաբխաբեկորային (պիրոկլաստիկ): Վերջիններս ստորաբաժանվում են փխրուն (հրաբխային մոխիր, ավազ, խարամ ևն) և ամրացած կամ ցեմենտացած (տուֆեր, տուֆոբրեկչիաներ ևն) ապարների: Հ. ա. տարբերվում են քիմ. կազմով, ստրուկտուրային և տեքստուրային առանձնահատկություններով, ապար կազմող նյութի պահպանվածության աստիճանով: Ըստ քիմ. կազմի էֆուզիվ Հ. ա. ստորաբաժանվում են երկու հիմնական խմբի` ալկալային ու ալկալակրային, և բացի այդ, հիմքային (սիլիկաթթվով չհագեցած), միջին կազմի (սիլիկաթթվով հագեցած) և թթու ապարների (սիլիկաթթվով գերհագեցած): Լավաների բյուրեղացման աստիճանը, ստրուկտուրային և տեքստուրային առանձնահատկությունները կախված են նրանց մածուցիկությունից: Էֆուզիվ ապարներին բնորոշ են պորֆիրային, միկրոլիտային, կիսաապակյա, ապակյա ստրուկտուրաները և ֆլյուիդալ, գծավոր ու ծակոտկեն տեքստուրաները: Հին երկրաբանական ժամանակաշրջաններում առաջացած հ խիստ փոփոխման ենթարկված Հ. ա. կոչվում են պալեոտհպ, իսկ նորագույն ժամանակաշրջանի չփոփոխված տարատեսակները` կայնոտիպ ապարներ: Հ. ա–ով հարուստ ՀՍՍՀ տարածքում են գտնվում հրաբխային տուֆերի, խարամի և պեմզայի միութենական նշանակության մի շարք կարևորագույն հանքավայրեր: Հ. ա. լայնորեն կիրառվում են շինարարության մեջ, արդյունաբերության մի շարք ճյուղերում:
