Jump to content

ՀՍՀ/ՀՐԱԲՈՒԽՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՐԱԲՈՒԽՆԵՐ, երկրաբանական առաջացումներ երկրակեղևի ճեղքվածքների և կանալների վրա, որոնցով մշտապես կամ պարբերաբար խորքային մագմատիկ օջախներից Երկրի մակերևույթ են ժայթքում լավաներ, տաք գազեր, գոլորշիներն ապարների բեկորներ: Սովորաբար Հ. առանձին լեռներ են` կազմված ժայթքման արգասիքներից: Ըստ մատուցման կանալների ձևի Հ. լինում են` ճեղքվածքային և կենտրոնական: Ճեղքվածքային Հ. գոյացնում են վիթխարի զառիկող լավային ծածկոցներ մինչև 3000 մ ընդհանուր հաստությամբ (օրինակ, Սիբիրական վահանի, Դեկանի սարահարթի բազալտային ծածկոցներդ): Կենտրոնական Հ. կոնաձև բարձունքներ կամ հսկայական բարձրության հասնող լեռներ են, ունեն խողովականման մատուցող կանալներ, որոնք վերին մասում վերջանում են խառնարաններով կամ փողաբերաններով: Մշտական կամ պարբերական ակտիվություն ցուցաբերող Հ. կոչվում են գործող Հ. կամ հրաշունչ սարեր: Այն Հ., որոնք պատմական ժամանակներում չեն գործել, բայց պահպանել են իրենց ձևը և կառուցվածքը, համարվում են քնած Հ.: ՀՍՍՀ տարածքում հայտնի են ավելի քան 500 քնած հրաբուխ: Խոր փոփոխություններ կրած` քայքայված և հարթված Հ. դասվում են հանգած Հ–ի շարքին: Դրանց թվին են պատկանում հեռավոր երկրաբանական ժամանակաշրջաններում գործած Հ. (օրինակ, Ղրիմի մարզի, Հունգարիայի, Ֆրանսիայի Հ): Տարբերում են Հ–ի ժայթքման հետևյալ տիպերը: Լավայան տիպ. լավան շատ հեղուկ է` բազալտային, գազերով աղքատ է, դուրս է հոսում հանգիստ, առանց պայթյունների և խառնարանում առաջացնում լավային լիճ, գազերի համեմատաբար բուռն անջատումների դեպքում լավան շատրվանում է (օրինակ, Հավայան կղզիների Հ.): Ստրոմբոլյան տիպ. լավան որոշ չափով մածուցիկ է, բայց դեռ բավական հոսուն է, երբեմն առաջացնում է երկար հոսքեր, այն հարուստ է գազերով, որոնք անջատվում են պայթյուններով և դուրս շպրտում շիկացած լավայի տակավին պլաստիկ գղձիկներ. դրանք թռիչքի ընթացքում ձևափոխվում են խարամի, իլիկաձև ու ոլորված ռումբերի, պայթյունները հաճախակի են և կրկնվում են հավասար ընդմիջումներով (օրինակ, Ստրոմբոլին` Լիպարյան կղզիներում, Տոլբաչիկը` Կամչատկայում): Վուլկանյան տիպ. լավան մածուցիկ է, հարուստ գազերով, որոնք դժվարությամբ են ճեդքում–անցնում նրա միջով և առաջացնում ուժեղ պայթյուններ` սառած լավայի բեկորների, ավազի և մոխրի արտանետվածքներով, լավային հոսքերը սակավ են և կարճ (օրինակ, Վուլկանոն` Լիպարյան կղզիներում, Ավաչինյան և Կարիմյան սոպկաները` Կամչատկայում): Պելեյան տիպ. լավան խիստ մածուցիկ է, սառչում է մինչև հրաբխափողից դուրս գալը և խցանում այն, գազերի աճող ճնշման շնորհիվ խցանը աստիճանաբար դեպի վեր է շարժվում` նմանվելով բարձրադիր կոթողի, խառնարանից դուրս նետվող գազերը, մոխրի հետ միասին, շիկացած ամպերի ձևով սահում են լանջերով ցած (օրինակ, Մոնտան–Պելեն` Մարտինիկա կղզում): Կատմայան տիպ. լավան ժայթքումից առաջ փրփրում է, ցնցղնվում և մոխրի շիկացած հոսքի տեսքով արտավիժում խառնարանից (օրինակ, Կատմայը` Ալյասկայում): Բանդայսանյան տիպ. բնորոշվում է հսկայական ուժի պայթյուններով, որոնց հետևանքով առաջանում են զանազան ապարների տարբեր չափերի բեկորներ, լավային արտավիժումներ չեն նկատվում (օրինակ, Բանդայը` Ճապոնիայում): Պլինեյան տիպ. h զոր և մի քանի կմ բարձրությամբ գազային սյունը մոխրի հետ շատրվանում է դեպի վեր` ստեղծելով վիթխարի սունկի տպավորություն (օրինակ, Վեզուվը` Իտալիայում): Հայտնի են նաև ստորջրյա ժայթքումներ, որոնք երբեմն առաջացնում են հրաբխային կղզիներ: Հ–ի ձևերը կախված են ժայթքող լավայի բաղադրությունից և մածուցիկությունից, լավայի, բեկորային նյութի, մոխրի ու գազերի քանակական հարաբերություններից և այլ գործոններից: Առավել տարածված են կոնաձև, գմբեթաձև, վահանաձև և զանգվածային Հ.: Ժամանակակից Հ. տեղադրված են երիտասարդ լեռնաշղթաների, խոր բեկվածքների (գրաբենների), հարյուրավոր և հազարավոր կմ ձգվող տեկտոնական ակտիվ զոնաների երկարությամբ: Գործող Հ–ի մոտ 2 3–ը կենտրոնացած է խաղաղ օվկիանոսի կղզիներում և ափերում (խաղաղօվկիանոսյան հրաբխային գոտի): Մյուս կարևոր մարզը Ատլանտյան օվկիանոսի շրջանն է: Ներկայումս Երկրի վրա հայտնի են շուրջ 650 գործող հրաբուխ մայր ցամաքներում և շատ ավելի` օվկիանոսների ու ծովերի հատակում: Հ–ի աշխարհագրական տեղաբաշխումը խոսում է նրանց սերտ կապի մասին երկրակեղևի շարժուն և ծալքավորված զոնաների հետ: Այդ զոնաներում առաջացած ճեղքվածքները հենց այն ուղիներն են, որոնցով մագման բարձրանում է Երկրի մակերևույթ:

Գրկ. Ритман А., Вулканы и их деятельность, пер. с нем., М., 1964 Тазиев Г., Вулканы, пер. с франц.,М., 1963 В ull а rd F. NT., Volcanoes: in History, in Theory, in Eruption, Austin, 1962.