ՀՍՀ/ՀՐԱՁԳԱՅԻՆ ՍՊՈՐՏ
ՀՐԱՁԳԱՅԻՆ ՍՊՈՐՏ, լայն իմաստով` ընդգրկում է սպորտային հրաձգությունը (գնդակային ու ստենդային) և նետաձգությունը: Հրաձգություն գնդակային, հրաձգություն հրազենային կամ օդաճնշական ակոսափող հրացաններով կամ ատրճանակներով: Վարժությունների ժամանակակից ծրագիրն ընդգրկում է` սովորական հրաձգություն (1– 3 ր կրակոցի համար), կոնցենտրիկ 10 շրջանակներով թիրախին, արագընթաց հրաձգություն` կրակոցի համար 3 վրկ կամ 5 կրակոցով սերիաներ (20, 10, 8, 6, 4 վրկ)` ձևավոր (ուրվագծային) և շարժվող թիրախներին («վարազ», «եղջերու»): Գնդակային հրաձգության առաջին մրցումները կայացել են Շվեյցարիայում, 1824–ին: XIX դ. 2–րդ կեսին գնդակային հրաձգությունն ընդգրկվել է օլիմպիական խաղերի ծրագրում (բացառությամբ 1904 և 1928), 1897–ից անցկացվում են աշխարհի առաջնություններ (1954–ից` 4 տարին 1 անգամ): 1952–ից ՍՍՀՄ հրաձիգները մասնակցում են օլիմպիական խաղերին, աշխարհի, Եվրոպայի չեմպիոնատներին: 1959–ին հիմնվել է Գնդակային հրաձգության ՍՍՀՄ ֆեդերացիան (1924–59–ին` սեկցիա, որը 1952–ից Միջազգային հրաձգային միության անդամ է): 1969–ից, բացի չեմպիոնատներից, անցկացվում են ՍՍՀՄ առաջնության ամենամյա մրցումներ (պատանիների միջև), 1973–ից` երիտասարդական մրցումներ օլիմպիական խաղերի ծրագրով (4 տարին 1 անգամ): Համաշխարհային ռեկորդները (անհատական և թիմային) գրանցվում են օլիմպիական խաղերում, մայր ցամաքների չեմպիոնատներում ցուցաբերած արդյունքների հիման վրա: Գնդակային հրաձգությունն ընդգրկված է պարեկային, դահուկային մրցարշավներում, բիաթլոնում, ծովային բազմամարտում, հնգամարտում, ռազմա–կիրառական բազմամարտում: Հայաստանում գնդակային հրաձգությամբ զբաղվում են 1920–ից: 1930–ին հայ հրաձիգները մասնակցել են Անդրկովկասյան մրցումներին, 1948–ից` համամիութենական առաջնություններին: 1954–ին հանրապետությունում անցկացվել է ԴՕՍԱԱՖ–ի սպարտակիադա: Գնդակային հրաձգությունն առավել զարգացած է Երևանում և Լենինականում: Հայաստանում հայտնի են գնդակային հրաձգության մարզիչներ Մ. Ղազարյանը, Բ. Բաղդասարյանը, Գ. Սահրադյանը, Զ. Մելիք–Շահնազարովը, Պ. Սնեգիրյովը, Յու. Սիմոնյանը, Մ. Ղալեչյանը, հրաձիգներ` Կ. Բոստանջյանը, Ա. Ավետիսյանը, Ս. Անժելովան, Ս. Կոլչուրինը, Ս. Պողոսյանը, Ռ. Մկրտչյանը, Գ. Զոհրաբյանը, Զ. Սիմոնյանը, Ս. Մնացականյանը և ուրիշներ: Հրաձգություն ստենդային, կրակոց ողորկափող հրացաններով` արհեստական (կավե կամ ասֆալտե ափսեներ) կամ կենդանի (աղավնիներ) թիրախների վրա: Մրցումների ժամանակակից ծրագիրը (հրաձգություն թիրախափսեով) անցկացվում է խրամատային ստենդ–հրապարակի կամ կլոր ստենդի վրա: Խրամատային ստենդի վրա հրաձգությունը 1900–ից ընդգրկվել է օլիմպիական խաղերի ծրագրում (բացի 1904, 1936), ժամանակակից կանոններով (200 թիրախ)` 1952–ից, կլոր ստենդի վրա` 1968–ից: ՍՍՀՄ–ում համամիութենական մրցումները խրամատային ստենդի վրա անցկացվում են 1934–ից, կլոր ստենդի վրա` 1948–ից: 1959–ին հիմնվել է Ստենդային հրաձգության ՍՍՀՄ ֆեդերացիան (1934–59–ը` սեկցիա), որը 1952–ին մտել է Հրաձգության միջազգային միության, 1969–ից` Եվրոպական կոնֆեդերացիայի կազմի մեջ: Սովետական ստենդային հրաձիգները 1952–ից մասնակցում են օլիմպիական խաղերին, 1954–ից` աշխարհի, 1955–ից` Եվրոպայի առաջնություններին: Հայաստանում ժամանակակից ստենդային հրաձգությամբ զբաղվել են 1939– 1940–ական թթ. (ոչ կանոնավոր), 1956–ից` անցկացվում են մշտական պաշտոնական մրցումներ և հանրապետության հավաքականը մասնակցում է համամիութենական մրցումներին: Հայաստանում ստենդային հրաձգության զարգացմանը նպաստել է մարզիչ Ա. Յարալովը: Ճանաչված հրաձիգներ են Դ. Թուշիկյանը, Վ. Այվագյանը, Մ. Չալդրանյանը, Ռ. Սահակյանը, Ա. Մեզինը, Պ. Բալյանը, Ս. Հակոբյանը, Մ. Այվազյանը, Հ. Հովհաննիսյանը, Վ. Պետրոսյանը, Մ. Կատրանջյանը, Բ. Գինոսյանը:
