ՀՍՀ/ՀՐԱՄԱՆԱԳԻՐ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐ, իրավական ակտ, որը հրապարակում է պետության գլուխը: Լինում է նորմատիվ (տես Նոոմատիվ–իրավական ակտ) կամ ոչ նորմատիվ (պաշտոնի նշանակում, շքանշանով պարգևատրում ևն): ՍՍՀՄ–ում Հ. հրապարակելու իրավունքը վերապահված է ՍՍՀՄ Գերագույն սովետի Նախագահությանը, միութենականն ինքնավար հանրապետությունների գերագույն սովետների նախագահություններին: Նորմատիվ ակտի նշանակություն ունեցող, ինչպես նաև կառավարության անդամների և պաշտոնատար անձանց նշանակելու կամ ազատելու վերաբերյալ Հ. ենթակա է համապատասխան Գերագույն սովետի հերթական նստաշրջանի հաստատմանը: Նորմատիվային բնույթի նշանակության Հ. ուժի մեջ է մտնում «Իզվեստիա» թերթում կամ ՍՍՀՄ Գերագույն սովետի տեղեկագրերում հրատարակվելուց 10 օր անց, եթե Հ. այլ բան չի հռչակում: Նորմատիվային բնույթ չունեցող Հ. ուժի մեջ է մտնում հրատարակումից հետո, անհապաղ, եթե այլ ժամկետ չի սահմանված: Ժամանակակից բուրժ. երկրներում Հ. հասկացությանը համապատասխանում են decret–ը (ֆրանս.), Verordnung–ը (գերմ.), Order–ը (անգլ.):
