ՀՍՀ/ՀՐԱՄԱՆ ՀԱՇՎՈՂԱԿԱՆ ՄԵՔԵՆԱ
ՀՐԱՄԱՆ հաշվողական մեքենայի, հատուկ կոդ (մեքենայի լեզվով գրված հրահանգ), որը որոշում է թե մեքենան ինչպիսի գործողություն պետք է կատարի, որտեղից վերցնի օպերանդները (տվյալները), որտեղ ուղարկի հաշվման արդյունքները, որտեղից վերցնի հաջորդ Հ.: Յուրաքանչյուր Հ. կազմված է գործողության և օպերանդները ցույց տվող կոդերից: Գործողությունները լինում են տարբեր դասերի, օրինակ, կառավարող, թվաբանական, տրամաբանական, մուտքի–ելքի: Օպերանդները նույնպես լինում են տարբեր դասերի, օրինակ, ռեգիստրային, անմիջական և հիմնական հիշողության: Ռեգիստրային օպերանդները գտնվում են ռեգիստրներում, որոնց հասցեները տրվում են Հ–ում: Անմիջական օպերանդները գտնվում են ուղղակի Հ–ի մեջ և նրա մի մասն են կազմում: Հիմնական հիշողությունում գտնվող օպերանդների հասցեները տրվում են Հ–ում: Օաերանդը տրվում է նաև անբացահայտորեն, այսինքն` նրա կոդը Հ–ում չկա, բայց գործողության կոդով կարելի է որոշել նրա տեղը: Հ–ները լինում են տարբեր երկարության և կառուցվածքի: Հ–ների օգնությամբ կազմվում են խնդիրների լուծման ծրագրեր: Ծրագիրը մեքենայի հիշողության մեջ պահվում է հաջորդաբար գրված Հ–ների տեսքով: Հ–ի ընտրությունը մեքենայի հիշողությունից և նրա իրացումն ապահովում է կառավարման սարքը, իսկ ընտրվող Հ–ների հաջորդականությունը ստացվում է հենց իրենց` Հ–ների օգնությամբ (ամեն մի Հ. որոշում է հաջորդ Հ–ի հասցեն): Հ–ները սովորաբար կատարվում են կենտրոնական պրոցեսորում, սակայն կան մեքենաներ, որոնք կենտրոնականից բացի ունեն նաև օժանդակ պրոցեսորներ, որոնք, աշխատելով կենտրոնականի հետ համատեղ, ապահովում են մուտքի–ելքի հրամանների կատարումը:
