ՀՍՀ/ՀՐԱՉ ԵՐՎԱՆԴ
ՀՐԱՉ ԵՐՎԱՆԴ (Յաղուբյան Նշան) (21.7.1885, Խարբերդ – 12.9.1968, Բոստոն), հայ հասարակական գործիչ, հրապարակագիր: Վերակազմյալ հնչակյան (1921–ից` ռամկավար): 1912–ին ավարտել է Բոստոնի (ԱՄՆ) համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Հրատարակել և խմբագրել է «Ձայն հայրենյաց», «Պահակ»,«Արոր», «Ժողովրդի ձայն», «Պայքար» պարբերականները: 1915–ի ապրիլի 24–ին Կ. Պոլսում պատահաբար փրկվել է ձերբակալությունից և իբրև ամերիկյան քաղաքացի վերադարձել ԱՄՆ, որտեղ հասարակական լայն գործունեություն է ծավալել (կամավորական շարժման կազմակերպում, հանգանակություն հօգուտ աղետյալների ևն): 1921–ին վերադարձել է Կ. Պոլիս: 1923–ից շրջագայել է հայ գաղթավայրերը (Եգիպտոս, Սիրիա, Լիբանան, Պաղեստին, Հնդկաստան, Բիրմա, Ինդոնեզիա, Բալկանյան երկրներ ևն): Երկու անգամ (1926 և 1934–ին) այցելել է Սովետական Հայաստան: Նպաստել է սփյուռքահայությանը մայր հայրենիքին կապելու գործին:
Պ. Մարտիրոսյան
