Jump to content

ՀՍՀ/ՀՐԱՑԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՐԱՑԱՆ, ձեռքի հրազեն: Առաջին, հարթ փողերով Հ–ները ստեղծվել են XIV– XV դդ.: XVI դ. պատրույգային փակաղակի գյուտից հետո երևան եկան ավելի կատարելագործված Հ–ներ` Մուշկետներ: XVII դ. վերջերից տարածում գտան հարթ, այնուհետև` ակոսավոր փողերով կայծքարային Հ–ները, որոնց հեռահարությունը 140– 800 մ էր, արագաձգությունը` 1 կրակոց 1 ր–ում (հարթ փողով Հ.) և 1 կրակոց 5 ր–ում (ակոսավոր փողով Հ.): XIX դ. ակոսավոր Հ–ները դուրս մղեցին հարթափող Հ–ներին: Վերջիններս այժմ օգտագործվում են միայն որպես որսորդական հրացան: Ակոսավոր փողով անցնելիս գնդակին հաղորդվում է պտտական շարժում, որն ապահովում է նրա կայուն թռիչքը, Հ–ի հեռահարությունն (մինչև 2000 մ) ու դիպուկությունը: Առաջին ակոսավոր Հ–ները երևան են եկել XVI դ. սկզբներին, սակայն լայն կիրառություն չեն գտել, որովհետև փողից (դիմացից) լիցքավորելը հարմար չէր և 5–7 անգամ երկար էր տևում, քան հարթափող Հ–ներինը: XIX դ. հարվածային բաղադրության, պատիճի, այնուհետև ամբողջական մետաղական փամփուշտի գյուտից և լիցքավորման կատարելագործումից հետո ակոսավոր Հ–ի արագաձգությունը կտրուկ մեծացավ, և այն սկսեցին լայնորեն կիրառել բոլոր առաջավոր բանակները: Պահեստատուփի, անծուխ վառոդի և պարուրակավոր գնդակների գյուտերից հետո Հ. ավելի կատարելագործվեց: XX դ. սկզբում մշակվեց ավտոմատ Հ., որի արագաձգությունը հատ–հատ կրակոցի ժամանակ 25–30 կրակոց էր 1 ր–ում: Ուսումնական ու սպորտային նպատակների համար ստեղծվել են սպորտային Հ–ներ (սովորաբար 5,6 մմ տրամաչափի):