ՀՍՀ/ՀՐԵԱԿԱՆ ԳԻՐ
ՀՐԵԱԿԱՆ ԳԻՐ, հին և ժամանակակից հրեաների գիրը: Հնագույն տառային այբուբեններից մեկն է: Կազմավորվել է փյունիկյան–քանանական հիմքի վրա: Առավել վաղ գրավոր հուշարձանները վերաբերում են մ. թ. ա. XI–X դդ.: Հ. գ–ի այս նախնական տարատեսակով է գրվել Աստվածաշնչի տեքստերի զգալի մասը: Մ. թ. ա. III–II դդ. հրեաները փոխառել են արամեական գիրը, տառերի չափսերը հավասարեցրել են և քառակուսի տեսք տվել դրանց: Այսպես ստեղծվել է հրեական «քառակուսի գիրը»: Այս գրով և արամեական լեզվով ստեղծվել է Թալմուդը (մ. թ. ա. III– մ. թ. V դդ.): XI դարից գեղագրական նկատառումով մշակվել է այս գրատեսակը և նրա հիմքի վրա գոյացել են տպագիր ու շղագիր տառատեսակներ: Աստիճանաբար, գրի մշակմանը զուգընթաց, աշխատանքներ են տարվել ձայնավորներ նշանակելու ուղղությամբ, քանի որ այբուբենը բաղաձայնական էր, նրանում ձայնավորների համար տառեր չկային (եղած 22 տառերը նշում էին միայն բաղաձայնները): Միջին դարերից որոշ բաղաձայն տառեր գործածվել են որպես ձայնավոր, իսկ VII–VIII դարերից լայնորեն օգտագործվել են դիակրիտիկ (հնչյունատարբերիչ) նշանները: Հ. գ. սեմական լեզուների (եբրայերեն, ասորերեն, արաբերեն) համար գործածվելիս սովորաբար պահպանում է իր բաղաձայնական բնույթը: Ժամանակակից հրեերենի (իվրիտերենի) այբուբենը քառակուսի գրատետսկն է, որի մեջ ձայնավորներն արտահայտվում են matres lectiones–ի սկզբունքով (որոշ բաղաձայն տառեր հարմարեցված են նաև ձայնավորներ նշանակելու համար): Ոչ սեմական լեզուների (իդիշ, լադինո ևն) համար գործածվող գրատարբերակներում ձայնավորներն արդեն ունեն տառային նշանակումներ: Կետադրությունը հիմնականում եվրոպական է: Աստվածաշնչի տեքստերն ունեն բարդ կետադրություն, որն ապահովում է տեքստի հատվածների կապը, շեշտադրությունը, ծիսային ընթերցումների մեղեդայնությունը: Հ. գ., ինչպես ընդունված է սեմականում առհասարակ, ունի աջից ձախ ուղղություն:
| Աղյուսակ գիր | Ձայնագրություն | Հնչումը հին հրեերենում | Հնչումը ժամանակակից իվրիտում | Հնչումը իդիշում |
|---|---|---|---|---|
| א | a | , | ,’- | a⁵ |
| ב | b, v | b, bb, β² | b, v² | b, (v⁶) |
| ג | g | g, ɡɡ, γ² | g | g |
| ד | d | d, dd, δ² | d | d |
| ה | h | h⁴ | h⁴ | h |
| ו | v, u, o | w, ū, ō | u⁵ | u |
| ז | z | z, zz | z | z⁵ |
| ח | ḥ | ḥ | χ | (χ⁶) |
| ט | ṭ | ʈ, ʈʈ | t | t⁵ |
| י | y, i | j, jj, ĩ, ē | j, i, e | i, j⁵ |
| כ, ך | k, kh | k, kk, x² | k, χ² | χ, (k⁶) |
| ל | l | l, ll | l | l |
| מ, ם | m | m, mm | m | m |
| נ, ן | n | n, nn | n | n |
| ס | s | s, ss | s | s |
| ע | ‘ | ‘ | e | e |
| פ, ף | p, f | p, pp, φ² | p, f² | f⁵ |
| צ, ץ | ṣ | š, šš, šš² | š, s³ | š (s⁶) |
| ק | q | k, kk | k | k |
| ר | r | r, rr | r | r |
| ש | š | š, šš, šš³ | š, s³ | š (s⁶) |
| ת | t | t, tt, ʈ² | t | (t, s⁶) |
| Աղյուսակ գիր (17 բաղաձայնի առկայությամբ ձայնավորման օրինակով) | Հնչումը հին հրեերենում | Հնչումը ժամանակակից իվրիտում |
|---|---|---|
| ה | ha | ha |
| הָ | hã, ho | ha, ho |
| הֵ | he, hãæ | he |
| הֶ | hẽ | he (hej) |
| הִ | hi | hi |
| הִי | hĩ | hi |
| הֹ | hō | ho |
| הוֹ | ho | ho |
| הֻ | hu | hu |
| הוּ | hu | hu |
| הַ | ha, h | ha, h |
| הֲ | hă | ha |
| הֶ | hě | he |
| הֹ | ho | ho |
Գրկ. Լոուկոտկա Զ., Գրի զարգացումը, Ե., 1955: Истрин В., Возникновение и развитие письма, М., 1965.
Հ. Պետրոսյան
