Jump to content

ՀՍՀ/ՀՐԵԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՐԵԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, հին հրեերենով (իվրիտերեն) և իդիշով ստեղծված գրականությունը: Իվրիտերենով Հ. գ. զարգացել է տարբեր երկրներում, այժմ զարգանում է գլխավորապես Իսրայելում (տես նաև Իսրայել, Գրականությունը), իդիշով` ՍՍՀՄ–ում, Ռումինիայում, ԱՄՆ–ում, Իսրայելում, Ֆրանսիայում, Կանադայում, Բրազիլիայում, Արգենտինայում և այլուր: Հին Հ. գ–յան գլխավոր հուշարձանը Աստվածաշունչն է, որի առանձին մասերը (Հնգամատյան, Մարգարեություններ ևն) գրվել են մ. թ. ա. XII. դարից մինչև մ. թ. II դ.: Միջնադարյան Հ. գ–յան առաջին հուշարձաններից է Թալմուդը (ավարտվել է V դ.): Հրեական գնոստիցիզմի «Գիրք արարածոց» առաջին հայտնի հուշարձանը, ինչպես ենթադրում են, վերաբերում է VIII դ.: Միջնադարյան Հ. գ. առանձնապես զարգացել է արաբ. Իսպանիայում Խասդայ իբն Շապրուտ, մոտ 915–990, Խա Նագիդ, 993–1056, Սողոմոն իբն Գեբիրոլ (Ավիցեբրոն), 1021–55, Մովսես իբն Էզրա, 1055–1139, Եհուդա Հալևի, 1075–1141: Իտալիայում հայտնի է եղել Իմմանուիլ Հռոմեացին, (մոտ 1268–1330): Իսպանիայից հրեաների արտաքսումից հետո, XVI– XVII դդ., սկսել է Հ. գ–յան անկման երկարատև շրջանը: Իդիշով Հ. գ. առաջացել է Գերմանիայում, XIII դ. և XIV–XV դարերից արտացոլել է հրեաների կյանքը գերմ. ֆեոդալիզմի և վաղ Վերածննդի շրջանում, XVI դ. վերջին` Լեհաստանում, XVIII դ. վերջին –XIX դ. սկզբին` Ռուսաստանում: Իվրիտերենով և իդիշով նոր Հ. գ–յան զարգացման կարևոր գործոնն էր Գասկալայի լուսավորական շարժումը, որն սկզբնավորվել էր Գերմանիայում փիլիսոփա–դեիստ Մ. Մենդելսոնի (1729–86) կողմից: XIX դ. Ռուսաստանում այդ շարժման հայտնի գաղափարախոսը Ի. Լևինզոնն էր (1788–1860): Գասկալայի նշանաբանով ծավալվեց իդիշով ստեղծագործող շատ գրողների գործունեությունը, որոնց մի մասն իրենց ստեղծագործություններում բողոքում էին սոցիալական անարդարության դեմ: XIX դ. կեսերին ռուս առաջադեմ գրականության ազդեցությամբ Ռուսաստանի Հ. գ. հագեցել էր դեմոկրատիզմի գաղափարներով (Պ. Սմոլենսկի,1840–85, Մ. Լիլիենբլյում, 1843–1910, Ի. Գորդոն, 1830–92): XIX դ. վերջին XX դ. սկզբին են հանդես եկել Հ. Բյալիկը (1873–1934), Ս. Չերնիխովսկին (1873–1943), Զ. Շնեուրան (1887– 1959), Դ. Ֆրիշմանը (1865–1922), Ի. Ռավնիցկին (1859– 1944) և ուրիշներ: Իդիշով դասական գրականության հիմնադիրը և նրա գրական տարբերակի մշակողը եղել է Մենդելե Մոյխեր–Սֆորիմը (Շ. Աբրամովիչ, 1836– 1917): Ա. Գոլդֆադենը (1840–1908) հիմնադրել է հրեական ժող. թատրոնը, գրել դեմոկրատիզմի և հումանիզմի գաղափարներով տոգորված պիեսներ ու բանաստեղծություններ: XIX դ. 80–90–ական թթ. և XX դ. սկզբին դասակարգային պայքարի ակտիվացման հետ որոշ գրողներ արտացոլեցին աշխատավորների սոցիալիստական և դեմոկրատական հայացքները, մյուսները` բուրժուազիայի ազգայնական–սիոնիստական գաղափարախոսությունը: Շոլոմ–Ալեյխեմի (Ռաբինովիչ, 1859–1916) դասական ռեալիստական ստեղծագործություններում տրված է հրեա ժողովրդի կյանքի իրական պատկերը: Դ. Բերգելսոնի (1884–1952), Դեր Նիստերի (1884–1950), Օ. Շվարցմանի (1889–1919) ստեղծագործություններում արտացոլված է հասարակական շարժման նոր վերելքը: Սովետական Հ. գ–յան մեջ պոեզիայի հիմնադիրները դարձան Օ. Շվարցմանը, Դ. Գոֆշտեյնը (1889–1952), Լ. Կվիտկոն (1890–1952), Պ. Մարկիշը (1895–1952), հանդես եկան նոր բանաստեղծներ Ա. Կուշնիրովը (1892–1949), Ս. Գալկինը (1897–1960), Է. Ֆինինբերգը (1899–1946) և ուրիշներ: XX դ. 20–30–ական թթ. սկսեցին ստեղծագործել արձակագիրներ Ն. Գ. Լուրյեն (1885–1960), Մ. Դանիելը (1900–40), Շ. Գոդիները (1892–1941), Ա. Կագանը (1900–65), Գ. Օոլանդը (1898–1946), Մ. Ալբերտոնը (1900–47), Ֆ. Սիտոն (1909–45), բանաստեղծներ` Մ. Տեյֆը (1904–66), Յա. Զելդինը (1902–1941), Է. Կազակևիչը (1913–62), Բ. Օլևսկին (1909–41), Ի. Կոտլյարը (1908–62) և ուրիշներ: Ուկրաինայի և Բելոռուսիայի արմ. մարզերի ազատագրումից, Լատվիայում, Լիտվայում, Էստոնիայում, Բեսարաբիայում սովետական կարգերի հաստատումից հետո Հ. գ. համալրվեց նոր անուններով (Յա. Շտերնբերգ, ծն. 1890, Մ. Ալթման, ծն. 1890, Մ. Սակցիեր, ծն. 1907 և ուրիշներ): Մոտ 40 հրեա գրող զոհվեց 1941–45–ի Հայրենական մեծ պատերազմում: 60–ական թթ. նշանակալի են Մ. Ալթմանի, Ի. Շեխտմանի (ծն. 1908), Դոբինի (ծն. 1905), Նոտա Լուրյեի, Ֆալիկմանի (ծն. 1911), Ի. Ռաբինի (ծն. 1900), Գորդոնի (ծն. 1909), Տ. Գենի (ծն. 1912), Պոլյանկերի (ծն. 1908), Զաբարայի (ծն. 1908), Շ. Գորշմանի (ծն. 1906), Մ. Լևի (ծն. 1915) և ուրիշների ստեղծագործությունները: Ժամանակակից Հ. գ. արտասահմանում: XIX դ. վերջում, ԱՄՆ–ում հրեա բնակչության աճի հետ կապված (հիմնականում Արևելյան Եվրոպայից ներգաղթած) Հ. գ. սկսում է զարգանալ Ամերիկայում: Պրոլետարական բանաստեղծներ Մ. Վինչևսկու (1856–1932), Դ. Էդելշտադտի (1866–92) և ուրիշների ստեղծագործություններն ուղղված են սոցիալական անհավասարության դեմ: Արձակագիրներ Լ. Կոբրինը (1872–1925), Զ. Լիբինը (1872–1955), դրամատուրգ և ԱՄՆ–ում հրեական թատրոնի բարենորոգիչ Յա. Գորդինը (1853–1909), բանաստեղծներ Ա. Լեսինը (կեղծանունը` Ա. Վալտա, 1872–1938), Եգոյոշը (կեղծանունը` Բլյումգարտենա, 1870–1927) պատկերել են ժող. զանգվածների կյանքը կապիտալիստական իրականության պայմաններում: Հեղափոխական և դեմոկրատական միտումներին զուգընթաց ԱՄՆ–ի Հ. գ–յան մեջ զարգացել են սիոնիզմի գաղափարներ: 1912–ին ստեղծվել է «Երիտասարդներ» խմբակը, որը հրատարակել է «Կետուբիմ» (1912–ից 26–ը, 8 հհ.) ժողովածուները: Հ. գ–յան զարգացման գործում նշանակալի դեր է կատարել Պ. Գիրշբեյնը («Բաբելոն», վեպ–եռերգություն): 20–ական թթ. «Ֆրայխայտ» այժմ` «Մորգեն–Ֆրայխայտ», հիմնադրել են Վինչևսկին և քննադատ Մ. Օլգինը (1879–1939) կոմունիստական թերթի շուրջն են համախմբվել առաջադեմ գրողներ, քննադատներ ու հրապարակախոսներ: 1929–ին ստեղծվել է Հրեական պրոլետարական գրողների միությունը` «Պրոլետպեն»–ը (Ս. Ֆել–Ելին, Բեր–Գրին, Շ. Դեյկսել, Խավեր–Պավեր ն ուրիշներ): Լեհաստանում Հ. գ. նկատելի վերելք ապրեց երկու համաշխարհային պատերազմների միջև ընկած ժամանակաշրջանում: 20–ական թթ. բանաստեղծների մի խումբ հանդես եկավ հին աշխարհի ու կապիտալիզմի ժխտման դիրքերից: Պոեզիայում գերիշխում էին անարխիստական գաղափարները, արձակում` նատուրալիզմը, որի խոշորագույն ներկայացուցիչն էր Օ. Վարշավսկին (1890–1944): Այսուհանդերձ Ի. Զինգերը (1893–1944) և այլ ռեալիստ գրողներ պատկերեցին հրեական աշխատավորության իրական կյանքը: Ֆրւսնսիայում առաջադեմ Հ. գ. ներկայացնում են բանաստեղծուհի Դ. Տեյտելբոյմը, դրամատուրգ Խ. Սլովեսը և ուրիշներ: Պաղեստինում Հ. գ. սկզբնավորվել է XIX դ. վերջին, երբ անգլ. գաղութ են ներգաղթել իվրիտով ստեղծագործող գրողներ Հ. Բյալիկը, Մ. Սմիսանսկին (1874 1953), Ու. Գնեսինը (1879–1913). Յա. Ֆիխմանը (1881–1948), Դ. Շիմոնին, (1886–1956), Յա. Կոհենը (1881–1960), Ա. Բարաշը (1889–1957) և ուրիշներ, որոնց ստեղծագործությունը հագեցած է սիոնիզմի գաղափարներով: Նշանակալից է հատկապես Շ. Ագնոնի (1888–1970, նոբելյան մրցանակ, 1966) ստեղծագործությունը: 20–ական թթ. 2–րդ կեսից Պաղեստինի Հ. գ–յան մեջ ավելի մեծ տեղ է գրավում դասակարգային շերտավորման թեման: Սիոնիստական գրականությանը հակադրվում է առաջադիմականը (Ա. Պեն, 1906–72, Մ. Ավի–Շաուլա, ծն. 1898), որի ներկայացուցիչները զարգացրել են հրեական և համաշխարհային գրականության դեմոկրատական ավանդույթները: Սոցիալական խնդիրներով է հագեցած Ա. Շլենսկու (ծն. 1900), Ն. Ալտերմանի (1910–70) և Լեյ Գոլդբերգի (1911–70) պոեզիան: Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբից Պաղեստինի Հ. գ–յան մեջ կարևոր տեղ է գրավել հիտլերյան վայրագությունների թեմատիկան, ինչպես նաև սովետական ժողովրդի հերոսության պատկերումը:

Գրկ. Карпелес Г., История еврейской литературы, т. 1–2, СПБ, 1890 Розанов В. В., Библейская поэзия, СПБ, 1912 Львов–Рогачевский В., Русско–еврейская литература, М., 1922.