Jump to content

ՀՍՀ/ՀՐԵԱԿԱՆ ԻՆՔՆԱՎԱՐ ՄԱՐԶ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՐԵԱԿԱՆ ԻՆՔՆԱՎԱՐ ՄԱՐԶ, ՌՍՖՍՀ Խաբարովսկի երկրամասի կազմում: Ստեղծվել է 1934–ի մայիսի 7–ին: Հվ–ում սահմանակից է Չինաստանին: Տարածությունը 36 հզ. կմ² է, բնակչությունը` 190 հզ. (1979): Վարչականորեն բաժանվում է 5 շրջանի: Ունի 2 քաղաք, 12 քտա, կենտրոնը` Բիրոբիջան:

Բնությունը: Հ. Ի. Մ. գտնվում է Խաբարովսկի երկրամասի հվ–արմ–ում. բաժանվում է հս–արմ. լեռնային և հվ–արլ. դաշտավայրային մասերի: Հս–արմ. մասում են Փոքր Խինգան, Սուտարյան, Շչուկի–Պոկտոյ և Պոմպեևյան լեռնաշղթաները (բարձրությունը` 600–700 մ), հս–ում` Բուրեական լեռնաշղթայի ճյուղավորումները (800–1000 մ), հվ–ում և հվ–արլ–ում` Միջինամուրյան խիստ ճահճոտ դաշտավայրը (40–150 մ): Կլիման մուսսոնային է: Ձմեռը ցուրտ է, սակավաձյուն, ամառը` տաք, խոնավ: Հունվարի միջին ջերմաստիճանը–21°C–ից մինչև –26,5С է, հուլիսինը` 18–21°C, տարեկան տեղումները լեռներում 750–800 մմ են, հարթավայրում` 500–700 մմ: Վեգետացիոն շրջանը 155–175 օր է: Գլխավոր գետը Ամուրն է Բիրա, Բիջան, Տունգոակա վտակներով: Հողերը լեռներում գորշ լեռնաանտառային են, Միջինամուրյան դաշտավայրում` մարգագետնա–ճահճային և ալյուվիալ, բարձրադիր մասերում` գորշ անտառային: Տարածքի 36–ը անտառածածկ է: Միջինամուրյան դաշտավայրում բուսածածկույթը մարգագետնային, մարգագետնա–ճահճային և ճահճային է: Տնտ. մեծ նշանակություն ունեն ողողվող մարգագետինները: Կենդանիներից կան որմզդեղն, մարալ, վարազ, սկյուռ, սամույր, ջրաքիս, գետերում` ձկներ:

Բնակչությունը: Հիմնականում ռուսներ, հրեաներ, ուկրաինացիներ ևն: Միջին խտությունը 1 կվ 2 վրա 5,3 մարդ է (1979): Առավել խիտ են բնակեցված Անդրսիբիրյան երկաթուղու և Ամուրի մերձափնյա շրջանները: Քաղաքային բնակչությունը 68 է:

Պատմական տեղեկանք: Հ. Ի. Մ–ի ներկայիս տարածքի զանգվածային բնակեցումը սկսվել է XIX դ. կեսից (1856–ից` անդրբայկալյան կազակները, XIX դ. վերջից` ամուրյան երկաթուղու շինարարները): Հիմնվել են ստանիցաներ, ավաններ, երկաթուղային կայարաններ: 1920–22–ին մարզի տարածքը մտնում էր Հեռավորարևելյան Հանրապետության մեջ: 1928–ի մարտի 28–ին ՍՍՀՄ Կենտգործկոմի նախագահությունը որոշում ընդունեց Բիրոբիջանի շրջանը բնակության համար հատկացնել աշխատավոր հրեաներին: 1930–ին Հեռավորարևելյան երկրամասի կազմում ստեղծվեց Բիրոբիջանի ազգ. շրջանը, իսկ 1934–ի մայիսի 7–ին կազմավորվեց Հ. Ի. Մ. (Բիրոբիջան ավանային կենտրոնով): Մարզում կամավոր բնակություն հաստատեցին ինչպես հրեա սովետական քաղաքացիներ, այնպես և այլ երկրներից եկած հրեա աշխատավորներ: 1934–ի դեկտ. 18–ին բիրոբիջանում կայացավ Սովետների մարզային I համագումարը, 1935–ի հունիսի 4–6–ին` կուսակցության I կոնֆերանսը: Աշխատավոր հրեաների, ռուսների, ուկրաինացիների, կորեացիների և այլոց համատեղ աշխատանքով դրվեցին մարզի սոցիալիստական արդյունաբերության և կոլեկտիվ գյուղատնտեսության հիմքերը: 1940–ին այն արդեն զարգացած գյուղատնտեսության և արդյունաբերության մարզ էր: 1941–45–ի Հայրենական մեծ պատերազմի տարիներին մարզից ռազմաճակատ մեկնեց ավելի քան 10 հզ. բնակիչ, որոնցից Սովետական Միության հերոսի կոչման արժանացավ 9 մարդ: Ձեռք բերած հաջողությունների համար Հ. Ի. Մ. 1967–ին պարգևատրվել է Լենինի շքանշանով:

Տնտեսությունը: Հ. Ի. Մ. Խաբարովսկի երկրամասի տնտեսապես զարգացած շրջաններից է: Տալիս է երկրամասի արդ. արտադրանքի 9–ը: Միջշրջանային նշանակություն ունեն գյուղատնտ. մեքենաների, ուժային տրանսֆորմատորների, ցեմենտի, կրի, կոշիկի, տրիկոտաժի, տեքստիլ–կարի, գուլպաների արտադրությունը, փայտամշակման (այդ թվում` կահույքի) արդյունաբերությունը: Արդյունահանվում է անագ: Արդ. բոլոր մեծ ձեռնարկությունները կառուցվել են ետպատերազմյան տարիներին: Արդ. խոշոր կենտրոնը Բիրոբիջանն է: Հ. Ի. Մ. Խաբարովսկի և մասամբ երկրամասի կենտրոնական ու հս. շրջանների բանջարեղենի, կարտոֆիլի, կաթի ու մսի բազան է: Գյուղատնտեսությունը մասնագիտանում է նաև սոյայի, հացահատիկի արտադրության և մեղվաբուծության ուղղությամբ: Գյուղատնտ. հանդակները 250,4 հզ. հա են. որից ցանքատարածությունները` 157,2 հզ. հա (1978): 1979–ին մարզում կար 72,3 հզ. գլուխ խոշոր եղջերավոր անասուն, 23,2 հզ. գլուխ խոզ, 307,6 հզ. թռչուն: 1972–ին ուներ 2 կոլտնտեսություն, 25, այդ թվում` 4 մեղվաբուծական սովետական տնտեսություն: Մարզի տրանսպորտային ցանցի հիմքը Անդրսիբիրյան երկաթուղին է և Ամուրի ջրային ուղին: 1970–ին երկաթուղիների երկարությունը 520 կմ էր, նավարկելի գետային ուղիներինը` 500 կմ, խճուղիներինը` 1110 կմ:

Առողջապահությունը: 1979–ին մարզում գործել է ավելի քան 32 հիվանդանոցային հիմնարկ` 2680 մահճակալով (1000 բնակչին` 14,1 մահճակալ), աշխատել` 428 բժիշկ (444 բնակչին` 1 բժիշկ) և 1635 միջին բուժաշխատող: Համամիութենական նշանակություն ունի Կուլդուր կուրորտը: Ժողովրդական կրթությունը, կուլտուր–լուսավորական հիմնարկները: Մինչև Հոկտեմբերյան հեղափոխությունը մարզի տարածքում ուս. հաստատություններ չեն եղել: 1978 79 ուս. տարում Հ. Ի. Մ–ի բոլոր տիպի հանրակրթական դպրոցներում սովորել է 31,6 հզ. մարդ, միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում (մանկ., բժշկ., գյուղատնտ. ևն)` 5,7 հզ. մարդ: Նախադպրոցական հիմնարկներում դաստիարակվել է 17,3 հզ. երեխա (1979): Մարզում կա (1979) 114 գրադարան, 120 ակումբ, 160 կինոկայանք, 2 թանգարան, 4 ժող. թատրոն (ոուս. և հրեական), երաժշտ. 7 դպրոց, գեղարվեստական դպրոց: Մամուլը և ռադիոհաղորդումները: Լույս են տեսնում «Բիրոբիջաներ շտեռն» («Բիրոբիջանի աստղ», հրեերեն, 1930–ից) և «Բիրոբիջանսկայա զվեզդա» («Биробиджанская звезда», 1930–ից) մարզային թերթերը: Ռադիոհաղորդումները տրվում են 2 ծրագրով, հրեերեն և ռուս., հաղորդվում են նաև Խաբարովսկի ու Մոսկվայի ծրագրերը: