ՀՍՀ/ՀՐԵՇՆԵՐ
ՀՐԵՇՆԵՐ, առասպելական, երևակայական արարածներ: Պատկերացվել են անբնական ու զարհուրելի կերպարանքով, բազմագլուխ, խառնածին ու այլաձև մարմնանդամներով: Հ–ի պաշտամունքն առաջացել է նախնադարյան ժամանակներում` ահարկու ու վնասակար կենդանիների հանդեպ երկյուղից, ինչպես նաև «հոգեփխության» (մահից հետո հոգու «տեղափոխումը» այս կամ այն կենդանու մեջ) նկատմամբ տածած հավատից: Հ. դիտվել են չար դևերի ու կախարդների ծառաներ, որոնք, իբրև կերպարանափոխվելով, մոլորեցնում են և կորստյան մատնում մարդկանց, ավերում արտերը, հափշտակում բերքը, պղծում անասուններին ևն: Հ–ին, ըստ իրենց կերպարանքի տվել են զանազան անուններ: Հին հայերը Հ–ին անվանել են վիշապ, վիշապառյուծ, քաղ, եղջերվաքաղ, արալեզ, ապառ, նհանգ, ընդղա, շուոտ, շուտիկ, համբարու (քարաթոշ, քարթոշ), ձիացուլ, ծովացուլ, եզնախոյ, հուշկապարիկ (վշկապարիկ, պարիկ, պայք, իշացուլ), նոխազոտ (մարդաքաղ), ճիվաղ (ճևեղիկ) ևն: Քրիստոնեական եկեղեցին թեև պայքարել է Հ–ի հավատի դեմ, սակայն այն շարունակվել է դրսևորվել նաև միջին դարերում:
Գրկ. Ալիշան Ղ., Հին հավատք կամ հեթանոսական կրոնք հայոց, Վնտ., 1895: Մ. Կատվալյան
