ՀՍՀ/ՀՐԹԻՌ
ՀՐԹԻՌ, թռչող ապարատ, տարածության մեջ տեղաշարժվում է սեփական զանգվածի հրթիռային մասի (աշխատանքային մարմնի) արտանետման ժամանակ առաջացած ռեակտիվ քարշուժի շնորհիվ: Ընդհանուր դեպքում Հ. ընդգրկում է հետևյալ հանգույցները, մեկ կամ մի քանի հրթիռային շարժիչ, սկզբնական էներգիայի աղբյուր, աշխատանքային մարմնով տարողություններ, օգտակար բեռ: Հ–ի թռիչքի համար շրջապատող միջավայր չի պահանջվում, որով Հ. դառնում է տիեզերք թռչելու համար միակ պիտանի ապարատը: Հ–ի հիմնական էներգետիկ և շահագործման բնութագրերը որոշվում են հրթիռային շարժիչի տիպով և վառհլիքի տեսակով: Գործնականում ժամանակակից բոլոր Հ–ներն ունեն քիմ. վառելիքով աշխատող շարժիչներ (տես Հեղուկա–հրթիռային շարժիչ): Հ–ի համար կարևոր է Հ–ի շարժիչի զարգացրած քարշուժը և ծայրափողակից ռեակտիվ շիթի արտահոսման արագությունը. տիեզերական թռչող ապարատների արձակման համար շարժիչի քարշուժը հասնում է 10 ՄՆ, ռեակտիվ շիթի արտահոսման արագությունը` 3000– 4500 մ/վրկ: Հ. կիրառվում է ռազմական գործում (տես Հրթիռային զենք), գիտական հետազոտությունների և տիեզերական ապարատների արձակման համար: Լինում է չկառավարվող, (հակատանկային, գենիթային, ավիացիոն Հ–ների որոշ տեսակներ) և կառավարվող: Հ. ունի սարքավորումների համալիր, որի օգնությամբ այն կարող է թռիչքի ընթացքում հարկադրաբար փոխել շարժման բնութագրերը: Ըստ կարևորագույն կոնստրուկտիվ հատկանիշների Հ. լինում է միաստիճան և բազմաստիճան (բաղկացած է մի քանի հրթիռային աստիճաններից): Ժամանակակից միաստիճան Հ. սովորաբար բաղկացած է գլխավոր (տեղադրվում է օգտակար բեռը), սարքերի (գտնվում են կառավարման համակարգերը և այլ սարքեր), վառելիքի և շարժիչի հատվածամասերից: Ի տարբերություն հեղուկային շարժիչով Հ–ների, կարծր վառելիքով Հ–ներում վառելիքի և շարժիչի հատվածամասերը համատեղված են, քանի որ վառելիքի ամբողջ պաշարը տեղադրված է շարժիչի խցում:
