Jump to content

ՀՍՀ/Ձ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Ձ, հայերեն այբուբենի տասնյոթերորդ տառը: Անունն է ձա: Ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը` տառակերտման սեփական սկզբունքով: Մտնում է կրկնավոր տառախմբի մեջ: Կազմված է երեք ուղղաձիգ` երկար և դրանից ձախ, հավասար հեռավորության վրա վերից լայն և ներքևից կարճ տարրերից, ընդ որում, լայնը և երկարը միանում են վերին ծայրերից, իսկ կարճը երկարի ստորին ծայրին միանում է վերին ծայրով և թեքվում աջ: Կարճը վերին ծայրում կրկնում է կոր նուրբը և ամբողջացնում իր պատկերը` 2: Բոլոր տառատեսակներում պահպանում է գծագրական յուրահատկությունները` ենթարկվելով գրության առանձնահատկություններին: Գրչագիր Ձ գրվում է երկու տողերի միջև, ուղղաձիգ, փոքր–ինչ աջ թեքված: Երկաթագիրը նույն գրչագիրն է, սակայն կորություն է ստանում ոչ միայն լայնը երկարին միացնող նուրբը, այլև երկարը: Երկաթագիրը գործածվում է նաև որպես գլխագիր. օգտագործելի է մինչև այսօր: Բոլորգիր Ձ ստեղծվում է գրչագրից, միայն լայնը ստորին ծայրով է միանում երկարին: Հետագայում ստորին մասի բոլորակը ստեղծվում է գրչի ավելի ուղիդ և հատու շարժումներով, և աստիճանաբար լայնը քիչ վերև է բարձրանում, իսկ կարճը վերին ծայրով միանում է թեքված երկարին: Շղագիրը անցնում է բոլորգրի աստիճանները, հաճախ կարճի արտակարգ փոփոխությամբ և երկարությամբ (որի համար երբեմն շփոթվում է Ն–ի հետ): Այս վիճակից էլ առաջացել է ժամանակակից շղագիրը, ուր կարճը ոչ թե ստորին նուրբից է շարունակվում, այլ երկարից հետո, և նուրբը բարձրանում է իր ստորին ծայրից վեր: Նոտրգրում օգտագործվում է շղագիրը` ենթարկվելով գրության առանձնահատկություններին: Ձ տառը նշանագրում է ժամանակակից հայերենի առաջնալեզվային լեզվատամնային պայթաշփական ձայնեղ բաղաձայն հնչյունը (հնչույթը): Ժամանակակից արևելահայ գրական լեզվում ր, երբեմն նաև ղ բաղաձայնից հետո խլանալով հնչում է ց (վարձ–վարց, դեղձ–դեխց): Արևմտահայ գրական լեզվում Ձ ամենուրեք խլանում է (ձի–ցի, արձան–արցան, գանձ–քանց): Ձ նշանակել է ութսուն և ութսուներորդ, բյուրի նշանով (Ձ)` 800000: Արաբ, թվանշանների գործածությունից հետո էլ օգտագործվել է որպես քանակական և դասական թվական: Այժմ գործածվում է միայն որպես դասական թվական (Ձ– ութսուներորդ): U. Մաթևոսյան