ՀՍՀ/ՁԱԽԷՍԷՌԱԿԱՆ ԽՌՈՎՈՒԹՅՈՒՆ 1918
ՁԱԽԷՍԷՌԱԿԱՆ ԽՌՈՎՈՒԹՅՈՒՆ 1918, ձախ էսէռների հակահեղափոխական ելույթը հուլիսի 6–7–ին, Մոսկվայում, որի նպատակն էր ձախողել Բրեստի հաշտության պայմանագիրը, պատերազմ հրահրել Գերմանիայի հետ, տապալել սովետական կառավարությունը: Հուլիսի 5–ին սովետների համառուսաստանյան V համագումարում ձախ էսէռական ֆրակցիան (352 պատգամավոր) հանդես եկավ սովետական իշխանության և բոլշևիկների կուսակցության քաղաքականության դեմ: Համագումարի կողմից վճռական հակահարված ստանալուց հետո նրանք դիմեցին պրովոկացիոն գործողությունների: Հուլիսի 6–ին ձախ էսէռ Յա. Բլյումկինը սպանեց գերմ. դեսպան Վ. Միրբախին, նպատակ ունենալով Գերմանիային պատերազմի հրահրել սովետական հանրապետության դեմ, և թաքնվեց ձախ էսէռ Դ. Ի. Պոպովի հրամանատարության տակ գտնվող ՎՉԿ–ի ջոկատի շտաբում, որը դարձել էր խռովության կենտրոն: Խռովարարները ձերբակալեցին ՎՉԿ–ի նախագահ Ֆ. Ձերժինսկուն, որը ջոկատ ժամանեց` պահանջելով հանձնել մարդասպանին: Այնուհետև ձերբակալեցին նաև ՎՉԿ–ի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մ. Լացիսին, Մոսսովետի նախագահ Սմիդովիչին և 27 այլ կոմունիստների: Հուլիսի 7–ի գիշերը էսէռական ջոկատն սկսեց Կրեմլի գնդակոծումը, գրավեց կենտրոնական հեռագրատունը: Համագումարն ստիպված ընդհատեց աշխատանքը և պատգամավորներին մոբիլիզացրեց խռովությունը ճնշելու համար: Խռովության լիկվիդացումը ղեկավարում էր Վ. Ի. Լենինը, իսկ անմիջական ռազմ. գործողությունները` Ն. Պոդվոյսկին: Ձերբակալվեցին սովետների V համագումարի և Կենտգործկոմի ձախ էսէռական ֆրակցիաների անդամները: Սովետական զինված ջոկատները հուլիսի 7–ին սկսեցին հակահարձակումը և կեսօրվա ժամը 2–ին լիովին ջախջախեցին խռովարարներին: Նրանցից 13–ը ՎՉԿ–ի որոշմամբ գնդակահարվեցին: Գերագույն հեղափոխական տրիբունալը խռովության մյուս կազմակերպիչներին (այդ թվում` Պռոշյանին, Կամկովին և Կարելինին) դատապարտեց պատժի տարբեր չափերի (բանտարկության), իսկ ոմանց էլ ներում շնորհվեց` հաշվի առնելով նախկին ծառայությունները: Սովետների V համագումարի որոշմամբ բանվորա–գյուղացիական սովետներից վտարվեցին ձախ էսէոները և ամենուրեք ճնշվեցին նրանց խռովությունները:
Գրկ. տես Ձախ էսէռներ հոդվածի գրականությունը: Ա. Բաղմանյան
