ՀՍՀ/ՁԱՅՆԱԳԻՏԱԿԱՆ ՉԱՓՈՒՄՆԵՐ
ՁԱՅՆԱԳԻՏԱԿԱՆ ՉԱՓՈՒՄՆԵՐ, ձայների ու աղմուկների ինտենսիվությունը և որակական տարբեր հատկանիշները բնութագրող մեծությունների չափումները: Ձայնագիտության մեջ չափվող գլխավոր մեծություններն են ձայնական ճնշումը, ձայնի ինտենսիվությունը, մասնիկների տատանողական արագությունն ու տեղաշարժը, տատանումների հաճախականությունն ու պարբերությունը, տարածման արագությունը, մարման գործակիցը են: Ձ. չ. համատեղվում են էլեկտրական չափումների հետ և կատարվում են հիմնականում էլեկտրոնային չափիչ սարքերով: Ձ. չ–ի դժվարությունը պայմանավորված է շենքերում ձայնագիտական մեծությունների բարդ տարածական բաշխումով, ինչպես նաև ժամանակի ընթացքում ձայների ու աղմուկների փոփոխականությամբ: Ձայնական ճնշումը չափվում է չափիչ միկրոֆոնով (օդում) և հիդրոֆոնով (ջրում): Տարբեր աղմուկների չափման համար կիրառվում է աղմկաչափը: Ձ. չ–ի կարևոր բաժինը շինարարական և ճարտ. ձայնագիտության մեջ կատարվող չափումներն են: Ձ. չ–ի մեջ են մտնում նաև ձայնատարների բնութագրերի չափումները, կապի ձայնագիտական սարքերի փորձարկումները ևն: Հատուկ խումբ են կազմում մարդու լսողության, ինչպես նաև նորմայից շեղումների սուբյեկտիվ չափումները (աուդիոմետրիա):
