ՀՍՀ/ՁԱՅՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ
ՁԱՅՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ, շինությունների հնչականությունը, ձայնագիտության բնագավառ, որն ուսումնասիրում է ձայնային ալիքների տարածումը կառույցներում, դրանց անդրադարձումն ու մարումը մակերեսների միջոցով, անդրադարձած ալիքների ազդեցությունը խոսքի և երաժշտության լսելիության վրա: Ուսումնասիրության նպատակը թատերական, համերգային, դասախոսական, ռադիոստուդիաների և այլ դահլիճներում վաղօրոք նախատեսված լսելիության լավ պայմաններ ապահովող նախագծերի ստեղծումն է: Փակ շինություններում ունկնդիրը բացի հիմնական ձայնից ընկալում է նաև նրա ուշացած կրկնությունները: Ձայնի աղբյուրի երկար հնչման ընթացքում անդրադարձող ուշացած ձայները միանալով հիմնական ձայնին` մի կողմից ուժեղացնում են այն (այդ պատճառով էլ շինության մեջ ավելի հեշտ է խոսելն ու երգելը, քան բաց օդում), իսկ մյուս կողմից մեծացնում են գվվոցը, որի հետևանքով ընկնում են խոսքի հստակությունը և երաժշտության ընկալման որակր: Այդ պատճառով էլ Ձ. ճ–ի հիմնական խնդիրներից մեկն է` շինության ներսում հիմնական և անդրադարձող ձայների բաշխման հաշվարկումը, ձայնի միջին լարվածության և ռեվերբերացիայի ժամանակահատվածի հաշվումը` կախված շինության ծավալից, նրա մակերեսների մշակվածքի նյութից և ձայնի աղբյուրի հզորությունից: Առավել նպաստավոր պայմանները տարբեր են ոչ միայն խոսքի և երաժշտության համար, այլև տարբեր բնույթի երաժշտական ստեղծագործությունների համար (կամերային, էստրադային, սիմֆոնիկ երաժշտություն): Այդ պատճառով էլ համերգային դահլիճների հնչականության նախագծումը (ձևի ընտրությունը, ունկնդիրների տեղավորումը, սահմանափակող մակերեսների մշակումը ցրող և կլանող կոնստրուկցիաներով, կախովի անդրադարձիչների կիրառումը ևն) ոչ սակավ պահանջում է կոմպրոմիսային լուծումներ: Մեծ տարողունակություն ունեցող դահլիճներում լսելիության պայմանները կարելի է բարելավել ուժեղացնող էլեկտրաակուստիկ համակարգերի և արհեստական ռեվերբերացիայի կիրառմամբ. բազմազան նպատակներով օգտագործվող (կոնգրեսներ, համերգներ, օպերա, հնչուն կինոցուցադրում, էլեկտրաակուստիկորեն հագեցված դահլիճի նշանավոր օրինակ է Մոսկվայի Կրեմլի Համագումարների պալատի դահլիճը (6000 տեղ): Նախկինում Ձ. ճ–ի ընդգրկման ոլորտն էին դասում արտաքուստ ներթափանցող ձայներից շինությունների մեկուսացումը, այժմ այդ խնդիրներն առանձնացված են մի ինքնուրույն բնագավառում` շինարարական ձայնագիտությունում: Ձ. ճ–ի մեթոդը կիրառում են նաև շինությունների մեջ աղմուկի դեմ պայքարելիս: Շինարարության մեջ հնչականության իմացությունների օգտագործման օրինակներ են Հին Հունաստանի և Հռոմի բացօթյա թատրոնները: Շինությունների հնչականության փորձարկումները հիմնվում են շենքում միկրոֆոնով ընդունվող ձայնային ազդանշանի էլեկտրական չափումների վրա և ավարտվում տարածության մեջ ձայնի բաշխման հավասարաչափության որոշումով և արձագանքը ժամանակի ընթացքում մարելը ուսումնասիրելով: Դահլիճները բնական վիճակում փորձարկելուն զուգահեռ առավել տարածում են գտնում փոքրաչափ մանրակերտների փորձարկումները, որոնք հնարավորություն են տալիս նոր դահլիճներ նախագծելիս ժամանակին խուսափել սխալներից և գտնել արդեն գոյություն ունեցող սրահների թերություններն ուղղելու միջոցներ: Ձայնակլանման տեսությունն ու նրա չափման մեթոդները նույպես պատկանում են Ձ. ճ–ին: Արհեստական ռեվերբերացիայի ստեղծման համար ավելի մեծ տարածում է գտնում էլեկտրաակուստիկական սարքավորումների կիրառումը:
Գրկ.Ганус К., Архитектурная акустика, пер. с нем., М., 1963.
