ՀՍՀ/ՁԱՅՆԱՌՈՒԹՅՈՒՆ
ՁԱՅՆԱՌՈՒԹՅՈՒՆ, հիմնական մեղեդուն ուղեկցող պահված ձայնը, որ առաջ բերելով տարրական երկձայնություն, մեծացնում է հնչող մեղեդու արտահայտչական ներգործականությունը (տես նաև «Երգեհոնի կետ»): Հայ մասնագիտացված մոնոդիկ երաժշտության մեջ հայտնի է եղել առնվազն վաղ միջնադարից և այնտեղ անցել է, հավանաբար, ժող. գործիքային երաժշտությունից: Ձ. Անվանումը և «ձայն առնել», «ձայն բռնել», «ձայնառ» արտահայտությունները հաստատվել են հոգևոր երաժշտության հին տեսությանմեջ: Միահնչյուն Ձ. (կամ ձայնառ ձայնը) տվյալ մեղեդու լադի տոնիկան է, երկհնչյուն Ձ–յան մեջ մասնակցում է նաև նրա օժանդակ հենակետը: Հոգևոր վոկալ մոնոդիկ երաժշտության մեջ կատարվում է գերազանցապես առանց խոսքի, բաց բերանով կամ ռնգային, ժող. անսամբլային նվագի դեպքում` նվագարանով կամ նվագարաններով, մենանվագի դեպքում` առանձին լարով կամ լարերով, պարկապզուկի դեպքում` նրա լրացուցիչ փողով: Կարող է լինել միալար ձգվող կամ կտրտված, կիրառվում է նաև մի քանի տարբեր հնչյուններով կազմված կրկնվող ֆրազով: Հայ կոմպոզիտորները ժող. բնույթի Ձ–յան տարբեր տեսակները լայնորեն օգտագործել են իրենց երկերում: Ժող. արտահայտությամբ Ձ. կոչվում է դամ (այստեղից նաև` դամ պահել, քաշել, դամ քաշող դամքաշ):
Ռ. Աթայան
