Jump to content

ՀՍՀ/ՁԱՅՆԱՎՈՐՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՁԱՅՆԱՎՈՐՆԵՐ, խոսքի այն հնչյունները, որոնք հիմնականում կազմված են խռչակում առաջացած ձայնից: Ձ. վերջնականապես ձեավորվում են մակակոկորդային խոռոչում, որը ծառայում է որպես ռեզոնանսային համակարգ: Ձ–ի արտաբերման ժամանակ օդի հոսքը բերանի խոռոչում չի հանդիպում արգելքի, մինչդեռ բաղաձայնների դեպքում արգելքի առկայությունը պարտադիր է: Ձ–ի կազմավորման համար մեծ նշանակություն ունեն լեզվի դիրքը, բերանի բացվածքը, շրթունքների ձևը: Հայերենի Ձ. 6 են` ա, օ, ու, ի, է, ը: Ըստ լեզվի դիրքի դրանք բաժանվում են առաջին (ի, է), միջին (ը) և ետին (ա, օ, ու) շարքի, ըստ լեզվի բարձրացման աստիճանի` ստորին (ա), միջին (է, ը, օ) և վերին (ի, ու) բարձրացման, իսկ ըստ շրթունքների մասնակցության` շրթնայնացած (օ, ու) և ոչ շրթնայնացած (ի, է, ա, ը): Ֆիզիկական բնույթով Ձ. նմանվում են երաժշտական ձայներին, մինչդեռ բաղաձայնները աղմկային հնչյուններ են: Այդ հատկությամբ էլ պայմանավորված է Ձ–ի լեզվաբանական դերը` վանկարար հատկությունը: Ձ–ի թվին են պատկանում նաև երկբարբառներն ու եռաբարբառները:

Ա. Խաչատրյան