ՀՍՀ/ՁԱՅՆՈՐԴՆԵՐ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՁԱՅՆՈՐԴՆԵՐ, բաղաձայն հնչյուններ, որոնք իրենց ձայնային հատկանիշներով առավել մոտ են ձայնավորներին: Արտաբերությամբ Ձ. բնութագրվում են արգելքների` նեղվածքների, առկայությամբ, դա հիմք է տալիս Ձ. դասելու բաղաձայնների շարքը: Սակայն ձայնային սպեկտրով Ձ. նմանվում են ձայնավորներին և բնութագրվում են որոշակի ձևամասնիկներով, որոնք, ի տարբերություն ձայնավորների, ավելի թույլ են: Ձ. ունեն նաև գործառական առանձնահատկություն, որոշ լեզուներում (սերբերեն, չեխերեն, անգլերեն) դրանք կարող են հանդես գալ նաև որպես վանկարար հնչյուններ: Հայերենի Ձ. են մ, ն, լ, յ, ր, ռ: Ըստ կազմավորման տեղի լինում են ռնգային` մ, ն, քմային` յ, ալվեոլային` ր, ռ, լնդերքային` լ: Ըստ արտաբերման եղանակի մ և ն հպական ձայնորդներ են, ր, լ, յ` նեղվածքային, իսկ ռ` թրթռուն:
Ա. Խաչատրյան
