ՀՍՀ/ՁԱՎԱՐ
ՁԱՎԱՐ, հացահատիկային զանազան կուլտուրաների (ցորեն, գարի և հաճար) ամբողջական կամ աղացված հատիկներից պատրաստված սննդամթերք, կիսապատրաստուկ: Հայկական լեռնաշխարհում Ձ–ի պատրաստման վերաբերյալ հնագույն փաստերը վերաբերում են դեռևս էնեոլիթյան–բրոնզեդարյան ժամանակաշրջաններին (Շենգավիթից և այլ հնավայրերից հայտնաբերվել են Ձ. ծեծելու սանդեր ու վարսանդներ): Հայաստանում Ձ. պատրաստում են հիմնականում ցորենից և հաճարից, երբեմն նաև գարուց` սանդում ծեծելու միջոցով հատիկների վրայի թեփը հանելու եղանակով: Ցորենի Ձ–ի տեսակներն են հում Ձ. (կորկոտ), աղացած հում Ձ., խաշած և աղացած Ձ. (բլղուր): Ձ. գործածում են ապուրներ, կորկոտ, շիլա, պասուց տոլմա, հարիսա, աղանձ, հատիկ ևն պատրաստելու համար: Այժմ, կապված ձավարեղենի արդ. արտադրության հետ, տնայնագործական եղանակով Զ. համեմատաբար քիչ են պատրաստում: Լ– Պետրոսյան
