Jump to content

ՀՍՀ/ՁԵՌԱԳՐԱՑՈՒՑԱԿ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՁԵՌԱԳՐԱՑՈՒՑԱԿ (ցուցակ ձեռագրաց), մատենադարաններում, գրադարաններում, գիտաուսումնական հաստատություններում, վանքերում ու եկեղեցիներում պահվող, երբեմն նաև անհատներին պատկանող հնագույն ձեռագիր (գրչագիր) գրքերի մատենագիտական ցանկ: Ձ–ում կամ սոսկ թվարկվում են ձեռագրերի վերնագրերը, կամ մանրամասն տեղեկություններ են տրվում նրանցից յուրաքանչյուրի հեղինակի, վերնագրի, գրության ժամանակի, վայրի, ընդօրինակողի, ծաղկող–նկարազարդողի, բովանդակության, հիշատակարանի, թղթի թե մագաղաթի վրա գրված լինելու, գրերի տեսակների, էջերի քանակի, վիճակի մասին և այլն: Գրի և գրչության սկզբնավորումից ի վեր տարբեր լեզուներով Ձ–ներ սկսել են կագմվել, սակայն դրանց կազմումը նոր իմաստ ու բովանդակություն է ստացել տպագրության գյուտից հետո, երբ ձեռագրերը սկսել են դիտվել իբրև պատմական ժառանգություն, անցյալի մտավոր կյանքի հուշարձան, և դրանք տպագիր գրքերից առանձին ներկայացնելու կարիք է զգացվել: Հայկ. Ձ–ներ սկսել են կազմվել V– VI դդ.: Սկզբում դրանք եկեղեցու կողմից ընդունելի և մերժելի գրքերի կամ որևէ նյութի նվիրված ոչ մեծ ցանկեր էին («Թիւք արտաքին գրոց», «Թիւք ներքին գրոց», «Ցուցակ պատմագրաց հայոց» ևն): Առավել ծավալուն ցուցակներ կազմվել են հետագայում: Մեզ հասած այդպիսի Ձ–ներից են XI–XII դդ. մտածող Հովհաննես Սարկավագի «Կարգադրութիւնք գրոց սրբյ»–ը, XIII դ. գործիչ Գրիգոր Որդի Աբասայի «Գիրք պատճառաց»–ը, Սողմոսավանքի` XV դ. անհայտ հեղինակի Ձ., XVII դ մատենագետ Վարդան Բաղիշեցու` Ամրդոլու վանքի Ձ. («Ցուցակ ձեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարանի», ձեռ. N. 737, ընդգրկում է նաև փոքր թվով տսյագիր գրքեր): XVIII դ. սկզբներին Եվրոպայում, ապա նաև Ռուսաստանում արևելագիտության զարգացման շնորհիվ հայագիտությունը համարվել է համաշխարհային մշակույթի բաղկացուցիչ մասը, և հայերեն Ձ–ներ են կազմել նաև եվրոպացի հայագետները: 1739–ին Փարիզում Բեռնարդո դը Մոնֆոկոնին եվրոպական լեզուներով հրատարակել է մի ընդարձակ Ձ.` նրանում տեղ հատկացնելով նաև հայագետ Գուլիելմոս Վալֆրուայի կազմած փարիզի Կայսերական գրադարանի Ձ–ին, որը նույն թվին լույս է տեսել նաև առանձին գրքով: 1840–ին Ռուսաստանի ԳԱ անդամ Մ. Բրոսսեն Պետերբուրգում ռուս. և ֆրանս. հրատարակել է Հ. Շահխաթունյանցի` Էջմիածնի գրադարանի տպագիր ու ձեռագիր գրքերի ցանկը: Հայ նոր բանասիրության մեջ, իր ժամանակի չափանիշներով, առաջին լիակատար Ձ. կազմել է Էջմիածնի միաբան Դ. Շահնազարյանցը: 1863–ին Թիֆլիսում, Հ. Կարենյանցի հրատարակությամբ, լույս է տեսել նրա «Մայր ցուցակ ձեռագիր մատենից գրադարանի Ս. Աթոռոյն Էջմիածնի» աշխատությունը: 1891–ին Վիեննայի Մխիթարյանները որոշեցին աշխարհի հայագեա–բանասերների աջակցությամբ հրատարակել հայկ. բոլոր ձեռագիր հավաքածուների ցուցակները: Կարճ ժամանակից հետո լույս տեսան Մյունխենի, Վիեննայի, Պետերբուրգի և այլ վայրերի հայկ. Ձ–ները: Դրանց մեջ առ այսօր չգերազանցվածը Հ. Տաշյանի «Ցուցակ հայերէն ձեռագրաց Մատենադարանին Մխիթարեանց ի Վիեննա» (1895) գործն է: Մինչ այդ և հետագայում կազմված հայերեն Ձ–ների թիվը հասնում է 200–ի: Գիտական արժանիքներով, ընդգրկած ձեռագրերի քանակով, նկարագրությունների հարստությամբ լավագույններից են. Ֆ. Մակլերի «Փարիզի Ազգային գրադարանի հայերեն և վրացերեն ձեռագրերի ցուցակ» –ը (ֆրանս., 1908), Ֆր. Կոնիբերի «Բրիտանական թանգարանի հայերեն ձեռագրերի ցուցակ»–ը (անգլ., 1913), Բ. Սարգիսյանի «Մայր ցուցակ հայերեն ձեռագրաց Մատենադարանին Մխիթարյանց ի Վենետիկ»–ը (հ. 1–3, 1914–66), Օ. Եգանյանի, Ա. Զեյթունցյանի, Փ. Անթաբյանի «Ցուցակ ձեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարանի» (հ. 1–2, 1965–70), Ն. Պողոսյանի «Մայր ցուցակ ձեռագրաց Սրբոց Հակոբյանց»–ը (հ. 1–8, 1966–77): Այժմ Մատենադարանը ձեռնամուխ է եղել 20–հատորանոց Մայր ցուցակի ստեղծմանը:

Գրկ. Անասյան Հ. Ս., Հայկական մատենագիտություն, հ. 1, Ե., 1959, էջ V–XCV: Մատենագիտություն հայկական մատենագիտության, Ե., 1963, էջ 215–243: Իշխանյան Ռ., Հայ մատենագիտության պատմություն, պրակ 2, Ե., 1968, էջ 363–409: Հ. Դավթյան