Jump to content

ՀՍՀ/ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԵԿՇԻՌ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԵԿՇԻՌ, ձեռնարկության ֆինանսական պլան, որը դրամական ձևով արտահայտում է տնտեսական և ֆինանսական գործունեության արդյունքները, բյուջե կատարվող վճարումների և բյուջեից հատկացումների չափը. տեխարդֆինպլանի եզրափակիչ մասը, որը համադրում և արժեքային արտահայտությամբ արտացոլում է նրա բոլոր բաժինների արդյունքները: Հաշվեկշիռն ունի չորս բաժին: Առաջինում (եկամուտներ և մուտքեր) ցույց են տրվում շրջանառության հարկը, շահույթը, ամորտիզացիոն հատկացումները, ձեռնարկության այլ եկամուտներն ու ռեսուրսները, իսկ երկրորդում (ծախսեր և մասհանումներ)` հիմնական և շրջանառու ֆոնդերի ընդլայնմանն ուղղված ներդրումները, տնտ. խթանման ֆոնդերին կատարվող մասհանումները, կապիտալ նորոգման, գիտահետազոտական կազմակերպությունների, մանկական նախադպրոցական հիմնարկների պահպանման, գործառնությունների ծախսերը: Հաշվեկշռի վարկային փոխհարաբերություններ բաժնում (երրորդ) արտացոլվում են. եկամուտների մասում` կենտրոնացված կապիտալ ներդրումներին ուղղվող երկարաժամկետ վարկերը, ծախսերի մասում` շահույթի ու սեփական այլ ռեսուրսների հաշվին կենտրոնացված կապիտալ ներդրումներին, նոր տեխնիկայի ներդրմանը և մյուս միջոցառումներին հատկացված վարկերի մարումը: Բյուջեի հետ ձեռնարկության փոխհարաբերություններն արտահայտող հոդվածներն ամփոփվում են հաշվեկշռի չորրորդ բաժնում: Դրա առաջին մասում ցույց են տրվում բյուջե կատարվող վճարումները (ֆոնդավճար, ռենտավճար, շահույթի ազատ մնացորդ, շրջանառության հարկ), երկրորդում` բյուջեից նպատակային հատկացումները (կենտրոնացված կապիտալ ներդրումներին, սեփական շրջանառու միջոցների հավելաճին, գիտահետազոտական, փորձարարական աշխատանքներին ևն): Պետ. բյուջեի հետ ձեռնարկության ֆինանսական փոխհարաբերությունների հետևանքը որոշվում է բյուջե կատարվող վճարումների և բյուջեից հատկացումների տարբերությամբ: Այդ գումարը միշտ պետք է հավասարվի եկամուտների և ծախսերի տարբերությանը (հաշվի առնելով վարկային փոխհարաբերությունները), որով և ապահովվում է եկամուտների է ծախսերի հավասարակշռվածությունը:

Ա. Ավանեսյան