Jump to content

ՀՍՀ/ՁԵՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՁԵՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, քերականության բաժիններից մեկը, որն ուսումնասիրում է բառի ձևերն ու այդ ձևերի արտահայտաս քերականական իմաստները, դասակարգում է բառերն ըստ նրանց ընդհանուր իմաստի և ձևային ու շարահյուսական–կիրառասկան առանձնահատկությունների (Խոսքի մասեր): Յուրաքանչյուր բառ եզակի, մասնավոր, միայն իրեն հատուկ իմաստի հետ միաժամանակ արտահայտում է նաև ընդհանուր իմաստ (կամ իմաստներ), որոնք հատուկ են ոչ միայն տվյալ բառին, այլև բառերի մի ամբողջ խմբի: Սար, հող, քար բառերը, տարբերվելով իրենց արտահայտած կոնկրետ իմաստներով, միավորվում են իրենց արտահայտած ընդհանուր իմաստների նույնությամբ` բոլորն էլ արտահայտում են առարկայական հասկացություն, դրված են ուղղական հոլովով, ունեն եզակի թիվ և անորոշ առում: Բառի մասնավոր, եզակի, միայն տվյալ բառին հատուկ իմաստը (կամ իմաստները) ուսումնասիրում է բառագիտություն բաժինը: Բառի ընդհանուր իմաստը (կամ իմաստները) կոչվում է քերականական իմաստ և ուսումնասիրում է Զ. բաժինը: Քերականական իմաստներ են բառի խոսքամասային հատկանիշը (գոյական, ածական, բայ ևն), հոլովի (ուղղական, սեռական, տրական ևն), թվի (եզակի, հոգնակի), դեմքի (առաջին, երկրորդ, երրորդ) հատկանիշները, բայի սեռը, եղանակը, ժամանակը ևն: Այդ իմաստները արտահայտվում են նույն բառի տարբեր ձևերի միջոցով: Բառի ձևեր են կոչվում նույն բառիմաստի տակ միավորված ձևերը, որոնք, չտարբերվելով կոնկրետ նյութական նշանակությամբ, իրարից տարբերվում են սոսկ քերականական իմաստով (օրինակ` քար–քարի–քարից ևն, քարեր–քարերի–քարերից ևն, կար–դացի–կարդացիր–կարդաց ևն): Քերականական իմաստները, որպես կանոն, արտահայտվում են հատուկ ձևերի միջոցով: Բերված օրինակներում սեռական–տրականի քերականական իմաստն արտահայտված է ի, բացառականինը` ից մասնիկով, իսկ ուղղականի իմաստն արտահայտված է մասնիկի բացակայությամբ, որը յուրահատուկ է և կոչվում է զրո ձև: Քերականական իմաստը և դրա արտահայտման ձևը անխզելիորեն կապված են և առանց մեկը մյուսի գոյություն ունենալ չեն կարող:

Գրկ. Սևակ Գ., ժամանակակից հայոց լեզվի դասընթաց, Ե., 1955: U բեղյան Մ., Հայոց լեզվի տեսություն, Ե., 1965: Աղայան է., Լեզվաբանության ներածություն, Ե., 1965: Ասատրյան Մ., ժամանակակից հայոց լեզվի ձևաբանության հարցեր, հ. 1, Ե., 1970: Ջահուկյան Գ., ժամանակակից հայերենի տեսության հիմունքները, Ե., 1974: Մ. Ասատրյան