ՀՍՀ/ՁԻԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՁԻԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ անասնապահության ճյուղ, զբաղվում է ձիերի բուծմամբ և օգտագործմամբ: Ծագել է Ասիայի և Եվրոպայի երկրներում, մ. թ. ա. IV հազարամյակում: Աֆրիկա ձիեր ներմուծվել են մ. թ. ա. II հազարամյակում (Փոքր Ասիայից), Ամերիկա` մ. թ. XVI դ., իսկ Ավստրալիա` XVII դ.: Ձ. զարգացած է եղել նաև Հին Հայաստանում (տես Այրուձի և Գյուղատնտեսություն հոդվածները): Ընտելացված ձին երկար ժամանակ եղել է մարդու մշտական օգնականը գյուղատնտ. ու տրանսպորտային աշխատանքներում և կարևոր դեր է խաղացել բանակում: Մարդը հնագույն ժամանակներից կատարելագործել է ձիերի որակական հատկանիշները և ստեղծել տարբեր ցեղեր, որոնք միավորվում են երեք հիմնական տիպերի` հեծկանների, լծկանների և ծանրաքարշերի մեջ: 1979–ին աշխարհում հաշվվում էր ձիերի մոտ 200 ցեղ և ցեղախումբ (առավել հայտնի են Ռուսաստանի օռլովյան վարգունները, Դոնի հեծկանները, անգլ. զտարյուն արագավազները, նորֆոլկյան վարգունները, շայրի, սուֆոլկի ու կլեյդեսդալյան ծանրաքարշերը, ամերիկյան վարգունները, արաբ, ձին, տարբեր երկրներում տարածված բրաբանսոնները, արդենները ևն): XX դ. 30–50–ական թթ. գյուղատնտ. արտադրության մեքենայացման և ավտոմոբիլային տրանսպորտի զարգացման հետևանքով աշխարհում (հատկապես բարձր զարգացում ունեցող երկրներում) ձիերի գլխաքանակը կրճատվեց գրեթե կրկնակի անգամ (1930–ին այն կազմել է մոտ 120 մլն): Արդի պայմաններում շատ երկրներում բանող ձիերը դեռևս օգտագործվում են գյուղատնտեսության և տրանսպորտի մեջ: Մեծ քանակությամբ ձիեր բուծվում են նաև ձիասպորտի և տուրիզմի զարգացման, միս ու կումիս ստանալու, բժշկության և անասնաբուժության մեջ գործածվող շիճուկներ և պատրաստուկներ արտադրելու նպատակով: ՍՍՀՄ–ում Ձ. զարգացած է Ղազախստանում, Միջին Ասիայում, Կովկասում, ոչ–սևահողային գոտու շրջաններում ևն: Տարածված ցեղերից են` օռլովյանը, բուդյոնովյանը, թերեքյանը, կաբարդինյանը, լիտվական, լատվիական լծկանները, սովետական ծանրաքարշերը ևն: ՍՍՀՄ–ում Ձ–յան հետագա կատարելագործման համար կազմակերպված են ձիաբուծարան–գործարաններ, պետ– գործարանային ախոռներ, տոհմաբուծարաններ, ձիաբուծության ինստ. են: Ձ. որպես գիտական առարկա դասավանդվում է գյուղատնտ– և անասնաբուծական բարձրագույն ու միջնակարգ ուս. հաստատություններում:
Ի. Պողոսյան
