ՀՍՀ/ՁԻԱՎՈՐՆԵՐ
ՁԻԱՎՈՐՆԵՐ, ձիավորք, ձիավարժք, հնծելվորք, ասպետք, մանր ու միջին ազնվականների դաս Կիլիկյան Հայաստանում: Հասարակական–տնտեսական վիճակով գտնվել են ավատապետական սանդուղքի երրորդ աստիճանում: Համապատասխանում են Արշակունյաց և Բագրատունյաց Հայաստանի ազատների (ոստանիկներ, սեպուհներ), միջնադարյան Եվրոպայի «chevalier»–ների դասին: Հողի գերագույն տերերից` թագավորից և ավատառու բարձրադաս ազնվականներից ստանալով կալվածներ ու ռոճիկ (հռոգ), վասալ Ձ. նրանց համար կատարել են զինվորական ծառայություն (գերազանցապես հեծելազորային), վարել գործակալական մանր պաշտոններ: Պարտավորությունները խախտելու դեպքում ավատատերն իրավունք է ունեցել ետ գրավել պայմանով ձիավորին հատկացրած կալվածը, դատել նրան: Ըստ «ձիավորեցման հրահանգի», ձիավոր ասպետի աստիճան ստանալու համար, Ձ. հրապարակայնորեն քննություն են հանձնել ձիավարժությունից, զինախաղերից: Զիավորեցման արարողությունները սովորաբար կատարել են նշանավոր իրադարձությունների ու տոնահանդեսների ժամանակ: Ձ. խաղաղ ժամանակներում բնակվել են իրենց հատկացված կալվածներում, զբաղվել տնտեսությամբ, զինախաղերով: Կրել են կապույտ համազգեստ` ոսկեգույն խաչի և հայկ. այրուձիու նշաններով:
Գրկ. Ալիշան Ղ., Սհսուան, Վնտ., 1885: Բոռնազյան Ս. Վ., Սոցիալտնտեսական հարաբերությունները Կիլիկիայհ հայկական պետությունում, Ե., 1973: Микаелян Г. Г., История Киликийского армянского государства, Е., 1952.
