ՀՍՀ/ՁԻԱՐՇԱՎԱՐԱՆ
ՁԻԱՐՇԱՎԱՐԱՆ, հիպոդրոմ, վարգաձիերի, հեծելաձիերի փորձարկման և ձիասպորտի մրցումների վայր: Ձ–ում կան վազքային և հեծելային շրջափակված օղակաձև վազքուղիներ, ուր գտնվում են ձիասպորտի տարբեր մրցումների հրապարակներ, արգելաշերտեր, հանդիսատեսի տրիբուններ (վերջնագծի երկարությամբ) և մրցավարական աշտարակ (վերջնագծի դիմաց), ձիերին նախապատրաստելու շրջափակված վայր, օժանդակ և տնտ. կառույցներ (ձիանոց, պայտարան, ձիաբուծարան, կարանտինային կետ ևն): Ձ–ները հայտնի են դեռևս մ. թ. ա., Հին Հունաստանում և Հռոմում: Արժանահիշատակ է Կոստանդնուպոլսի Ձ., որը եղել է բազմահարկ և թաղածածկ: Հռոմում, ավելի ուշ նաև Բյուզանդիայում, Ձ–ները եղել են նաև հասարակական կյանքի կենտրոն: Հայաստանում Ձ–ներ եղել են Դվինում, Բագավանում, Վանում, Աշտիշատում, Արտաշատում ևն, ուր նավասարդյան խաղերի և այլ տոնախմբությունների ժամանակ կազմակերպվել են ձիարշավներ և հեծելախաղեր: 1949–ին Երևանում կառուցվել է Ձ.: Ժամանակակից Ձ–ները լինում են հեծելային, վազքային և համակցված: Վարգաձիերի փորձարկման համար նախատեսված վազքուղիների երկարությունը 1600 մ է, հեծելաձիերի համար` 2000–2400–3000 մ: Լայնությունը համապատասխանաբար` 20–30 և 20– 25 Վ: Ժամանակակից խոշորագույն Ձ–ներն են` Մոսկովյանը (ՍՍՀՄ), Լեքսինգտոնյանը (ԱՄՆ, Քենտուկի նահանգ), Էփսոմյանը (Մեծ Բրիտանիա), Վենսենյանը, Լոնշանը (Ֆրանսիա), Աարսուելան (Իսպանիա):
