ՀՍՀ/ՁԻԹԵՆԱԶԳԻՆԵՐ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՁԻԹԵՆԱԶԳԻՆԵՐ (Oleaceae), երկշաքիլավոր բույսերի ընտանիք: Ծառեր կամ թփեր են, երբեմն` լիաններ: Տերևները հակադիր են, պարզ, ամբողջաեզր, երբեմն` բարդ, առանց տերևակիցների: Ծաղիկները մեծ մասամբ երկսեռ են` քառանդամ, կանոնավոր, ծադկաբույլերում հավաքված: Բաժակը փոքր է, երբեմն լրիվ բացակայում է: Պտուղը լինում է հատապտուղ, տուփիկ, կորիզապտուղ ևն: Հայտնի է մոտ 30 ցեղ, 600 տեսակ` տարածված բարեխառն, մերձարևադարձային և արևադարձային շրջաններում, ՍՍՀՄ–ում` 25, ՀՍՍՀ–ում` 4 տեսակ, հիմնականում Իջևանի, Զանգեզուրի, Լոռու շրջաններում և Երևանում: Առավել կարևոր տնտ. նշանակություն ունեն ձիթենին, հացենու տարբեր տեսակները: Ձ–ից ստացվում է նաև արժեքավոր եթերայուղ: Դեկորատիվ նպատակով աճեցվում են հասմիկի, եղրևանու, ոսկեզանգի, կիպրոսի բազմաթիվ տեսակներ:
