Jump to content

ՀՍՀ/ՁԻԹԵՆԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՁԻԹԵՆԻ (Olea), ձիթենազիների ընտանիքի բույսերի ցեղ: Հայտնի է մոտ 60 տեսակ: Տնտ. նշանակություն ունի միայն մեկը` եվրոպական Ձ. (Ole europaea), մշակովի Զ., ձիթապտղի ծառը: Մշտադալար մերձարևադարձային պտղատու ծառ է` 4–12 մ բարձրությամբ: Ապրում է 400–500 տարի, երբեմն` 1000 և ավելի: Սաղարթը` լայն բրգաձև երբեմն` կախված ճյուղերով: Տերևները մանր են, երկար, նշտարաձև, օվալաձև, հակադիր, ապրում են 2–3 տարի: Ծաղիկները մանր են, դեղնասպիտակավուն, երկսեռ` հավաքված 8–40–ական հուրանաձև ծաղկաբույլերում: Պտուղը կորիզապտուղ է, էլիպսաձև, օվալաձև, կշիռը` 3–15 գ, հաստ մաշկով, մանուշակագույն կամ սև, հաճախ մոմանման փառով: Պտուղները պարունակում են 25–80 ձեթ, սպիտակուցներ, շաքարներ, պեկտինային ու անօրգանական նյութեր, վիտամիններ (В, С և А նախավիտամինը): Ձիթապտուղը օգտագործվում է սննդի (թարմ և պահածոյացված ձևով) և բժշկության մեջ: Ձեթը կիրառվում է օծանելիքի և տեքստիլ արդյունաբերության, իսկ բնափայտը (ամուր է, ունի լավ փայլ)` ատաղձագործությանմեջ: Ձ. բազմացվում է կտրոններով, պատվաստներով և սերմերով: Ջերմասեր բույս է: Մշակվում է Իսպանիայում, Իտալիայով, Հունաստանում, Պորտուգալիայում, Թուրքիայում, Ալբանիայում: ՍՍՀՄ–ում` Ղրհմում, Վրաց., Թուրքմ., Ադրբ. ՍՍՀ–ներում, Հյուսիսային Կովկասում, ՀՍՍՀ Նոյեմբերյանի շրջանում: Հայտնի է մոտ 500 սորտ, ՍՍՀՄ–ում` 80, լավագույններն են` Ասկալանո, Նիկիտսկայա–II, Կրուպնոպլոդնայա, Ղրիմի, Ադրբեջանական ևն:

Ա. Մարգարյան