ՀՍՀ/ՁԻՐԱՎԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏ 371
ՁԻՐԱՎԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏ 371, տեղի է ունեցել հայկական և պարսկական զորաբանակների միջև Այրարատ նահանգի Բագրևանդ գավառի Ձիրավ (Ձրավ) գյուղի մերձակա դաշտում, Նպատ լեռան հյուսիսային ստորոտին` Առածանու գետահովտում: Հայկ. զորաբանակն առաջնորդել են Պապ թագավորը, սպարապետ Մուշեղ Մամիկոնյանը և ասպետ Սմբատ Բագրատունին: Հայերին աջակցել է հռոմ. մի զորամաս: Պարսկ. բանակին օգնել են աղվանական և ղեկերի (լեզգիների) զորքերը` Ուռնայի և Շերգիր թագավորների գլխավորությամբ, ինչպես նաև Հայոց գահին հավակնող Մերուժան Արծրունու ուժերը: Գարնանը պարսկ. բանակը Ատրպատականից ներխուժելով Հայաստան և հասնելով Ձիրավի դաշտ` բանակել է հայկ. և հռոմ. զորաճամբարի դիմաց: Ճակատամարտը սկսվել է վաղ առավոտյան` հայկ. զորքերի հարձակումով և շարունակվել մինչև ուշ երեկո: Հռոմ. պատմիչ Ամմիանոս Մարկելինոսը վկայում է, որ Վաղես կայսրը իր զորքին հանձնարարել էր սոսկ պաշտպանվել և չդիմել հարձակողական գործողությունների: Իսկ Մովսես Խորենացին գրում է, որ ճակատամարտի ընթացքում հռոմ. վահանակիր հետևազորը բավարարվել է երբեմն նահանջի դիմաց հայկ. ջոկատներին վահանափակելով և թշնամու հակագրոհներից պաշտպանելով: Սպանդարտ Կամսարականի գլխավորած զորաթևը, գրոհելով հակառակորդի կենտրոնի վրա, ջախջախել և փախուստի է մատնել նրան: Ղեկերի Շերգիր թագավորը մարտում սպանվել է, իսկ աղվանների Ուռնայր թագավորը` վիրավորվել: Սմբատ Բագրատանին, հետապնդելով մարտադաշտից ճողոպրած Մերուժան Արծրունուն, Կոգովիտ գավառի արլ. կողմի ճահճուտների (Շամբի) մոտ ձերբակալել և մահապատժի է ենթարկել նրան: Ծանր կորուստներ կրած և մարտական դասավորությունը կորցրած պարսկ. բանակը, չդիմանալով հայկ. զորքի գրոհներին, դիմել է խուճապահար փախուստի: Հայկ. հեծելազորը թշնամու մնացորդներին հալածել է մինչև Ատրպատական: Ձ. ճ–ից հետո Շապուհ II արքան հարկադրված է եղել հաշտության պայմանագիր ստորագրել Վաղես կայսեր հետ, ճանաչել Հայաստանի անկախությունն ու Պապի գահը:
Գրկ. Փավստոս Բուզանդ. Պատմություն Հայոց, Ե., 1968: Մովսես Խորենացի, Պատմության. Հայոց, Ե., 1968: Մ. Կատվալյան
