Jump to content

ՀՍՀ/ՁԿՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՁԿՆԵՐ, ջրային, սառնարյուն ողնաշարավոր կենդանիներ: Շնչում են խռիկներով: Բաժանվում են 2 խմբի` անգանգներ (Acrania) և ծնոտաբերաններ (Gnathos–tomata): Անգանգների խումբն ունի 1 դաս` բոլորաբերաններ, ծնոտաբերաններինը` 1 վերնադաս` բուն Ձ. (Piscea), 2 դասով` կռճիկային և ոսկրային Ձ.: Հաշվվում է Ձ–ի 25 հզ. տեսակ, որից 20 հզ.` ժամանակակից (ՍՍՀՄ–ում` 1400 տեսակ): Ձ–ի մարմնի հիմնական ձևը շրջահոսուն է, իլիկանման, 1 սմ–ից մինչև 15 մ երկարության, հաճախ կողքերից սեղմված, հարմարված ջրում արագ շարժումների: Այդպիսի մարմին և համաչափ զարգացած լողակներ ունեն բաց ջրերի Ձ., բացառությամբ թռչող Ձ–ի, որոնք իրենց երկար ու լայն կրծքային լողակների շնորհիվ կարողանում են մեծ արագությամբ դուրս թռչել ջրից և սավառնել օդում ավելի քան 100 մ: Ձ–ի քիչ տեսակներ հարմարվել են ջրային հոսանքներով պասսիվ շարժվելուն (լուսնաձուկ ևն): Մերձհատակային Ձ–ի (տափակաձուկ, կատվաձուկ, ծովային սատանա ևն) մարմինը տափակացած է մեջքափորային ուղղությամբ: Որոշ Ձ–ի լողակներ նմանվել են մտրակների, թաթերի, վերածվել ծծիչների, զուգավորման օրգանների են: Ձ–ի էպիդերմիսը լորձնային է, շնորհիվ լորձ արտադրող բազմաթիվ միաբջիջ գեղձերի: Որոշ Ձ–ի բնորոշ են թունավոր գեղձերը, որոնց թույնը վտանգավոր է նույնիսկ մարդու համար: Խորջրյա Ձ–ի նշված գեղձերը այլափոխվել են և արտադրում են լուսարձակող հյութ: Մարմինը պատված է թեփուկներով, փշերով, ոսկրային թիթեղներով կամ մերկ է (լոքո): Թեփուկները մաշկի ածանցյալն են, տարբերում են 4 հիմնական տիպի թեփուկներ` պլակոիդային, կոսմոիդային, գանոիդային և ոսկրային: Ժամանակակից Ձ–ի թեփուկները մեծ մասամբ ոսկրային են և. աճման հետ առաջացնում են, այսպես կոչված, տարեկան օղակներ, որոնցով որոշվում է Ձ–ի տարիքը: Որոշ Ձ–ի լողակների ոսկրային թեփուկները վերածվել են պաշտպանական նշանակություն ունեցող փշերի: Ձ–ի արծաթափայլ գույնը պայմանավորված է գուանինի առկայությամբ, մյուս գունավորումներն առաջացնում են մաշկի պիգմենտային, հատկապես քրոմատոֆոր բջիջները, որոնք արտաքին ազդեցություններից կարող են սեղմվել և ընդարձակվել, փոխելով մարմնի գույնը: Ձ–ի կմախքը ոսկրային է (ժամանակակից Ձ–ի մեծամասնությանը) կամ կռճիկային (քարալեզներ, շնաձկներ): Գանգը բնորոշվում է դիմային մասի լավ զարգացածությամբ` ծնոտային և խռիկային բազմաթիվ ոսկրերով: Վերջավորությունների կմախքը մեծ մասամբ կապված չէ ընդհանուր կմախքին: Ձ–ի մկանային համակարգն ունի որոշակի մետամեր կառուցվածք, վերջավորությունների մկանները թույլ են զարգացած: Առանձին Ձ. ունեն էլեկտրական օրգաններ, որոնք մեծ մասամբ ձևափոխված մկաններ են և նյարդային հատուկ գրգռի շնորհիվ առաջացնում են էլեկտրական պարպում (50–500 վ). ծառայում են որպես հարձակման և պաշտպանության միջոց (էլեկտրական օձաձուկ, էլեկտրական լոքո ևն): Ձ–ի նյարդային համակարգն արտահայտված է գլխուղեղով և ողնուղեղով: Գլխուղեղը բաղկացած է սովորաբար ոչ մեծ առաջային, միջանկյալ միջին և երկայնաձիգ ուղեղից: Զգայարանները լավ են զարգացած: Մարմնի կողքերով անցնող կողագծի օրգանով Ձ. զգում են ցածր հաճախականության (5–25 հց) ձայները: Համի օրգանները գտնվում են ինչպես բերանի խոռոչում, այնպես էլ մարմնի մակերևույթին: Հոտառության օրգանները մեծ դեր են կատարում կեր հայթայթելիս: Զ. լսում են 16–13000 հց հաճախականության ձայները և տեսնում 480–720 նմ ալիքի երկարության լույսը: Աչքի ոսպնյակը գնդաձև է և հնարավորություն է տալիս Ձ–ին տեսնել նաև շատ մոտ գտնվող առարկաները: Խորջրյա Ձ. զուրկ են տեսողությունից: Ձ–ի ստամոքսը սովորաբար առանձնացված է: Ստամոքսի և աղիների մեջ հաճախ կան պիլորիկ հավելվածներ, որոնք մեծացնում են մարսողության մակերեսը: Շնչառությունն իրականացվում է խռիկային թերթիկներով, որոնք կարող են լինել ներքին (Ձ–ի մեծամասնությունը) և արտաքին (երկշունչ Ձ. ևն): Սիրտը կազմված է նախասրտից և փորոքից: Ձ., որոշ բացառությամբ, բաժանասեռ են, լավ արտահայտված է սեռական դիմորֆիզմը: Ձվադրում են մի քանի հզ–ից մինչև 300 մլն ձկնկիթ: Բեղմնավորումը մեծ մասամբ արտաքին է, կենդանածինների մոտ` ներքին: Սաղմը հասունանում է մի քանի ժամից մինչև 3–4 ամիս: Սեռահասուն են դառնում 1–17 տարեկանում, ապրում 1– 2–ից մինչև 100 տարի: Ձ–ի համարյա բոլոր տեսակները սնունդ հայթայթելու, ձմեռելու, ձվադրման համար ակտիվ կամ պասսիվ կերպով գաղթում են. օրինակ, օձաձկները, հեռավոր արևելյան սաղմոնները հազարավոր կիլոմետրեր ճանապարհ են անցնում մինչև իրենց ձվադրավայրերը, որտեղ ձվադրում են ու սատկում: Ձ–ի սնունդը շատ բազմազան է: Մատղաշները սովորաբար սնվում են պլանկտոնային փոքր օրգանիզմներով, նախակենդանիներով, խեցգետնակերպերով ևն: Հասուն Ձ–ի մեջ կան գիշատիչներ, հատակի անողնաշարավորներով` բենթոսով և ջրային ընդերքի պարզ օրգանիզմներով` պլանկտոնով սնվողներ, բուսակերներ, մակաբույծներ: Ձ–ի տնտ. նշանակությունը շատ մեծ է: Մեծամասնության միսը, ձկնկիթը օգտագործվում է որպես սնունդ: Որոշ Ձ–ի մաշկը մշակվում է, լյարդից և մյուս ներքին օրգաններից ստացվող ճարպն օգտագործվում է բժշկ. և տեխ. նպատակներով: Ձ–ից ստանում են նաև անասնակեր ու պարարտանյութեր: Հայաստանի ջրերում տարածված հիմնական Ձ. են` Սևանի իշխանը, Սևանի սիգը, կոդակը, բեղլուն, կարմրախայտը, ծածանը ևն:

Գրկ. Դադիկյան Մ. Գ., Հայաստանի ձկները, Ե., 1971: Жизнь животных, т. 4, ч 1, М., 1971 Никольский Г. В., Экология рыб, 3 изд., М., 1974.

Ռ. Հովհաննիսյան