ՀՍՀ/ՁԿՆԿԻԹ
ՁԿՆԿԻԹ,
1. ձկների ձվի սովորական անվանումը: Տարբերում են հատակային ոչ կպչուն Ձ., որն էգը ձվադրում է գետնին (սաղմոններ), կպչուն կամ մածուցիկ Ձ., որն ամրանում է քարերին կամ խեցիներին (թառափազգիներ), ջրային բույսերին (կարմրակն, ծածան), և լողացող Ձ. (տափակաձուկ, հարինգ): Ձկների մեծամասնության Ձ. գնդաձև է, ոմանց մոտ` էլիպսոիդաձև (անձրուկ): Արդ. ձկների Ձ–ի մեծությունը 0,6 մմ–ից (տափակաձուկ) մինչև 7 մմ է (սաղմոն, կետա): Տարբեր ձկների Ձ–ի քանակը տատանվում է լայն սահմաններում, ամենաբեղունը լուսնաձուկն է, որը ձվադրում է մինչև 300 մլն Ձ.:
2. Սննդամթերք, ստացվում է որոշ ձկների Ձ–ի մշակումից և կոչվում է խավիար: Տարբերում են խավիարի 3 հիմնական տեսակ, թառափազգինեբի (թառափ, զութխի), սաղմոնների (կետա, սապատաձուկ) և խտացանցի ձկների (ծածան, շիղաձուկ, գայլաձուկ) Ձ., որոնց պայմանականորեն կարելի է միացնել սիգերի, ձողաձկների, հարինգների, ինչպես նաև ծովոզնու Ձ.: Խավիար ստանալու համար Ձ. ձկնից հանվում է ձվադրման համար նրա քնելուց առաջ, քանի որ քնած ձկան Ձ–ի պատյանի ամրությունը մի քանի ժամում խիստ նվազում է և հատիկները պայթում են: Խավիարի պատրաստման հիմնական եղանակը Ձ–ի աղելն է, որը երբեմն զուգակցվում է վարակազերծմամբ, ապխտմամբ, մամլմամբ: Հայտնի են Ձ–ի տարբեր փոխարինիչներ, այդ թվում նաև արհեստական, «քիմիական» Ձ.: Ձ. հարուստ է օրգանիզմի կողմից հեշտությամբ յուրացվող լիարժեք սպիտակուցներով, ճարպերով, վիտամիններով և իր սննդային արժեքով զգալիորեն բարձր է բազմաթիվ մթերքներից, այդ թվում նաև ձկան մսից:
