Jump to content

ՀՍՀ/ՁՄԵՌԱՅԻՆ ՊԱԼԱՏ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՁՄԵՌԱՅԻՆ ՊԱԼԱՏ Լենինգրադում, XVIII դ. ճարտ. հուշարձան: Մինչև 1905–ը եղել է ռուս. կայսրերի նստավայրը: Կառուցվել է 1754–62–ին (ճարտ. Վ. Ռաստրելլի)` բարոկկո ոճով: Ուղղանկյան հորինվածքով, ներքին բակով կառույցի ճակատներն ուղղված են դեպի Նևան, Ծովակալության շենքը և Դվորցովայա հրապարակը: Շենքի վիթխարի չափերը (ավելի քան 1000 սենյակ), շրջապատին համադրված ճակատային տարբեր լուծումները, սյուների փոփոխական ռիթմը ստեղծում են պլաստիկ հզորության, հանդիսավորության տպավորություն: Ինտերիերները բազմիցս վերանորոգվել են (Ի. Ստարով, Ջ. Կվարենգի, 1780–90–ական թթ., Կ. Ռոսսի, 1826), 1837–ի հրդեհից հետո ճակատներն ու շքադահլիճները վերականգնել են Վ. Ստասովը, Ա. Բրյուլովը: Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության ժամանակ, 1917–ի հոկտ. 25–ի լույս 26–ի գիշերը (նոյեմբ. 7) հեղափոխական զինվորներն ու նավաստիները գրոհով վերցրել են Ձ. պ., որտեղ պատսպարվել էր բուրժ. ժամանակավոր կառավարությունը: 1922–ին շենքն ամբողջությամբ հատկացվել է Պետ. Էրմիտաժին:

Գրկ. Пилявский В.И., Зимний дворец, Л., 1960.