Jump to content

ՀՍՀ/ՁՆԾԱՂԻԿ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՁՆԾԱՂԻԿ (Galanthus), շքանարգիզազգիների ընտանիքի բույսերի ցեղ: Ոչ բարձր, սոխուկավոր բազմամյա բույս է` վեգետացիայի կարճ շրջանով: Տերևները մեծ մասամբ երկուսն են: Ծաղկասլաքը սովորաբար կրում է մեկ կորացող ծաղիկ: Ծաղկապատը կազմված է 6 սպիտակ, միմյանցից բաժանված թերթիկներից, որոնցից 3–ն արտաքին են, խոշոր, իսկ 3–ը` ներքին, մանր: Պտուղը տուփիկ է: Հայտնի 17–18 տեսակներն աճում են հիմնականում նախալեռնային և լեռնային անտառներում կամ բարձրլեռնային մարգագետիններում: Տարածված են փոքր Ասիայում, Կենտրոնական և Հարավային Եվրոպայում, 1 տեսակը` Լիբանանում: ՍՍՀՄ–ում` հիմնականում Կովկասում, աճում է Ձ–ի ավելի քան 10 տեսակ, որից 1–ը (G. cacticus)` նաև ՀՍՍՀ–ում: Հաճախ Ձ. են անվանում վաղ գարնանը ծաղկող որոշ բույսերի (մկնասոխ, հողմածաղիկ), որոնք կարգաբանական տեսակետից կապ չունեն Ձ–ի հետ: