Jump to content

ՀՍՀ/ՁՈՐԱԳԵՏԻ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՁՈՐԱԳԵՏԻ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ Ս. Տեր–Գաբրիելյանի անվան, Հայկական ՍՍՀ առաջին շրջանային ՀԷԿ–ը և առաջին հնգամյակի խոշորագույն կառույցը: Կառուցվել է 1927–32–ին: Դերիվացիոն թունելի երկարությունը 2,5 կմ է: Ձորագետի դիմհարող պատվարը գետի լայնքով տեղադրված, 23 մ երկարությամբ և 6,5 մ տրամագծով գլանաձև փակաղակ է, որը գետի հեղեղումների ժամանակ գործում է ավտոմատ, ապահովում ավելորդ ջրի բացթողումը պատվարի ստորին բիեֆը` գետահունը: Այս տիպի պատվարը առաջինն էր ՍՍՀՄ–ում, իսկ ինքնագլանվող հատկությամբ գլանաձև փակաղակային պատվարի կոնստրուկցիան` միակը աշխարհում: Ճնշումային կառույցները հիդրավլիկական հարվածներից պահպանելու համար դերիվացիոն թունելի վերջում նախատեսված է հավասարման հորատ: Ձորագետի ՀԷԿ–ը բարձր ճնշման (114 մ), ինչպես նաև ճնշումային դերիվացիոն թունելով առաջին ՀԷԿ–ն է ՍՍՀՄ–ում: Կայանի շենքում տեղադրված են 22,2 հզ. կվտւ ընդհանուր հզորությամբ 3 հիդրոագրեգատ: Կայանի էլեկտրաէներգիայի միջին տարեկան արտադրանքը 110 մլն կվտ. ժ է: 110 կվ լարման էլեկտրահաղորդման գծով սնում է Հայկական էներգահամակարգը: ՀԷԿ–ի աշխատանքն ավտոմատացված է:

Ռ. Մալխազյան