ՀՍՀ/ՁՈՐԱՊԱՀԱԿ
ՁՈՐԱՊԱՀԱԿ, Տաւրոյ բերան, Տաւրու բերան, լեռնանցք Հայկական Տավրոս լեռնաշղթայի կենտրոնական հատվածում, Մեծ Հայքի Աղձնիք նահանգի Գզեղ (Գզեխ) գավառում, Վանա լճից շուրջ 15 կմ հարավ–արևմուտք, Բաղեշ քաղաքի հյուսիսային կողմում: Ձ–ի երկրորդ և հնագույն` Տավրու բերան անվանն է կապվում Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի անունը: Որոշ ուսումնասիրողներ Ձ. նույնացնում են ասորեստանյան արձանագրություններում հիշատակվող Ամաշտուբի լեռնանցքին: Ձ–ով էր անցնում Հայաստանի միջնաշխարհը Միջագետքին կապող ամենակարճ և մատչելի ճանապարհը, որն ուներ ոչ միայն տնտ., այլև ռազմ, կարևոր նշանակություն: Մ. թ. ա. II– I դդ. Ձ–ով անցնող Արտաշատ–Տիգրանակերտ մայրուղին (տես Արքունի պողոտա) բանուկ էր նաև հետագա դարերում: Արաբ, աշխարհագիրները Ձ. Անվանել են Արզանի (Աղձնիք) կամ Բիթլիսի (Բաղեշ) դուռ: Այժմ կոչվում է Բիթլիսի կամ Ռահվա լեռնանցք, որտեղով անցնում է բարեկարգ ավտոխճուղի:
Թ. Հակոբյան
