ՀՍՀ/ՁՎԱՐԱՆՆԵՐ
ՁՎԱՐԱՆՆԵՐ (լատ. ovaria, հուն, մարդու և կենդանիների իգական սեռական գեղձեր, որտեղ առաջանում և հասունանում են ձվաբջիջները: Սկսած որդերից, Ձ. առանձնացված օրգաններ են, միայն սպունգներն ու ցածրակարգ աղեխորշավորները չունեն սահմանազատված Ձ.: Ողնաշարավորների Ձ. նաև ներզատիչ գեղձեր են, որտեղ արտադրվում են հորմոններ (ֆոլիկուլին և պրոգեստերոն): Ձ. կազմված են շարակցահյուսվածքային հենքից և դրան սերտաճած սաղմնային բջիջներից: Որպես կանոն, զույգ են, սակայն առանձին կենդանիների մոտ (որոշ փափկամորթներ, թռչուններ) Ձ–ից մեկը կարող է թերաճել կամ երկուսը միաձուլվել (որոշ հոդվածոտանիներ, քարալեզ ևն): Կանանց Ձ., ներքին սեռական զույգ օրգան են, ներզատիչ գեղձ` 3,4 սմ երկարությամբ, 2– 2,5 սմ լայնությամբ և 0,6– 1,5 սմ հսատությամբ, մոտավորապես ձվաձև (տեսքով հիշեցնում է դեղձի կորիզը): Տեղադրված են արգանդի երկու կողմերում, որի հետ միացած են սեփական կապանով: Ձ. ունեն երկու շերտ, ներքին` միջուկային և արտաքին` կեղևային, որոնք կազմված են հիմնականում շարակցական հյուսվածքից: Կեղևային մասը հարուստ է, այսպես կոչված, ֆոլիկուլներով, իսկ միջուկայինը` արյան, ավշային և նյարդային ցանցով: Կեղևային մասը ծածկված է սաղմնային էպիթելով, որի տակ գտնվում է բարակ շարակցական շերտը (tunica albuginea), ապա` ձվարանի հենքը (ստրոմա): Վերջինիս ցանցերի մեջ գտնվում են նախնական (պրիմորդիալ) ֆոլիկուլները, որոնք կազմված են ձվաբջիջներից, շրջապատված սաղմնային էպիթելով, իսկ արտաքինից` շարակցական պատյանով: Երիտասարդ Ձ–ում ձվաբջիջների թիվը մոտ 200 000 է, մեծությունը` 42– 45 մկմ: Մինչև արբունքի շրջանը Ձ. լինում են գրեթե հանգիստ վիճակում: Սեռական հասունացման ժամանակ ամեն ամիս նախնական ֆոլիկուլներից մեկը կամ երկուսը սկսում են զարգանալ և վերածվել գրաֆյան ֆոլիկուլների: Հասուն ֆոլիկուլը անվանվում է գրաֆյան բուշտ, որի խոռոչը լցված է ֆոլիկուլային հեղուկով: Ձվազատման (օվուլյացիա) ժամանակ գրաֆյան բուշտը պատռվում է, ֆոլիկուլից դուրս են գալիս ձվաբջիջները, որից հետո ֆոլիկուլի տեղում առաջանում է դեղին մարմին: Վերջինս հղիության դեպքում կոչվում է հղիության կամ իսկական դեղին մարմին, իսկ երբ կինը չի հղիանում` դաշտանային կամ կեղծ: Ձ–ում 200 000 նախնական ֆոլիկուլների մի մասը, մինչև 14–15 տարեկան, ոչնչանում են, մնում են մոտ 36 000, այնուհետև մինչև 45–50 տարեկանը ամսական մեկ ֆոլիկուլ հասունանալով վեր է ածվում գրաֆյան ֆոլիկուլի, և օվուլյացիայի են ենթարկվում մոտ 500–ը, մնացածները (մոտ 35 000) աստիճանաբար, սակայն առանց հասունանալու, ոչնչանում են (ֆիզիոլոգիական ետզարգացում) մինչև կնոջ կյանքի վերջը: Բնականոն պայմաններում երկու Ձ. աշխատում են պարբերաբար, հերթականությամբ, սակայն մեկ ձվարանը հեռացնելիս մյուսն իր վրա է վերցնում վերջինիս ֆունկցիան: Ձ. կատարում են նաև 3 հիմնական ֆունկցիա. մանկածնության` արտադրում են բեղմնավորման ենթակա ձվաբջիջներ: Վեգետատիվ` որով պայմանավորված է սեռական օրգանների հասունացումը և կնոջ օրգանիզմին բնորոշ տեսքը (տես Երկրորդային սեռական հատկանիշներ): Հորմոնային` կանոնավորում է սեռական օրգանների գործունեությունն ու մասնակցում ներքին սեկրեցիայի կարգավորմանը: Ձ–ում արտադրվում են հորմոններ` էստրոգեններ և պրոգեստերոն, որոնք նպաստում են սեռական օրգանների հասունացմանը և կանոնավորում կնոջ օրգանիզմի այլ ֆունկցիաները: Ձ–ի գործունեությունը սերտորեն կապված է հիպոֆիզի հետ: Տես նաև Դաշտան, Սեռական օրգաններ:
Ն. Հովսեփյան
