Jump to content

Համանվագ (Արիս Արսենի)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Արիս Արսենի, ՀԱՄԱՆՎԱԳ (բանաստեղծություններ և պոեմներ), Ստեփանակերտ, «Վաչագան Բարեպաշտ» հրատ., 2005, 96 էջ, տպ. 250 օր.։

Հայրենի կարգավ

Գազելների պսակ


Մատս՝ ձգանին


1988, փետրվար 27-29

Լռության րոպե

Պաբլո Ներուդայի մենախոսությունը

Ամենա… իմը


40-ից հետո

________________________________________________________________


ՀԱՅՐԵՆԻ ԿԱՐԳԱՎ

Մի հայրեն ասեմ ես էլ,
Իմ անցած օրերին ասեմ...
Համո ՍԱՀՅԱՆ

Ա

Ալեհույզ, լուսեղ աչքերում
Հմայք է՝ մաքուր կանացի...

Անո՜ւշ է գերում այնպես՝
նազանքով քնքուշ-առնացի,
Ալեհույզ-հուր աչքերում
հիացք է, սեր-կիրք կանացի,
Իսկ ի՞նչ է բախտն ինձ բերում՝
տանջամահ լինելուց բացի,
Տանջահար իմ այս... դերում
վախենամ սի՜րտը չբացի։


Բ

Վարդաբույր շուրթերդ կեզ
Այրվում են շուրթերիս վրա։

Անունդ՝ երազ տխուր,
լուսեղեն թախի՜ծ է անկեզ,
Վարդաբույր շուրթերդ տուր,
այրվո՜ւմ են շուրթերս հրկեզ,
Ապրո՜ւմ եմ աղոթքով լուռ՝
դողդոջուն հույսի՜կ տա մի հեզ,
Օտար մի՜ ձևանա զուր,
սիրո՜ւնս, սիրո՜ւմ եմ ես քեզ...


Գ

Քո թախծոտ աչքերում երազ կա վայրի,
Ես ինչպե՞ս թողնեմ քո թախիծն ինձ այրի...

Կարոտ կա աչքերիդ մեջ,
աչքերիդ ցոլանքը վայրի
Ես ինչպե՞ս ներս թողնեմ գա,
բա որ գա ու սիրտս այրի՞,
Իսկ հետո՞, ինչպե՞ս ապրեմ։
Մի՜ ստիպիր, որ սիրտս զայրի...
...Ի՜նչ հեշտ ես դու մարսում, թո՜ւղթ,
գովեստն ու... հեգնանքը սայրի։


Դ

Ասա՜, ինչո՞ւ ես ի՜նձ աչք ածում,
Երբ ժպտում ես ու... աղոթք հայցում...

Դո՜ւր եկար կնոջս դու՝
հարցնո՜ւմ էր անվերջ քո մասին։
-Ո՞վ էր այդ աղջիկն,-ասաց,-
որ ժպտում էիք միասին,
Թե՞ ուրիշ աչքով նայող
չունի, որ քեզ է աչք ածում...
...Ի՞նչ ասեմ, որ ճիշտ դուրս գամ,
հարցո՜ւմն է պատասխան հայցում։


Ե

-Ես միշտ ժպտա՜մ քեզ,-
դո՜ւ ասացիր...

Ինձ այնպես լա՜վ ես ժպտում,
թվում է՝ դու ես իմ... կի՜նը,
Կործանվե՜մ թող քո գրկում,
կլինե՞ս դու իմ գրկինը,
Հուզո՜ւմ ես համակ ու սեր,
կարոտիս ցա՜վն է քո... գինը,
Որքա՜ն եմ, գիտե՞ս, ուզում՝
դու՜ լինես միշտ իմ մտքինը։


Զ

Դու ի՞նչ ես ուզում ինձանից,
Բաց թող ինձ՝ գնամ ես, թախի՜ծ...

Դավեր ես նյութում, թախիծ,
բայց էլի գոհ եմ քեզանից,
Քեզ ե՞րբ եմ վատ խոսք ասել,
խիղճ ունե՞ս դու գոնե մի քիչ։
Սիրտս քեզ երգ է տալիս,
իսկ դու միշտ ցավ ես բերում ինձ,
Հոգնել եմ, բայց թող՝ գնամ,
տարփածու-տնարար թախիծ...


Է

Ես ուզում եմ ցմրուր
Քո թովչանքը ճաշակել...

Ոչի՞նչ, որ սիրագարված
աչքերի ցոլանք տվեցի,
Ժպտա՜, թող աշխարհը քեզ
չթվա դատարկ մի խեցի,
Թե՞ իզուր երազս ես
քո առաջ այսպես խնկեցի,
Ե՞րբ սիրո վայելք տեսա,
այսքան շուտ ինչո՞ւ ծնկեցի։


Ը

Ո՞ւր ես հիմա՝ չգիտեմ,
Արի՜, լա՞վս, քեզ գգվեմ...

Քեզ անվե՜րջ եմ սիրելու,
գալո՞ւ ես բայց ինձ մոտ նորից,
Որ աչքերիդ մեջ փնտրեմ
կարոտ, երազ նաև՝ թախիծ,
Գրկեմ, գգվեմ, որ քամվի
դառնությունը քո աշքերից,
Արի՛, լա՜վս, քեզ սիրեմ,
թող աչքերդ միշտ ժպտա՜ն, ի՛նձ։


Թ

Կնացի՜ր ինձ, իմ լա՜վս,
Ես պաշտո՜ւմ եմ քեզ...

Խայտո՜ւմ ես նորից, սիրո՜ւն,
ամա՜ռ ես, ա՜լ ես դու ու կեզ,
Ուզո՜ւմ եմ քո ժպիտը,
ափսո՞ս է, որ ինձ նվիրես,
Աչքերդ հուր են ցայում,
օրերդ խինդ են ու հրկե՜զ,
Կնացի՜ր, լա՜վս, դու ինձ,
սիրո՞ւմ եմ՝ պաշտո՜ւմ եմ ես քեզ...


Ժ

Երազը՝ սուրբ, նաև սուտ է, նաև՝ խաբկանք,
Այնպես արա, որ չդառնա՜ս... երազախաբ...

Մենության ուշ գիշեր էր,
երբ նրան այցի գնացի,
Ուզեցի շուտ ետ դառնալ,
բայց գիշերն այնտեղ մնացի,
Եվ հետո... այնպե՜ս լավ էր,
որ, անկեղծ ասած, զղջացի,
Թե ինչո՞ւ մինչ այդ նրան
չտեսա՜, չճանաչեցի՜...


ԺԱ

Ա՜յն Զոյային, որ Շիրազը կոչեց Զվարթ...
-Դե՞մ ես՝ պահիր անվան երկու ձևերն էլ այդ...

Կայտառ է, զվարթ է նա,
ու այնպես լա՜վ է հիշելում,
Ոչինչ չի կորչի նրա
պահած ու փայած հուշերում,
Բայց այնպե՜ս շվար է, որ
պահվելով կյանքի փշերում,
Մի շունչ ու մի տուն է, և
հուշերի հետ է գիշերում...


ԺԲ

Եղե՞լ եմ ես դրախտում...
Հիշե՜լ եմ քեզ դրախտում։

Մի գոցիր, բաց արա, թող
արևի շողն ընկնի վրան,
Չեմ տեսել երբեք կյանքում
այդքան մեծ հատիկներ նռան,
Բաց արա դրախտդ գոց՝
մրգերիդ բույրով արբենամ,
Եղել եմ, գուցե կասեմ,
դրախտում ես էլ մի անգամ։


ԺԳ

Ծոցիդ մեջ մի զույգ գերված
սևկտուց ճերմակ աղավնի
Ուզում են դուրս պրծնել, որ
վայելեն համբույրն արևի...

Վանդակված-գերված մի զույգ
սևկտուց ճերմակ աղավնի
Ուզում են դուրս թռչել, բայց
ամուր են կապանքներն էլի,
Սեղմվել են պատերի մեջ՝
քնքշանքի՛ կարոտ, արևի՛...
...Կրծկալիդ պայթյունը լոկ
կփրկի նրանց երևի։


ԺԴ

Ինչ ասես-չասես՝ մեկ է,
ուրագն իր արածն է անում...

-Մի՜ եղիր ուրագի պես,-
հին առածն այսպես է հուշում,-
Դու մեկ՝ այս, մեկ՝ այն, իսկ նա
միշտ դեպի իրեն է տաշում...
...Կորել են հույզ, անրջանք՝
թախիծն ո՞ւմ կարոտն է քաշում,
Երբևէ կհասկանա՞նք,
թե այս ի՜նչ օրեր ենք մաշում։


ԺԵ

Արի, մի՛ գնա,
Եկել ես՝ մնա...
Ժող. երգից
Չգիտեմ՝ գնա՞մ, մնա՞մ,-
ո՞րն է ճիշտ և որը՝ սխալ,
Մնալս՝ անհեռատես,
գնալս՝ անհեռանկա՞ր,
Անիմաստ ու անտեղի՞,
մնա՞լս՝ մշուշվել-մխա՞լ...
Ի՞նչ ասեմ... Բայց մարդ ենք, չէ՞,
գալուն էլ... գնա՜լն է ախար...


________________________________________________________________


Գազելների պսակ

Ինչքան ուզում են՝ ասեն,
Թե հին ես դու հնացած,-
Ապրի՛ր նախկին քո կյանքով,
Նոր օրերի կես, գազել։

ԳԱԶԵԼ ՄՈՒՏՔԻ

Դուռդ բաց է, և, ահա, լուռ մտնում եմ ներս, գազել,
Սիրահարված քո ոգուն, սիրահարված քեզ, գազել։

Դեռ ասում են, թե դու քո դարը ապրել ես վաղուց,
Եվ հիմա նոր օրերին այլևս պետք չես, գազել։

Այլևս չես թովում դու իբր սրտերը մարդկանց,
Իբր՝ էլ այն չես հիմա, իբր՝ դու այլ ես, գազել։

Իբր՝ էլ չես այրում դու, կրակ չունես իբր էլ,-
Երախտամոռ են նրանք, դու քո բա՛խտը տես, գազել։

Դու, որ ապրել ես մինչև Տերյան, Չարենց ու Շիրազ՝
Այսօր պիտի չլինե՞ս,- ի՜նչ միամիտն ես, գազել։

Ինչքան ուզում են՝ ասեն, թե հին ես դու հնացած,-
Ապրի՛ր նախկին քո կյանքով, նոր օրերի կես, գազել։

Եվ սիրասթափ աշխարհը քեզ հետ նոր սեր կկապի,
Ներիր նրան ու մնա, նա կսիրի՛ քեզ, գազել։


ԳԱԶԵԼ ՍԻՐՈ

Կնոջս՝ Ռուզանին

Նորից գարուն էր ու նորից սեր էր,
Սիրո բարի լույս, սիրո գիշեր էր։

Մինչ կմտնեիր հյուղակը սրտիս՝
Երջանկությունս ամպից էլ վեր էր։

Վսեմ դերերից անմասն էի ես՝
Իմը՝ մերժվածի ու ցավի դեր էր։

Մինչև քո գալը անհույս էր սիրտս,
Բայց սիրտս նաև հավատի տեր էր։

Որ գալու ես դու մի գեղեցիկ օր՝
Հավատի հունդն այդ արգասաբեր էր։

Դու եկար մի օր։ Թախծաբույր տանս
Երջանկությունս արդեն տանտեր է։

Եվ բարուրում ես անմեղությունս,
Իսկ ցավս արդեն յոթ սարից էլ դեն է։


ԳԱԶԵԼ ՊԱՊԻՍ

Նա մեծ ապա-պապ Խաչունց Անդրին էր,
Ականջը՝ ձայնի, աչքը՝ հանդին էր։

Նա հանդի կանչը զգում էր անձայն,
Գնում էր՝ ճամփան հողի կանչին էր։

Բանում էր հանդում մինչև ուշ գիշեր,-
Մենակ չէր, ընկեր կար՝ Ծիր-Կաթինն էր։

Լինում էր՝ հոգնած քնում էր հանդում,
Իսկ թոռան աչքը միշտ էլ ճամփին էր։

Ե՞րբ կգա պապը, որ հանդ գնան, բայց
Թոռան երազը հանդից անդին էր։

Պապը գալիս էր, լցվում էր թոռը,
Բայց հանդ չէր գնում, հանդը... պապինն էր։

...Պապը աշխարհում այլևս չկա,
Թոռը մեծացել, աչքը... հանդին է։


ԳԱԶԵԼ ՏԱՏԻՍ

Հիմա հուշից քո անգո, ես մրսում եմ, տատ, ների՜ր,
Տես, կրկին ոտքդ եկել՝ աղերսում եմ, տատ, ների՜ր։

Խոտ է բուսնում քո շիրմին, այնտեղ, հեռո՜ւ մեր գյուղում,
Իսկ ես՝ այստեղ՝ քաղաքում, լուռ տանջվում եմ, տատ, ների՜ր։

Մոռացել ես երևի չարություններս բոլոր,-
Դու ներող ես եղել միշտ, այս անգամ էլ, տատ, ների՜ր։

Ասում էիր՝ կզղջաս, երբ մեծանաս դու մի քիչ,
Մեծացել եմ արդեն, տես, ու զղջում եմ, տատ, ների՜ր։

Հաճախ ցավ եմ պատճառել, հաճախ էլ՝ չեմ լսել քեզ,
Հիմա այրող քո ցավից լուռ այրվում եմ, տատ, ների՜ր։

Մնացել է քեզնից արդ անշիրմաքար մի շիրիմ,-
Ես ինձ ներել չեմ կարող, դո՛ւ ինձ գոնե, տատ, ների՜ր...


ԳԱԶԵԼ ՈՐՈՆՄԱՆ

Դու առաջվա նման իմ հույզերն ես հորդուն,
Հոգուս լույսը վառող իմ սեր, երազ ու տուն։

Անրջել եմ հույսով անքուն կարոտը քո,
Կարոտ-երազ տեսել կարոտ-աչքով անքուն։

Ու միշտ որոնել եմ, որոնել եմ երկար,
Բայց գտել եմ միայն քեզ իմ... հանգ ու վանկում։


ԳԱԶԵԼ ՄԵՂՍԱԿԱՆ

Ամեն անխիղճ չարի համար մեղավորը մենք ենք,
Մեր այն խռով սարի համար մեղավորը մենք ենք։

Ավերվել են մեր տները, մեր քարերը խոսուն,
Ամեն կորած քարի համար մեղավորը մենք ենք։

Նոր դավեր են նյութվում հիմա, նոր տներ են քանդվում,
Այս մոլեգնած դարի համար մեղավորը մենք ենք։

Նոր օրերի հովով տարված, նոր անուրջներ երգող
Անսեր երգի, լարի համար մեղավորը մենք ենք։

Մեղավորը մենք ենք, որ էլ քամին սեր չի հուշում,
Այլ՝ դավ։ Ու այդ դավի համար մեղավորը մենք ենք։

Մենք ենք։ Մեղավոր ենք։ Դեմ չենք կանգնում չարին,
Չարի հարբած գավի համար մեղավորը մենք ենք։

Հավատում ենք մինչև անգամ չարի բերած... լավին,
Մեր այս «փոքրիկ» բացի համար մեղավո՞րը... Մենք ենք։


ԳԱԶԵԼ ՄՈՐՍ

Սիրով ու քնքշությամբ

Մա՜յր, կուզեի եդեմի հրաշքները բերել քեզ,
Տունդ լցնել երազով ահագնացող ծովի պես։

Թեկուզ հոգնած ու հլու, բայց համարձակ, բայց համառ՝
Ես կրկին դեմն առնեի հորձանքների չար ու... հեզ։

Իսկ դու՝ համակ տխրություն, համակ տքնանք՝ ժպտայիր,
Ու չերևար քո դեմքին արտասուքի շիթը կեզ։

Ես կուզեի, որ քեզ հետ լիներ երազդ կյանքում,
Որ քո որդին քո գրկում վերջին իր շունչն էլ տար քեզ։

Բայց աղմկում են էլի ալիքները փոթորկի,
Կրկին ոտքի են ելնում ավերելու սիրտդ, տե՛ս։

Ու մոլորվել եմ այնպես, որ չգիտեմ ինչ անել,-
Փոթորկի դեմ հանդիման քեզ ո՞նց մենակ թողնեմ ես։

...Սակայն ուր էլ ես գնամ, ուր էլ լինեմ՝ հավատա,
Թեկուզ վերջին իմ շնչում՝ պիտի կանչեմ էլի...քեզ։


ԳԱԶԵԼ ՊԱՏՐԱՆՔԻ

Էլ չի կանչում ինձ Դնգդնգան ձորը
Եվ իմ մանկության սիրած աղբյուրը։

Մի վերջին ճիգով քարերը լիզել,
Ու... կտրվել է մեղրահամ ջուրը։

Լուռ քարացել է քարերի վրա՝
Քարերին թառած ջրի փրփուրը։

Անհույս նայում եմ լռած աղբյուրին,
(Ինչ ծա՜նր է նրա այդ լռությունը)։

Աչքերս են հանկարծ ծանրանում տխուր,
Ու... ջուր է դառնում աչքերիս հուրը։

Եվ արթնանում են քարերը կարծես՝
Կոտրում աղբյուրի լուռ քարությունը...


ԳԱԶԵԼ ՏԽՐՈՒԹՅԱՆ

Արթուր ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հիշատակին

Ակնթարթներ կան քո կյանքում, որ ներկա եմ եղել,
Կան էլ՝ ինչ-ինչ պատճառներով բացակա եմ եղել։

Հետո ինքս ինձ քարին տվել, տառապել եմ երկար,
Քանզի ցավիդ հոգով, տենդով միշտ վկա եմ եղել։

Հետո եկել՝ հողակոշտդ ես գրկել եմ ամուր,
Հողաշերտիդ՝ մի տխրության հուշաքար եմ եղել։

Թեև դաժան ճակատագրի մռայլ քմայքներին
Ճարահատյալ իմ տխրությամբ միշտ անճար եմ եղել։


ԳԱԶԵԼ ԲՈՂՈՔԻ

Քո արածը քեզ դո՞ւր եկավ, Քրիստո՛ս,
Իմ եղբորը դու ո՞ւր տարար, Քրիստո՛ս։

Ի՞նչ խաղ էր սա, որ խաղացիր իմ գլխին,
Թե՞ իմ եղբոր կարիքը կար, Քրիստո՛ս։

Թե՞ իմ եղբոր պատկերն էիր ուզում դու
Դարձնել պարզ ու աստղանկար, Քրիստո՛ս։

Ու նայում է ինձ իր պայծառ նկարից,
Նկա՞ր, չէ, դա արցունքս է պաղ, Քրիստո՛ս։

Արցունքս է դա՝ կաթիլ-կաթիլ ծովացած,
Պիտի խեղդի ծովն այդ քեզ, գա՛ռ, Քրիստո՛ս...


ԳԱԶԵԼ ՑԱՎԻ

Ընկերոջս՝ Պարգևին, մի տխուր առիթով

Ես երանության մեջ էի երեկ,
Իսկ իմ ընկերը՝ վշտի մեջ, երեկ։

Ու չգիտեի՝ հրճվե՞մ ինձ համար,
Թե՞ այրվեմ նրա կրակում, երեկ։

Ես չգիտեի։ Ու տալիս ծափին՝
Ընկերս վշտում այրվում էր երեկ։

Ես դեպի նրա կրակը գնում,
Գնում, ետ էի ընկրկում երեկ։

Քամին փչում էր, պողերս խառնում,
Կրակս... կարգին «հրճվում էր» երեկ։

Բայց հանկարծ նորից մարում էր մեկեն,
Ու ծուխն էր խեղդում կոկորդս երեկ։

...Եվ ոչ այրվեցի մինչև վերջ այդպես,
Ոչ վերագտա հանգիստս երեկ։


ԳԱԶԵԼ ԿԱՐՈՏԻ

Էլ չկա, էլ չի կանաչում մեր բակի կանաչ թթենին,
Մարել է ու էլ չի կանչում մեր բակի կարկաչ թթենին։

Մարել է՝ անհույս-անհավատ, մեր հավատն ու հույսն էր կյանքի,
Էլ չկա, էլ չի հառաչում մեր բակի հառաչ թթենին։

Թթենին մեր խեղճ ու կրակ՝ թողել է մեզ խեղճ ու լքված,
Թողել ու էլ չի շառաչում մեր բակի շառաչ թթենին։

Կարոտներ ու սեր է թողել, մեր կարոտն ու սերն էր սակայն,
Մարել ու էլ չի ճաճանչվում մեր բակի ճաճանչ թթենին։

Թողել է հույզեր անանուն, թողել է՝ ինչ թանկ էր իրեն։
Թողել ու... էլ չի ճանաչվում մեր բակին ճանաչ թթենին։

...Թթենու մի շիվ է այսօր կանաչում նորից մեր բակում։
Նա հույսի շողն է իմ բակի՝ հուշերիս կանաչ թթենին։


ԳԱԶԵԼ ՄՈՌԱՑՄԱՆ

Դու՝ հի՜ն հուշ սեր իմ հրկեզ, կարո՞ղ եմ քեզ մոռանալ,
Դու՝ իմ ամբողջ ու իմ... կես, կարո՞ղ եմ քեզ մոռանալ։

Այցելում ես, ի՛մ տեսիլք, ու լուսաստղի հետ չքվում
Դու չխամրող հուշի պես, կարո՞ղ եմ քեզ մոռանալ։

Մոլորվե՜լ եմ աշխարհի բավիղներում քարքարոտ,
Ինձ տուն կանչող իմ հյուղն ես, կարո՞ղ եմ քեզ մոռանալ։

Ա՜յլ է հիմա իմ ուղին, սակայն քայլերս երեր
Որոնում են կրկին քե՛զ, կարո՞ղ եմ քեզ մոռանալ։

Հիմա ուրիշ մի սեր է քո հին հուշը օրորում,
Որ մոռանամ հևքդ ես, կարո՞ղ եմ քեզ մոռանալ։

Ա՜յլ է հիմա իմ ուղին։ Եվ օրերում իմ այս կեզ
Մոռանո՜ւմ եմ արդեն, տե՛ս։ Կարո՞ղ եմ... Քե՞զ... Մոռանա՞լ...


________________________________________________________________


Մատս՝ ձգանին

Մատս՝ ձգանին՝
Կսպասեմ, տղաս,
Առնականանաս,
Հերթս կփոխեմ այնժամ,
Երբ որ դո՛ւ
Հերթափոխի գաս...


Կարճատև մարտ

1994-ի հունվարի 8, Ներքին Սեիդահմեդլի։
Ծանր վիրավորվեց 4-րդ վաշտի
քաջարի հրամանատար Ժիրայր ՄԿՐՏՈՒՄՅԱՆԸ,
զոհվեցին դասակի հրամանատար Կարո ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ
և շարքային Արմեն ԲԱԲԱՅԱՆԸ։

Իմ դեմ դաշտն է աղմկոտ՝
Մա՛հ, կոտորա՛ծ, արյո՛ւն,
Զենքերն իրար են խառնվել
Անհավասար մարտում։

- Արմենն ընկա՜վ,- Կարոն էր,-
Իսկույն առաջ նետվեց։
Հրազենից այդ պահին
Մի կարճ կրակահերթ
Նրան գետնին տապալեց
Ու նա պառկեց հանգիստ՝
Անէացած աշխարհի
Աղմուկից ու... բախտի՜ց։

Տղաները վազեցին.
-Նահանջո՜ւմ են, հասե՛ք...
-Լրբի լակո՛տ,-Ժիրայրի
Հրազենը խոսեց,
Ու փռվեցին թուրքերը,
Սակայն վերջին պահին
Վիրավորեց նռնակը
Հրամանատարին։

... Քիչ անց մարտն ավարտվեց,
Մի կարճ խաղաղություն
Մթնշաղի հետ ծածկեց
Այգի, փողոց ու տուն։


Փոքրիկը

1995-ի փետրվարի 2, Սեյսուլան։
Դավադիր ականի զոհ դարձավ
լեգենդար Փոքրիկը՝ Արթուր Օհանյանը։

Փոքրիկը պառկել է դագաղում,
Դագաղը Փոքրիկին չի սազում։

Փոքրիկին սազում են դիրքերը,
Կռիվը, պայքարը, զենքերը։

Փոքրիկն ո՜ւր ասես՝ չի եղել,
Փոքրիկն ի՜նչ ասես՝ չի տեսել։

Շահել է նա բոլոր մարտերը,
Սարսել են Փոքրիկից թուրքերը։

Բայց հիմա պարտվե՞լ է Փոքրիկը,
Ականը պայթել՝ ու... մոտի՞կ էր։

Մոտիկ էր ու հիմա... դագաղ է։
Դագաղում Փոքրիկը խաղաղ է։

...Փոքրիկն իր կռիվն արել է,
Սակայն մեր հողում դեռ կռիվ է։

Ու ելնում են տղերքը կրկին՝
Սրտերում վրեժը Փոքրիկի...


Սեյսուլանի ավերակներում

Թուրքն է անցել այստեղից...
Վիկտոր ՀՅՈՒԳՈ

Նորից՝ արյուն, նորից՝ թալան,
Նորից՝ մամռած տուն ու քարեր,
Դժո՞խքն է սա դանթեական,
Թե՞ «այստեղով թուրքն է անցել»։

Ուր քայլում ես՝ պատեր փլված,
Ուր նայում ես՝ մահվան հետքեր,
Քո ճակատին ա՞յս էր գրված...
Չէ՛, այստեղով թուրքն է անցել։

Քանդված տներ, քանդված դպրոց,
Պղծված հին-նոր գերեզմաններ,
Ջարդված այգի ու օրորոց...
Չէ՛, այստեղով թուրքն է անցել։

Թուրքն է անցել, սակայն այսօր
Սեյսուլանում մենք ենք կանգնած,
Որ ոչ մի քար չպակասի
Ու ետ չգա թուրքը հանկարծ։

Մենք ենք կանգնած, որ էլ չգան,
Ավերակներն էլ չպղծեն,
Որ շենանան օջախները,
Օրորոցներն աղմկեն...


Ճակատագիր

Կոմիտասին ու Նունեին՝
անապական սիրով...

Նա պահում է ափը՝ մոմակալ է ասես,
Իսկ դու մոմ ես՝ վառվող աչքերի մեջ նրա,
Ամրանալու համար դեռ շա՞տ պիտի «լացես»,
Կատարյա՞լ չէ ափը, կասկածո՞ւմ ես, տղա...

Ու՝ կաթում ես, կաթ-կաթ, տես, արցունք է ափիդ,
Տես, կարոտիդ՝ նրա երազանքն է ծալվում,
Մոմակալը թախծի աչքն է հառել ճամփին...
...Մոմ, հերիք է, այդպես մինչև ո՞ւր ես հալվում։


Եղբայրս, արի...

1994-ի ապրիլի 18, Հասանղայա։
Կատաղի մարտում արիաբար զոհվեց
գնդացրորդ եղբայրս՝
Անդրանիկ Արսենի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ...

Գիշեր է, Ամանոր, իսկ դու դեռ... չկաս,
Բայց թույլ մի զգացում հուշում է՝ կգաս։

Կգաս ու աղմուկով դուռս կբացվի,
Կունկնդրես կարոտած պատերիս լացին։

Կգաս, որ կարոտած սիրտս ջերմանա,
Երազս թողնես ինձ, թախիծս գնա։

Կգաս, որ էլ իրար չմնանք ծարավ...
...Երա՜զս, կարո՜տս, թախիծս տարա՜ր։

Ի՜նչ «անխիղճ» տղա ես, եղբա՜յրս, արի՛,
Որ ուրախ սկսվի գոնե ա՛յս տարին։

Այստեղ էլ ձյուն տեղաց կարոտիս սրտին...
Բայց ինչ էլ լինի՝ քեզ սպասենք պիտի։

Բայց ինչ էլ լինի՝ դու անպայման կգաս,
Որ օ՜րս, արև՜ս, գալի՜քս դառնաս...


Քո... շքանշանը

...Ինչքան էլ ես քո մասին
Խորհեմ, եղբա՜յրս,
Թեև հեռվում՝ անկասկած
Ներկա՛ ես տանս...

Դու դեռ մանուկ օրերից եղել ես արի,
Խորթ են եղել քեզ անկուշտ բարքերը դարի,
Իսկ երբ ծագեց լուսարփին Արցախյան շարժման,
Անմնացորդ տրվեցիր քո կամքով նրան։

Քեզ կոչել են անունով քաջ Զորավարի,
Որ չլքի երբեք քեզ ոգին պայքարի։

Ծանր էր սակայն, մենք՝ անփորձ, թշնամին՝ ուժեղ,
Ցավ էր դառել ոսոխը, մեր տունն էր խուժել,
Գետաշենը պինդ էր դեռ՝ թեև արնաքամ,
Շահումյանը դատարկվեց, Մարտակերտն ընկավ...

...Քո գնդացրով անվարան նետվեցիր առաջ,
Որ թշնամին ճողոպրի քեզնից ահառած։

...Անունդ միշտ հավատքով կրեցիր կյանքում,
Հերոսի պես կռվեցիր դու ամեն մարտում,
Եվ իմացյալ՝ գնացիր մահվան հանդիման,
Ազատագրած հողերդ են քեզ շքանշան։


Հայրական պատգամ

Զինվոր որդուս՝ Սամվելին

Այրվում է այտս՝ քո տղայական համբույրից այս տաք,
Ողջագուրման պահն անցած է, իսկ ե՞ս՝ տխո՞ւր եմ, հպա՞րտ։

Գիտեմ սոսկ՝ պիտի չընկրկես, լինես աննահանջ, արի,
Որ ընտրած ուղիդ միշտ կանաչ լինի, միշտ լինի բարի։

Այսօր սանիկ ես դու վարժարանի, իսկ վաղը՝ զինվոր,
Քո վաղվա օրը իմաստավորիր այստեղ ու այսօր։

Երբեք մի ցանկա հարթված-տրորված ուղիով քայլել,
Հույսդ դու եղիր, դու սովորիր քո՛ ամրությամբ փայլել։

Թույլ չես եղել դու, գիտեմ ես, ոգին քո չի թուլանա,
Բայց այնպես արա՝ քունը քեզ հաղթել չկարողանա՛։

Ամուր եղիր միշտ, ինչպես պողպատը, որ ինչքան ծեծվում,
Այնքան ավելի կարծրանում է նա, ու այնքան թրծվում։

Իմաստություն և ուսում ձեռք բեր, ու՝ կկարողանաս,
Դու պարտավոր ես այս թոհուբոհում դիմանալ, տղաս։

Իսկ թե թույլ եղար՝ վատ սովորույթ է գութ աղերսելը,
Սիրիր քո գործն ու պատիվ համարիր զինվոր լինելը։

Մատս՝ ձգանին, կսպասեմ մինչև առնականանաս,
Հերթս կփոխեմ այնժամ, երբ որ դու հերթափոխի գաս։

Հայրենյաց պաշտպան զինվորը դառնաս՝ ապավինենք քեզ,
Բայց ինչ էլ լինի՝ թշնամու առաջ երբեք չընկրկե՛ս։

Եվ հիշիր քո քաջ հորեղբոր կամքը ու ոգին տոկուն,
Որ ոսոխի դեմ երբեք չծնկեց, բայց ընկավ մարտում։

Գումարիր դու դա քո ոգուն, տղաս, եղիր աննահանջ,
Հաղթության կանաչ ճանապարհներով քայլիր միշտ առաջ։

...Աղոթում եմ ես Աստծո ամեն օր քեզ համար, տղաս,
Որ այնպես ապրես՝ մահին էլ հաղթել դու կարողանաս...


Դադարի պահին

Ռուզանիս

Միշտ եղիր այդպիսին՝
Անկաշառ ու բարի,
Ծանրաբեռ՝ հոգսերով
Այս խելառ աշխարհի։

Իսկ եթե հոգսերդ
Սկսեն քեզ նեղել,
Դիմացիր, դու կյանքում
Հպարտ ես միշտ եղել։

Ու մնա այդպիսին,
Միշտ՝ սրտիս բարձունքում,
Որ այնտեղ մեն-մենակ
Փայփայեմ քեզ թաքուն...


Այս գիշեր

Ցուրտ կլինի այս գիշեր,
Անձրև կգա երևի,
«Սիփան-7»-ի դիրքերում
Մեր տղաներն են էլի։

Քամին պոկվում է տեղից,
Ծեծում քարերը սարի։
-Պի՜նդ կանգնեցեք, տղանե՛ր,
Բաճկոններդ չտանի՜...

Ծիծաղում են տղերքը,
Ու սաստկանում է քամին,
Իսկ քամու հետ անձրևը
Հորդ թափվում է գլխներին։

Շրջում եմ ես դիրքից-դիրք,
Խրամատից-խրամատ,
- Չե՛նք լքի մեր դիրքերը,
Պարո՛ն ավագ լեյտենանտ...

...Տեղատարափ է, անձրև,
Սարը ծափին է տալիս,
Իսկ թշնամու դիրքերից
Էլ ձեն-ծպտուն չի գալիս։


________________________________________________________________



1988, փետրվար 27-29

ԴՈՒ՝ ՀԱՅՈՑ ՎԵՐՋԻ՜Ն ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ,
ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻ՜Ն ՈՃԻՐԸ ԼԻՆԵՍ...

Սումգայիթյան ցեղասպանության զոհերի հիշատակին

Ա

Հոգնածությունս զգում եմ արդեն,
Հոգնած ոտքերս նվում են արդեն,
Հոգնած ձեռքերս ճչում են արդեն
-Հերիք է հոգնած օրերդ ճոճե՛ս,
Հերիք է... ննջե՛ս,
Հերիք է դու քեզ քո ձեռքով... ջնջե՛ս,
Տե՛ր կանգնիր ոգուդ, հողիդ ու քարի՛դ,
Տե՛ր կանգնիր հոգնած, հյուծված աշխարհիդ...

Հոգնած բառերս չեն արտաբերվում,
Տառ-տառ գալիս են, կուտակվում, պայթում,
Քարս, անունս, հողս, կարոտս,
Ո՞նց է՝ իրարից էլ չեն տարբերվում։
Արցախ եմ ասում՝ կարոտ է լսվում,
Կարոտ եմ ասում՝ հող է զգացվում,
Իսկ հող ասելիս՝ քար է հասկացվում,
Իսկ քար ասելիս՝ հոգնում է շուրթս,
Շանթվում է շուրթս՝ մնում եմ... թլոր։

Բ

Հոգնածությունս զգում եմ արդեն,
Հոգնած օրերս նվում են արդեն,
Հոգնած ձեռքերս ճչում են արդեն...
...Հոգնած ոտքերս մի կերպ քարշ տալով
Ես հավաքում եմ հուշերս անցած,
Անցած-չկորսված,
Ու ոխերիմին ձգտում այսօր էլ
Ոխով չնայել,
Բայց միշտ ոսոխին՝ արյունով հարբած,
Ճանապարհները իմ տունն են բերել
Ու գրիչ-որդիդ մատյանը թողել՝
Զինվոր է գրվել,
Ու մաճկալ-որդիդ լծկանը թողել՝
Զինվոր է գրվել,
Ու կատաղել է ոսոխն ավելի,
Ու... ավերվել է իմ հողն ավելի,
Ու ավարայրվել-պարտվել է էլի
Երկիրս խուժած խուժանը խուժդուժ,
Հեռացել անուժ։

...Բոլոր դարերում այդպե՛ս է եղել։
Բոլոր դարերում արյո՜ւն է հեղվել։
Բոլոր դարերում՝ կոտորած-եղե՛ռն։
Բոլոր դարերում՝ մահ-թալան-ավե՛ր։

Բոլոր դարերում հրդեհվել-վառվել
Ու ավերվել են քարե՜րը հայոց։
Բոլոր դարերում հրդեհվել-վառվել
Ու ավերվել են... դարե՛րը հայոց։
Բոլոր դարերում հայ շինականը
Զոհել է իրեն՝ գի՜րքը փրկելով,
Որ հարատևեն տառե՛րը հայոց։
Այդպե՜ս է եղել բոլոր դարերում...
Այդպես ենք ապրել բոլոր դարերում...

Գ

Հոգնածությունս զգում եմ արդեն,
Հոգնած ոտքերս նվում են արդեն,
Հոգնած օրերս ճոճվում են արդեն,
Հոգնած ձեռքերս ճչում են արդեն.
Հայ գլխին կախված դու հի՜ն արհավիրք,
Որ ապրում ես դեռ վայրի մոլուցքո՜վ,
Մեր դարավերջի՝
Դարասկզբյան նորացված չարիք,
Դու՝ հայոց բախտի փլուզում մի նոր,
Դու՝ նորակերպված Համիդ ու Թալեա՜թ։
Ես էլ ի՞նչ սրտով դիմեմ քեզ այսօր,
Դու ի՞նչ երեսով նայես ինձ այսօր,
Եվ ինչպե՞ս ապրենք միասին, այսօր։

Ես հանգիստ խղճով ապրում եմ այսօր,
Եվ հանգիստ նայում սև կերպարանքիդ,
Ու իմ ապրելուց դու... ցա՛վ ես զգում։
Դու ավերում ես, իսկ ես՝ արարում,
Իմ արարումից դու ցա՜վ ես զգում։
Իմ արարումից գայլանում էլի,
Իմ արարումից մոլեգնու՛մ ես դու,
Ու... որոշեցիր սպանել էլի,
Սպանել, որ ես դեռ... հա՜յ եմ այսօր,
Բայց ես չմեռա՛,
Ինչպես չմեռա բոլո՜ր դարերում...

Դ

...Այդպե՜ս է եղել բոլոր դարերում,
Արյո՜ւն է հեղվել բոլոր դարերում,
Կոտորած-եղեռն՝ բոլոր դարերում,
Մահ-թալան-ավե՛ր՝ բոլոր դարերում։
Այդպես ենք ապրել բոլոր դարերում։
Բայց մի նոր ցավով այրվում է հոգիս
Մեր ամենդարյա ցավին լրացում՝
Մեր դարավերջյա՜ն կոտորածներից։

Եվ, այդուհանդերձ,
Հպարտ եմ այսօր, որ հա՜յ եմ այսօր,
Անպարտ եմ այսօր, որ... հա՜յ եմ այսօր,
Ու թող իմ չկամն այսօր իմանա,
Որ ինչ էլ լինի՝ չեմ... գայլանա ես՝
Գա՜յլը մարդանա...

Ե

...Հոգնածությունս զգում եմ արդեն,
Հոգնած ոտքերս նվում են արդեն,
Հոգնած օրերս ճոճվում են արդեն,
Հոգնած ձեռքերս երկինք բռունցքված
Հոգնածությունից ճչում են արդեն.
- ԴՈՒ՝ ՀԱՅՈՑ ՎԵՐՋԻ՜Ն ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ,
ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻ՜Ն ՈՃԻՐԸ ԼԻՆԵՍ...
Հոգնած բառերս չեն արտաբերվում,
Տառ-տառ գալիս են՝
Կուտակվո՜ւմ,
Պայթո՜ւմ...


________________________________________________________________



Լռության րոպե

Արցախյան պատերազմի նահատակ համագյուղացիներիս հիշատակին

Դուք մեզ մի՜ կոչեք անհայտ կորածներ,
Խնդրո՛ւմ ենք, մարդի՜կ։
Դուք մեզ հիշեցե՛ք։
Մեր անունը դուք պահեք ձեր սրտում
Ու սպասեք մեզ՝
Մենք մի օր կգա՛նք։
Կգա՛նք,
Չէ՛ որ մենք ապրո՛ւմ ենք ու կա՛նք...


Որպես սկիզբ

Եվ պիրկ ձգվում է լռության րոպեն,
Անլուր ծանրանում հոգուս ծալքերում...
Սիրտ է քրքրում տվայտանքի թե՞-ն,
Որ տառապանքս է անտարբեր քերում։

Տխուր եմ, ցավիս սարերն են փլվել,
Մենակ եմ հիմա, սակայն ոչ անհույս,
Եվ ժամանակի դավին անտարբեր
Նոր շիվ է աճում տապալված կաղնուց։

...Թուրքը եկել է հասել Կոճողոտ,
Մեր օջախին է տիրանալ ուզում,
(Օ՜, ճակատագիր՝ դառն ու անողոք,
Քմահաճորեն ո՜նց ես հանդուրժում...

Ո՜նց ես թողնում, որ սուրբ երազը մեր
Անհույս թպրտա, կրնկահարվի,
Եվ հագուրդ տալով կրքերին իր նեռ՝
Թուրքը լիաթոք հիանա, հրճվի)։

Ու ելան անվախ տղաները մեր,
Հոգում վառ սերը հայրենի հողի,
Որ ավերակեն բերդերն «անառիկ»,
Որջերը՝ մեր շենն ասպատակողի...

Ու ելան... Սակայն արյուն էր, ավեր,
Եվ պատերազմում աշխարհակործան
Ընկան տղերքը՝ սրտերում՝ արև,
Սրտերում՝ գարուն, երազն՝ իրական...

- Արթուր Շուրայի Դանիելյա՛ն...
- Ե՛ս եմ...

- Գուրգեն Շուրայի Վարդանյա՛ն...
- Ե՛ս եմ...

- Մերուժան Սուրենի Սարգսյա՛ն...
- Ե՛ս եմ...

- Աշոտ Ռոբերտի Ավետիսյա՛ն...
- Ե՛ս եմ...

- Գարիկ Փարավոնի Հայրիյա՛ն...
- Ե՛ս եմ...
Կարոտել եմ, մա՜...

- Հրանտ Յուրայի Խաչատրյա՛ն...
- Ե՛ս եմ...

- Ռոբերտ Ռաշիդի Շամիրյա՛ն...
- Ե՛ս եմ...
Մայրս հիվանդ էր՝ անկողնուն գամված,
Բայց հայրենիքս թանկ էր ավելի...
Հայրս դիմանալ չկարողացավ...
Մայրս էլ գնաց...

- Մեխակ Զավենի Դանիելյա՛ն...
- Ե՛ս եմ...

- Բորիս Միշայի Սիմոնյա՛ն...
- Ե՛ս եմ...
Բալե՛քս, ո՞նց եք առանց ինձ...

- Արթուր Ռազմիկի Թադևոսյա՛ն...
- Ե՛ս եմ...

- Մանվել Արտուշի Վարդանյա՛ն...
- Ե՛ս եմ...

- Ազատ Շահենի Խաչատրյա՛ն...
- Ե՛ս եմ...
Դստրիկս ծնվեց, իսկ ես... չկայի,
Բայց ի՛մ կամքով է նա Ազատուհի...

- Կամո Ալբերտի Ադամյա՛ն...
- Ե՛ս եմ...

- Արարատ Ալեքսեյի Վանյա՛ն...
- Ե՛ս եմ...

- Անդրանիկ Արսենի Գրիգորյա՛ն...
- Ե՛ս եմ...
Ներո՞ւմ եք, որ ձեզ «խաբեցի»
Ու էլ ետ չեկա...
Ներո՞ւմ եք, ասե՛ք, թե՞ խռով եք դեռ։

...Ընկան, որ մնան,
Ընկան, որ հիշվեն։
Որ սերունդները մի՜շտ հպարտանան։

...Իսկ երկարում է լռության րոպեն։


Եվ Դանիելյան Արթուրը հանկարծ
առաջինն այսպես խոսել սկսեց.

- Առաջին շարքում ե՛ս պիտի լինեմ,
Ես պիտի լինեմ մարտո՜ւմ առաջին։

Առաջին մարտում, ինչ էլ որ լինի,
Ես պիտի կռվեմ շարքո՜ւմ առաջին։

Իսկ թե առաջին մարտում պիտ ընկնեմ՝
Թող ընկնեմ միայն շարքո՛ւմ առաջին...


Եվ Գուրգենն ասաց.

- Երջանկությունս, իմ Արցա՛խ աշխարհ,
Քո անունն է լույս՝ իմ բախտի սյունը,
Ապրել քեզ համար, կռվել քեզ համար,
Զոհվել քեզ համար՝ երջանկություն է։

Ապրում եմ կյանքում միշտ քո հավատով,
Ու քո՛ սիրով եմ շնչում ես կյանքում,
Քայլում լուսաշող քո՛ ճանապարհով,
Արցախյան երկրի հանրապետություն։

Դժվար է ապրել առանց հավատի,
Հավատը պետք է դրոշ դարձնել,
Հավատով հաղթել նենգին, տմարդին,
Եվ անհավատին հավատքի բերել։

Երջանկությունս հենց այս է, որ կա,
Երջանկությունս ազատ ապրելն է,
Երջանկությունս կյանքն է արևկա
Ու մարդկանց ճամփին միշտ արևելն է։

Դու՛ ես, Արցախ իմ, երջանկությունս,
Սե՛րս, երա՛զս, հավատս դո՛ւ ես,
Ես՝ ի՞նչ՝ նույնիսկ կես ակնթարթ չկամ,
Իսկ դու մի ամբողջ հավերժությո՜ւն ես...


Մերուժանն ասաց.

- Ես մարտի կելնեմ առավոտ ծեգին,
Իմ ընկերներով կգնամ առաջ,
Իմ ընկերները՝ արծիվներ արի,
Չգիտեն անկում, չգիտեն նահանջ։

...Իսկ թե ինչ որ տեղ ինձ դարանակալ
Մահն է սպասում ժանիքը սրած՝
Թող շատ չշտապի՝ պարտք ունեմ ես դեռ,
Պարտքս կատարեմ՝ թող գա ինձ այցի...

(Կարծում եք՝ պարտքս լա՞վ կատարեցի)։


Աշոտը շեշտեց.

- Մենք մարտերի մեջ կոփված
Եղբայրությո՜ւնն ենք սիրում...
Երբ որ տված ուս-ուսի
Մարտնչում են քաջարի
Ընկերները դիրքային,
Նրանք կարող են հաղթել
Նույնիսկ զորեղ թշնամուն։
...Ու ելնում ենք քաջաբար
Թուրքերի դեմ մոլեգնած։
Թող չկարծեն իմ երկրի
Չարեկամները բոլոր,
Թե քնած ենք մենք այստեղ,
Նրանք թող լավ իմանան՝
Գիշերները չի քնում
Հայրենիքի զինվորը,
Զգոն աչքով հսկում է
Խաղաղությունն Արցախի։
Մենք պայքարով ձեռք բերված
Խաղաղությունն ենք սիրում։
...Այո՛, ապրում եք այսօր
Խաղաղ կյանքով, առանց... մեզ,
Եվ ոչ ոք չի՛ խանգարի
Ձեր այս խաղաղ երթը, ձե՛զ։
Բայց թե հանկարծ թուրքը սև
Բանակներով նորից գա՝
Մենք զինավառ կնետվենք՝
Գոցենք երախը նրա։
Որ արյունով ձեռք բերված
Խաղաղությունը մնա...


Եվ Գարիկն ասաց.

- Մեր հի՜ն հողի վրա թուրքի հետքե՞ր,
Մեր հի՜ն գյուղում հիմա թո՞ւրքն է նստել,
Մենք քնո՞վ ենք անցել՝ հնչե՛ք, զանգե՜ր,
Թե արթուն ենք՝ ո՞ւր է կռիվը մեր։

Հնչե՛ք, զանգե՜ր, հնչե՛ք, գնանք ի մարտ,
Հնչե՛ք, զանգե՜ր, քանի ջահել ենք մենք,
Հնչե՛ք, զանգե՜ր, էլի թող շատանանք,
Հնչե՛ք, զանգե՜ր, մենք դեռ պետք է կռվենք։

Մեջքը մեր չի ճկվի երբեք մարտում,
Մենք դեռ պետք է կռվե՛նք, պետք է կռվե՛նք,
Ծունկ չե՛նք չոքի երբեք, զանգակատո՜ւն,
Զա՜նգ հնչեցրու, գնանք կռվենք-մեռնե՛նք։

Գնանք կռվենք-մեռնենք, հաղթենք ու գա՛նք,
(Եվ կսազի՞, արդյոք, մեզ պարտություն,
Մենք եղե՛լ ենք անպարտ, եղե՛լ ենք, կա՛նք),
Զա՜նգ հնչեցրու, գնանք, զանգակատո՜ւն...


Եվ Հրանտն ասաց.

- Ինձ ցավ տուր,
Ես ցավը հեշտ եմ տանում։
Տառապանքը, որ ծնվել է սիրուց,
Իմ սիրտն է։
Իսկ առանց սրտի՝
Մեռնելը դժվար է խիստ։
...Ապրե՞լը՝
Անիմաստ ու սին։

...Իսկ տառապանքս՝
Իմ Արցախն է հեգ...


Ռոբերտն ընդհատեց Հրանտին,
ասաց.

- Արցախը հեգ չէ,
Ոսոխին տեգ է,
Ոսոխի սրտին՝ սուր ու դանակ,
Արցախը հուր է,
Թշնամուն՝ սուր է,
Թշնամու մուխը մարող բանակ։

Անհո՛ւն է, խե՛նթ է,
Բռո՛ւնցք է, զե՛նք է,
(Արցախում՝ կռի՞վ, ավեր-ավա՞ր...)։
Եվ նա չի՛ պարտվի,
Ոնց Ավարայրի
Մեր այն հի՜ն կռվում օրհասական։

Ո՛չ, նա չի՛ պարտվի,
Կկանգնի ոտքի՛,
Կկապի որդու՝ Դավթի գոտին,
Որ գետնի նրան
Մի ակնթարթում՝
«Յոթ-միլիոնանոց» իր ոսոխին...

...Տեսա՞ր, ոնց գետնեց ու չոքեց բկին։
Ասում էի, չէ՞...


Մեխակը խոսեց սարերի մասին,
ասաց.

- Մեր սարերը վեհ սարեր են,
Հրաշքներ են մեր սարերը,
Մարմնավորված երազներ են,
Մուրազներ են մեր սարերը։

Մեր սարերը շատ բարի են,
Հանճարեղ են մեր սարերը,
Մեզ համար են հավերժ կանգնել
Մեր թև-թիկունք՝ մեր սարերը...


Բորիսը խոսեց քարերի մասին,
ասաց.

- Քարե՛ր իմ, հայրենի՜ քարեր,
Չեմ ուզում խոսել ձեր հանդեպ տածած
Իմ ապրումների, խոհերի մասին։
Սակայն չեմ կարող,
Այդ մասին կյանքում լռել, չխոսել,
Չասել, որ առանց ձեզ կյանքում երբեք
Չեմ կարող ապրել...
Որ ձեր սիրով եմ շնչում ես կյանքում,
Իմ լեռնաշխարհը հոգուս հետ կապող
Հայրենի՛ քարեր...


Իսկ Թադևոսյան Արթուրը ասաց.

- Եվ հավերժության խորհուրդն է ահա՝
Մեզնից առաջ են լեռներն այս ծնվել
Ու մեզ հետ ապրում, կանգուն են հիմա,
Մեզնից հետո էլ դեռ պիտի ապրեն
Դարերում գալիք՝ հավիտյան անմահ։


Իսկ Մանվելն ասաց.

- Ծերանում են լեռները մեր,
Կծերանանք նաև մենք,
Բայց մնում են լեռները դեռ,
Իսկ մենք կյանքից գնում ենք։

Հրաշք լիներ, այնպես լիներ՝
Մենք էլ հավերժ մնայինք,
Մեր լեռներին թիկն տված
Կյանքում անվերջ ապրեինք։

...Բայց չտրվեց ինձ ծերանալ,
Ընկա մարտի թեժ պահին,
Որ բարի օր, բարի գարուն
Բացվի Արցախ աշխարհին...


Իսկ Ազատն այսպես խոսել սկսեց,
դիմելով կնոջն՝ իր թերեզային.

- Կարծես թե երբեք ինձ չես տեսել,
Չենք սեղմվել իրար երբեք կյանքում,
Բայց... հանդիպում եմ քեզ հետ միշտ էլ
Երազներիդ մեջ՝ քուն, թե արթուն։

Շրջում ենք մեկտեղ գիշեր-ցերեկ
Մեր Կոճողոտում՝ Աստծո թաս,
Ես պատմում եմ քեզ մարտերից թեժ,
Բայց արթնանում ես՝ թախծում՝ «չկա՜ս»։

Իսկ ասում են, թե Ցեխ-ձորում, ես...
Իբր... զոհվել եմ այն արկից կույր,
Մի՞թե ճիշտ է դա, ճի՞շտ է, Թերեզ,
Ես չեմ հավատա երբեք կյանքում։

Ես ապրում եմ, կամ, ես չեմ զոհվել,
(Ստում են նրանք, ստում, անգին),
Ես հանդիպում եմ քեզ հետ միշտ էլ
Քո երազների ճանապարհին...

...Բայց մոռացա քեզ հիշեցնել,
Որ... լավ նայես մեր երեխային...


Եվ խոսեց Կամոն.

- Իմ վիրավոր աչքերի մեջ
Քո պատկերն է, հայրենի՛ք,
Քո անունը իմ շուրթերին
Դարձել է թո՜ւյլ թիթեռնիկ։

Թպրտում է, թևահարում,
Մղձավանջ է, և կարծես,
Մթնում է լուռ աշխարհն իմ դեմ
Ու... փլվում եմ հողին ես։

Բայց՝ մի վայրկյան։ Սթափվում եմ
Եվ հրազենը ձեռքիս՝
Ոտքի ելնում՝ նետվում առաջ՝
Ընկերներիս ետևից...


Եվ՝ Արարատը.

- Թեժ մարտերի մեջ կոփված
Տղաներով մենք արի
Կրկին ելնո՛ւմ ենք, ահա,
Թուրքերի դեմ կատաղի։

Կրկին ելնում ենք, ու թող
Լա՛վ իմանա թշնամին,
Որ ինչքան էլ համառի՝
Չի՛ տիրանա Արցախին։

Մինչև շո՛ւնչը մեր վերջին,
Վերջին կաթի՛լը արյան,
Հանուն մեր լույս գալիքի՝
Կմարտնչե՛նք անվարան...


Իսկ Անդրանիկը
հրաժեշտ տվեց իր ծնողներին,
գնաց՝ ասելով.

- Ընկերներս այնտեղ՝
Մարտադաշտում ահեղ,
Ես չե՛մ կարող մնալ,
Ես գնո՜ւմ եմ, մայրի՛կ։

Չնեղանա՛ս ինձնից,
Որ թողի քեզ մենակ,
Ես դեռ կգա՜մ մի օր,
Ես դեռ կգա՜մ։

Դու սպասի՛ր հույսով,
Դու սպասի՛ր, մայրի՛կ,
Հաղթանակի՛ն մեր մեծ
Ու քո որդուն։

Ես դեռ կգա՜մ մի օր,
Ես դեռ կգա՜մ։
Իսկ թե հանկարծ...
Հանկարծ եթե... չգամ՝

Դու չլացե՜ս, մայրի՛կ,
Դու կսպասես հույսո՛վ,
Ես դեռ կգա՜մ,
Կգա՜մ,
Կգա՜մ,
Կգա՜մ...


...Ու ես այլևս չհամբերեցի.

- «Կգա՜մ»... Չեկա՛ր սակայն։
Բայց նեղացա՞նք քեզնից,
Խռովեցի՞նք քեզնից, եղբա՜յր, զինվո՛ր...
Ո՛չ, սիրեցի՜նք մենք քեզ,
Սպասեցի՜նք միշտ քեզ՝
Հուշաքարի տեսքով եկար մի օր։

Եկար ու կանգնեցի՜ր։
Եկար ու... հառնեցի՛ր։
Եկար ու մնացի՜ր երազիս մեջ։
Եկար՝ անխոս ու լուռ,
Դու՝ իմ ցավի մրմուռ,
Որ տառապեմ երկա՜ր, անհո՜ւյս, անվե՜րջ...

Եկա՜ր, դու, իմ կարո՛տ,
Չգալ չէիր կարող,
(Չգա՞լ՝ ինչպե՜ս եմ ես... համարձակվում)...
Դու կե՛սն ես իմ սրտի,
Իմ մեջ ապրե՜ս պիտի,
Ինձ հետ քայլե՜ս պիտի իմ օրերում...


Հետգրության կարգով

...Եվ դադարում են «ընդհատումները»,
Տղաները էլ ոչինչ չեն «ասում»,
Իմաստազուրկ են թվում բառերը,
Որ... նահանջում են, քաշվում, նվազում։

Ու տղաները գնում են նորից,
Որ ամուր պահեն իրենց... դիրքերը,
Իսկ անդառնալի կորստյան ցավից
Դեռ մղկտում են հարազատները։

«Կանգնած են» տղերքն՝ անհողդողդ, անքեն,
Որ կայուն լինի խաղաղությունը...
...Եվ ավարտված է լռության րոպեն,
Բայց լռությունը շարունակվում է։


________________________________________________________________



Պաբլո Ներուդայի մենախոսությունը

Հեղինակի կողմից

1973 թվական, սեպտեմբերի 13։
Վաղ առավոտվանից մարդիկ զինված կանգնել ու սպասում են։
Նրանք նախագահական «Լա Մոնեդա» պալատի պաշտպաններն են։
Նրանց հետ է նաև ժողովրդական նախագահը՝ Սալվադոր Ալիենդեն՝
նույնպես ավտոմատով։ Ֆաշիստական նողկալի գրոհին
հաշված վայրկյաններ են մնացել...

Սկիզբ

Տագնապի իմ ցավը խորն է ու անամոք։
Ափերից ելել եմ, վարար եմ, հորդում եմ։
Ափերից ելել եմ, ինքս ինձ ուտում եմ։
Եվ էլ ո՞նց ես ցավս, մորմոքս ամոքեմ։
Եվ էլ ո՞ւմ հասցնեմ բռունցքված բողոքս։
Եվ ո՞վ է մոտիկս։
Եվ ո՞վ է ոսոխս։
...Սեպտեմբե՛ր, այս ինչքա՜ն անխիղճ ես ու դաժան։
Սեպտեմբե՛ր, ես ինչպե՞ս մոռանամ իմ ցավը։
(Այս ինչքա՜ն անամոթ, անխիղճ է աշխարհը)...
Մեր բաժին Աստվածն էլ քարացել՝ արձա՞ ն է...
Մեր բաժին Աստվածն էլ աստված չէ, վարձկա՛ն է։

Թախիծ

Ես սիրում եմ աշխարհը լույս...
Ես սիրում եմ փոքրիկ ու ցուրտ
Երկիրը իմ...
Պաբլո ՆԵՐՈՒԴԱ
Ապրում է իմ մեջ անունդ վառման՝
Կարո՞ղ եմ, արդյոք, մոռանալ ես քեզ,
Ես՝ որդին քո մեծ՝ Պաբլո Ներուդան,
Կանգնած եմ ահա հասակով իմ վես։
Ու կարոտներով, հավատով իմ լույս
Աշխարհներին եմ անունդ տանում,
Քեզ ո՞նց մոռանամ, Չի՛լի, սրբահույզ
Երկիր այրերի՝ քաջ ու աննկուն։
Քո տագնապները իմ հոգու մեջ են,
Ապրում են ինձ հետ իմ ամեն քայլում,
Դրանի՞ց է, որ տարերքի մեջ եմ,
Հուզմունքից դեմքս ինչպե՜ս է վառվում...
Քո մեծ սիրով եմ ես աշխարհ եկել,
Ապրել իմ կյանքը՝ քո սիրով միայն,
Չի՛լի, քո տրտունջ-տանջանքն եմ կրել,
Քո տառապանքը՝ աշխարհե-աշխարհ։
Եվ թեկուզ փոքր ես եղել, «ցուրտ երկիր»՝
Քո գիրկն եմ դարձել ես ամեն անգամ,
Սեր-հույսդ ինձ միշտ հուշել է՝ երգի՛ր,
Ու երգել եմ ես հավատով պայծառ։
Երգել եմ սերս, հավատս անսպառ
Ու քո քարերի մասին եմ երգել.
«Կծնվեի բյուր անգամ, քեզ համար
Կմարտնչեի, թե հնար լիներ»...
Ես ո՞նց կարող եմ, ես ո՞նց մոռանամ,
Երբ արյունը քո բռունցքված է դեռ,
Երբ որդիներդ քաջ ու անվարան
Բյուր անգամ կուզեն քեզ համար մեռնել։
Իմ հուշերի մեջ ապրում են նրանք,
Քո բյուր զոհերը՝ հերոս, քաջարի,
Որ մինչև վերջին կաթիլը արյան
Չեն զիջել երբեք դիրքը պայքարի։
Ընկել են թեկուզ, բայց չեն կորսվել,
Կանգուն են եղել ընդդեմ հողմերի,
Հավատով, սիրով լուռ մարտիրոսվել
Ու ապրում են դեռ փառքով... քաջերի։
Իմ մեջ ապրում է թախիծդ անհույս,
Թախիծդ՝ անծայր, թախիծդ անհուն...
...Ըմբոստ շարքերով քո որդեկորույս
Մայրերի երթն է ձգվում աննկուն։
Դեռ ողբն է հնչում քո հեգ որբերի,
Եվ շշունջները՝ լուռ, լալահառաչ,
Հոգնած քայլերը քո որդիների՝
Զրկված մայր հողից, զարկված, բզկտված։
Սակայն ապրում են նրանք ու դեռ կան՝
Աննկուն կամքով որդիները քո,
Մի գեղեցիկ օր նրանք դեռ կգան՝
Փրկելու և՛ տուն, և՛ երկիր, և՛ հող։
Ոտքի կելնի դեռ ժողովուրդը քո
Ընդդեմ խունտայի՝ նենգ ու դրուժան,
Ու նրան նորից կհաղթեմ երգով
Ես՝ ավագ որդիդ՝ Պաբլո Ներուդան։

Արյուն

Ես չեմ ուզում, որ արյունը
Նորից ծծվի մեր երգերի
Եվ հացի մեջ...
Պաբլո ՆԵՐՈՒԴԱ
Ես չուզեցի, սակայն այնպես
Եղավ, որ ի՛մ արյունը հենց
Ծծվեց իմ լույս, իմ հուզառատ
Երգերի և ի՛մ հացի մեջ։
Ես չուզեցի... Արյո՛ւն տեղաց,
Հողս վառվեց հրդեհներում,
Խունտան իր կեռ ճանկը խրեց,
Որ ծծի իմ արյունը հուր...
Ու բանտվեցին ազատության
Մարտիկները։ Գլխատեցին
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ բառը անգամ։
Բանտվեց հողս՝ երկիրս ջինջ...
«Ես ծնվել եմ, որ միշտ երգեմ»՝
ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ սակայն չկար...
Շղթաների զնգոց էր լոկ՝
Արգելված էր երգս կարդալ։
Ջնջել էին անունս հուր,
Ասելով, որ իբր էլ... չկամ։
Բայց ես կայի, ապրում էի
Ժողովրդիս ցավ ու հոգսում...
Հալածանքնե՜ր, հերյուրանքնե՜ր՝
Ինչե՜ր չարին նրանք իմ դեմ,
Որ մայր հողս անտեր թողած
Լուռ հեռանամ օտար ափեր,
Ուրիշ քամու ընկեր դառնամ
Ու մոռանամ իմ մայրենին,
Հող-հայրենին իմ մոռանամ...
Ինչե՜ր չարին նրանք իմ դեմ...
Բայց ես կայի՛, ապրում էի՝
Ժողովրդիս երազներում։
Թափառեցի ես ամենուր,
Ուր էլ եղա՝ ինձ տանջում էր
Ժողովրդիս ցավը խորունկ,
Ուր էլ եղա՝ ժողովրդիս հետ էի միշտ,
Ժողովրդիս ցավ ու հոգսից,
Հուզումներից միշտ անպակաս։
Ուր էլ եղա՝ մի մեծ հավատ
Ունեի լոկ. մի օր պիտի
Ա՛յգը բացվի երկրիս վրա՝
ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ա՛յգը բարի...
Ես չուզեցի՛...
Բայց արյունը մինչև հիմա
Դեռ ծծվում է իմ երգերի
Եվ... հացի մեջ։ Ու ես... եկա։
Եկա՝ տանս հող դառնալու...
«Ես ծնվել եմ,
Որ միշտ երգեմ»։
(Երգի՛ր, Պաբլո,
Երգի՛ր, անգի՜ն)...

Հավատ

Ես հավատում եմ քեզ, Չիլի, հավատում եմ քո ապագային։
Կլինեն մարդիկ, ովքեր կվերապրեն այս դառն ու մռայլ
ժամանակները, և կգա այն օրը, երբ մարդն ազատ կապրի
ու կկառուցի նոր, լուսավոր կյանք...
Սալվադոր ԱԼԻԵՆԴԵ
Ազատության համար ընկած
Զինվորները չեն մահանում,
Ապրում են հար ժողովրդի
Երազներում, հուշերի մեջ,
Կարոտներում,
Հույզերի մեջ...
Դու՝ զավակդ բազմաչարչար
Ու տառապած ժողովրդիդ,
Քո մեծազնիվ ձգտումներով,
Նվիրական ու մեծ սիրով
Արյունդ հուր՝ կաթիլ-կաթիլ
Տվիր առանց վարանելու՝
Հողի՛դ,
Երկրի՛դ,
Ժողովրդի՛դ։
Տվիր՝ առանց վարանելու,
Միայն ապրեր ժողովուրդդ,
Ծաղկեր հողդ,
Հայրենիքդ։
Այդպես չեղավ կյանքում սակայն։
Հողդ վառվեց հրդեհներում,
Մոխիր դարձավ բախտը դաժան
Քո տարաբախտ ժողովրդի։
Հետո արդեն դու... չկայիր։
Քեզ հետ քանի՜-քանի քաջեր
Հայրենիքի, հողի համար,
Ժողովրդի համար ընկան։
Ընկան՝ առանց վարանելու...
Ընկան, որ միշտ ծաղկուն լինի
Հող-հայրենին և ազատվի
Ժողովուրդը տառապանքից...
Նրանք ընկան...
Քեզ հետ էին ահեղ մարտում
Անհավասար, ու քեզ հետ էլ
Քաջի մահով մարտում ընկան,
Անմահացան՝ քաջի մահով...
Ընկան, որ վիշտ, ցավ չլինի
Չիլիացու ժպիտներում,
Վերք չլինի։
Այդպես չեղավ կյանքում սակայն...
Խունտան վայրի, նենգ ու դաժան
Մեր երկիրը ավերակեց,
Ազատության զինվորներին
Բանտեց, մորթեց...
Քանի՜-քանի
Ազնիվ սրտով,
Մաքուր սրտով չիլիացի
<<Անհետ կորան>>։
(Կորա՞ն, իրոք, թե՞ կորցրին)։
Բայց նրանք կան ու ապրում են,
Ազատության համար ընկած
Զինվորները չեն մահանում,
Երբե՛ք, երբե՛ք...
Ապրում են հար
Ժողովրդի երազներում,
Ինչպես դու ես ապրում ու կաս,
Դու՝ զավակդ՝ բազմաչարչար
Ու տառապյալ ժողովրդիդ...

Բռունցք

Ես սիրում եմ ազատությունը, բայց բանտից չեմ վախենում,
սիրում եմ կյանքը, բայց չեմ վախենում մահից...
Լուիս ԿՈՐՎԱԼԱՆ
Նահատակվա՛ծ իմ եղբայրներ,
Մեր գործն արդար, վեհ ու բարի՝
Չի՛ մնալու երբեք կիսատ։
Դեռ պայքարը չի վերջացել։
Ցած չեն դրվել դեռ զենքերը
Ու քանի դեռ ապրում ենք մենք՝
Մեր ձեռքերը
Պետք է փրկե՛ն մեր ապագան։
Ու կփրկեն միայն զենքով
Սուրբ հավատի՛, ճշմարտությա՛ն։
Մեր ապագան պետք է փրկենք
Մենք բռունցքված մեր հավատո՛վ։
Արյունակի՛ց իմ եղբայրներ,
Անհավասար, ահեղ մարտում
Ե՛վ զոհվեցինք, և՛ բանտվեցիք։
Մեզ տանջեցի՛ն, բզկտեցի՛ն,
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ բառը սակայն
Մեզնից վանել, մեր մարմնից
Կտրել-զատել չհաջողվեց,
Մեր սրբազան հույս-հավատից
Զտել-հանել չհաջողվեց,
Մեզ հետ բանտամենախցի
Մի անկյունում ապրում էր այդ
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ բառը ազնիվ,
Մաքրապայծառ, պայծառամեծ։
...Հիշում եմ ես՝
Քանի՜ անգամ ստիպեցին,
Որ բաժանվես ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ
Ազատամեծ ու լույս բառից։
Քեզ կբանտե՛ք...
(Վախեցրին)։
Քանի՜ անգամ դահիճներին
Նենգ ու դաժան դու ասացիր.
- Սիրո՛ւմ եմ ես ազատություն,
Բանտից սակայն չե՛մ վախենում,
Չե՛մ վախեցել կյանքում երբեք...
- Քեզ կմորթենք...
- Կյա՛նքն եմ սիրում
Մեծ ու անհուն,- ասացիր դու,-
Մահից սակայն չեմ վախենում...
Քանի՜ անգամ քեզ բանտեցին,
Տանջեցին ու բզկտեցին,
Աննկուն էր ոգիդ սակայն՝
Տառապեցիր բանտախցում,
Բայց ապրեցիր ու հաղթեցիր՝
Բանտախցիդ դուռը բացվեց...
Մի ցավ էր լոկ հոգիդ մաշում՝
Դու փրկվեցիր, ժողովո՛ւրդդ
Սակայն մնաց բանտախցում։
Բանտախցում մնաց հո՛ղդ,
Հայրենի՛քդ, հա՛ցդ, ջո՛ւրդ։
...Պետք էր փրկել ու տուն բերել
Ե՛վ ժողովուրդ, և՛ հայրենիք։

Նախավարտ

...Ինչքա՞ն է տևում կյանքը մարդկային,
Ինչո՞ւ են, արդյոք, մարդիկ մահանում,
Ես մեծ տագնապով, զայրույթով նաև
Մահվան ճամփեքին թակարդ եմ լարում։
Թող դարան մտած ինչ-որ քարայրից
Մահը դուրս ելնի դավին անտեղյակ,
Ու իմ թակարդի հպումի ցավից
Նա հանկարծակի ընկնի փակի տակ։
Եվ մահկանացու մարդիկ աշխարհի
Մոռանա՛ն նրան, մոռանա՛ն նրան,
Մարդկային կյանքում շրջադարձ լինի,
Էլ մահվան նշած ճամփով չընթանան։
Սակայն երբ նորից ամպերը գուժկան
Խաղաղ երկնքի կապույտն են ծածկում,
Ու երբ ինչ-որ տեղ մարդը դրուժան
Իր նման մարդու ճամփան է փակում,
Երբ արյան ծովում խեղդվում են մարդիկ
Ու չկա մի ձեռք՝ օգնության համար,
Երբ «վերջը միայն բարին կատարի»
Հույսով են ապրում, հավատով անմար,
Ես ինչպե՜ս ապրեմ հանգիստ, անտարբեր
Ու չարձագանքեմ աղմուկին դարի,
Ինչպե՞ս չտեսնեմ տառապանքն անել
Ու մեղսոտ խիղճը «անմեղ» աշխարհի։
Ինչպե՞ս չկանչեմ քնած աշխարհին,
Որ այս թմբիրից մի կերպ... արթնանա,
Որ պայթյուններից դավադիր ռումբի
Մշտնջենապես քնած չմնա։
Մարդն ապրի կյանքում միշտ հաշտ ու խաղաղ,
Վիետնամ, Լիբանան՝ էլ չկրկնվի,
Եվ Արցախական հայոց աշխարհից
Բռնակալության բռունցքը չքվի։
Չշշմի մարդը՝ հոտից վառոդի
Ու կերտի նորից իր համար նոր կյանք,
Ելնեն շենքերը Ստեփանակերտի,
Հրաշքը կերտվի հողում ավերակ։
Եվ ինչ էլ լինի՝ մարդը մարդ մնա,
Իր նման մարդու ձեռքով չգնա...

Ավարտ

Ամերիկյան մայր-ցամաքի
Կողը խրված սրի նմանվող
Քո քարտեզի առաջ կանգնել
Ու գլխահակ ինչ որ բան եմ
Ես մտմտում
Ազատության մասին նորից,
Խաղաղության,
Երջանիկ ու անհոգ կյանքի,
Քո՛ երազի մասին,
Չի՛լի...
Իմ դիմաց քո հայրենասեր
Կանանց երթն է ձգվում նորից,
Երթն է ձգվում մեր մայրերի,
Մեր քույրերի...
Խաղաղության,
Արդարության ե՛րթն է ձգվում։
Ե՜րթն է ձգվում տառապյալի՝
«ԱԶԱՏՈՒԹՅՈ՜ՒՆ ԼՈՒԻՍ ԿՈՐՎԱԼԱՆԻՆ»...
Ե՜րթն է ձգվում՝
«ԱԶԱՏՈՒԹՅՈ՜ՒՆ ՆԵԼՍՈՆ ՄԱՆԴԵԼԱՅԻՆ»...
Ե՜րթն է ձգվում՝
«ԱԶԱՏՈՒԹՅՈ՜ՒՆ ԱՐԿԱԴԻ ՄԱՆՈՒՉԱՐՈՎԻՆ»...
Ե՜րթն է ձգվում՝
«ԱԶԱՏՈՒԹՅՈ՜ՒՆ ..........................»...
...Ապրի՜ր, Չի՛լի։
Դեռ ուտում է քո մարմինը
Խլուրդը նեռ՝
Ապրի՜ր, Չի՛լի։
Պոկի՛ր գլխիդ կախված մահվան
Դաշույնը կեռ՝
Ապրի՜ր, Չի՛լի։
Դեռ ապրում է քո երազը,
Քո հավատը՝ հեռու մի տեղ,
Ապրի՜ր, Չի՛լի...
...Ամբողջովին բողոք դարձած,
Դարձած բռունցք մեծահզոր,
Հույս-հավատի ահազանգով
Ելել ես մեծ մի պայքարի՝
Ժողովրդո՛վ, հողո՛վ քո հին,
Չի՛լի, Երկիր՝ հայրենասեր քաջ այրերի...
Պիտի կերտես երազը քո,
Ու կիսավեր հողի վրա
Երկնես պիտի Չի՛լի մի նոր,
Նորացնես մի հի՜ն երկիր...
...Ապրի՜ր, Չի՛լի։

Հեղինակի կողմից

1973-ի սեպտեմբերի 28-ին Պաբլո Ներուդան այլևս չկար։
Խունտան չհանդուրժեց մեծ բանաստեղծի գոյությունը։ Ժողովրդի
համար սակայն՝ մեծ կորուստ էր դա։
Հրազենների փողերի տակ, սվինների ցցաշարերի միջով քայլում էին
չիլիացիները՝ նրանք վերջին ճանապարհ էին ուղեկցում սիրված բանաստեղծին։
Ներուդայի հուղարկավորությունը վերածվեց հուզիչ ցույցի՝ չիլիական
հայրենասերների արիության, նրանց կամքի՝ դիմադրության,
պայքարի ու հաղթանակի...
15-19.07.82, 15-20.08.82, Մարտակերտ 23.10-27.11.89, Ստեփանակերտ


________________________________________________________________



Ամենա… իմը


Արի սիրե՛նք մենք մեկմեկու,
Որ մեր մեկը դառնա երկու,
Հետո՝ երեք, չորս, հինգ, վեց, յոթ...
Ու... սարսափի մահն ահարկու։


Առաջին սերը

Առաջին սերը միշտ լո՜ւռ է լինում,
Քնքո՜ւշ է լինում սերը առաջին,
Առաջին սերը տխո՜ւր է լինում,
Ու հո՜ւշ է մնում սերը առաջին։

Առաջին սերը մաքո՜ւր է լինում,
Ազնիվ, անարատ՝ սերը առաջին,
Առաջին սերը թաքո՜ւն է լինում,
Ազնիվ ու... հպարտ՝ սերը առաջին։

...Սիրո՜ւմ են իրար ծառերն ու քամին,
Ու նրանց սերը միշտ լո՛ւռ է լինում,
Արևը՝ հողին, տերևը՝ ծառին
Միշտ էլ առաջին սիրով են սիրում։

Լինում է՝ հաճախ լքում են իրար,
Հողին՝ արևը, ծառին՝ տերևը,
Բայց նրանց միշտ էլ դարձի է բերում
Ու կապում իրար՝ առաջին սերը...

Առաջին սերը միշտ վե՛հ է լինում,
Անկեղծ, անկաշառ՝ սե՛րը առաջին...
...Առաջին սիրո՛վ ապրեք միշտ կյանքում,
Ու սիրեք իրար՝ սիրո՜վ առաջին։


ԴՈՒ ԻՄ ԱՉՔԵՐԻՆ...

Դու իմ աչքերին բնավ մի՛ նայիր,
Իմ աչքերը քեզ ոչինչ չեն ասի,
Ոչինչ չեն հուշի կրակոտ ու տաք
Իմ ապրումների, հույզերի մասին։

Դու իմ աչքերին բնավ մի՛ նայիր,
Ոչ էլ՝ խոսքերին դու իմ հավատա,
Եթե քեզ խաբեն խոսքերս մի օր,
Իմացիր, որ իմ աչքերից է դա։

Դու իմ աչքերին բնավ մի՛ նայիր,
Դու խո՛րքը նայիր իմ խռով հոգու,
Ուր կրակված են և՛ սեր, և՛ երազ,
Ուր կարոտո՜ւմ են աչքերս անքուն։

Բայց՝ չէ։ Մեկ-մեկ էլ աչքերի՛ս նայիր,
Ու երբ-որ խո՛րքը նայես աչքերիս՝
Գուցե աչքերս խելքի գան մի պահ,
Գուցե աչքերս քեզ էլ... չխաբե՛ն։


ՆԵՐԲՈՂ ԿԱՐՈՏԻ

Եվ ուխտավորի մոլեռանդությամբ
Որերորդ անգամ խոնարհվում եմ լուռ
Քո առաջ, ահա,
Ու լուռ աղոթում,
Դու՝ երազակերտ իմ սրբապատկեր,
Դու՝ իմ լուսաշխարհ,
Իմ Աստվա՛ծ, իմ Սե՛ր...

Եվ աղոթք դարձած իմ շշունջները
Թռչում են մեկ-մեկ
Ու տեղ չեն հասնում...
Երևի ոչինչ դու չես հասկանում՝
Ապրում ես էլի քո նախկին կյանքով,
Իսկ մեկ-մեկ սակայն քո հայացքի մեջ
Թախիծ եմ կարդում,
Կարոտ եմ կարդում, նաև՝ ափսոսանք,
Եվ սակայն լռում։

Ների՛ր ինձ, ների՛ր...
Ես քանի՜ անգամ
Փորձեր արեցի նորից մոտենալ,
Ու առնել կրկին քեզ ափերիս մեջ,
Բայց ուժ չունեի՜,
Չկարողացա՜...

Եվ ես մոլեռանդ ուխտավորի պես
Ուխտի եմ գնում ամեն կիրակի։
Դու՝ միակ իմ Սուրբ, Իմ Աստվածուհի,
Սրբապատկերիդ առջև կանգնում եմ
Ու լուռ աղոթում.
- Ների՛ր, որ նորից ուշ եմ եկել ես,
Ների՛ր, որ նորից բառեր չեմ բերել
Ու քո առաջ ես լուռ եմ աղոթում։
Ների՛ր ինձ, ների՛ր...


ԳԻՇԵՐԱՅԻՆ ՆՎԱԳ

Դու ո՞ւր ես, որտե՞ղ է գիշերում իմ սերը,
Ո՞ւմ գրկի մեջ ես դու սպանում գիշերը...

...Գիշեր է։ Հանգիստ չեն տալիս ինձ հուշերս,
Այրվում է իմ հոգում կարոտի գիշերս։
Ու սիրտս լցվում է տագնապով մի հետին,
(Օ՜, ինչ ծա՜նր է նստում գիշերը իմ սրտին)։
Փողոց եմ դուրս գալիս, որ ցրեմ հուշերս,
Որ քամու հետ կիսեմ խոհերս, հույզերս,
Բայց քամին գնում է՝ ինձ լսել չի ուզում,
Հուշերիս հետ նորից մենակ եմ ես մնում։

Գիշե՜ր է... Խավա՜ր է։ Վառում եմ լույսե՜րը։
Թող լույսի հետ վառվեն խավարում հույսերս։
Իմ հույսը իմ տունն է՝ սերաշխարհս անծայր,
Ինչքան էլ նենգ լինի գիշերս ու խավար։
Եվ թեկուզ մենակ եմ, բայց նորից իմ տանն եմ,
Իսկ հուշս իմ հոգու արևահնձանն է։
Նրանից եմ առնում երազս, կարոտս,
Եվ արև նկարում նրանով մինչև լույս,
Որ խաղաղ, անաղմուկ լուսանա գիշերը,
Լույսի հետ տունս գա ու մնա իմ սերը։

...Իսկ հիմա դեռ մութ է, հիմա դեռ գիշեր է,
Բայց տանս մենակ չեմ, ինձ հետ են... հուշերս...


Խոստովանություն

Ես քեզ չեմ ասել՝ սիրում եմ,
Միայն ասել եմ, որ դու իմ միակն ես,
Իմ անփոխարինելին,
Որ առանց քեզ՝
Կյանքս գրազ է տանուլ տված,
Որ դու այն միակ էակն ես աշխարհում,
Առանց որի ես նավ եմ անղեկ՝
Մոլորված կյանքի ծովում։

Ես քեզ չեմ ասել՝ սիրում եմ,
Միայն ասել եմ, որ դու իմ լավն ես,
Իմ աննմանը,
Որ քեզ չեմ տա ուրիշի,
Չեմ տա,
Եթե նույնիսկ արևը մոխիր դառնա,
Տիեզերքն անէանա անթափանց խավարում։

Ոչինչ չեմ ուզում աշխարհից,
Ոչինչ,
Միայն դո՛ւ լինես ինձ հետ,
Միայն դո՛ւ թերթես կյանքիս էջերը...
...Ես քեզ չե՛մ ասի՝ սիրում եմ,
Եվ, ընդհանրապես, ոչի՛նչ չեմ ասի...
...Իմ փոխարեն աչքե՛րս թող խոսեն։


Հրավեր

Դու արի՛, քո սիրով լցրու
Իմ տունը և սիրտս մոլոր,
Քո սիրով արի հանգցրու
Իմ հոգու հրդեհը ոլոր։

Եվ մնա գրկիս մեջ թեկուզ
Մի վայրկյան, ակնթարթ միայն
, Իսկ հետո կարող ես, իմ սե՛ր,
Դու հետո կարող ես... գնալ։

Բայց եթե մոլորվես հանկարծ
Ու եթե քայլերդ... կանգնեն,
Դու կրկին ետ դարձիր ու թող
Գրկիս մեջ քեզ դարձյալ գտնեն։

Ու եթե կրկին ետ դառնաս
Եվ դառնաս իմ սրտի գերին,
Կգրկեմ քայլերդ հոգնած,
Որ կրկին քեզ ինձ մոտ բերին։


Երազ

Ես քո շրթո՛ւնքն եմ,
Դու՝ իմ համբո՜ւյրը,
Ես քո ակո՛ւնքն եմ,
Դու՝ իմ աղբյո՜ւրը։

Ես քո մաքրության
Վկա՜ն եմ միակ,
Ծովի տարերքում՝
Նավակիդ թիա՛կ։

Գնո՛ւմ եմ մենակ
Իմ երազ-հեռուն,
Ուր դու անընկեր
Ի՛նձ ես երազում...


Գետը, աղբյուրը, գիշերը, դու, ես

Դու գայիր նորից աղբյուրը՝ ջրի
Ու ետ գնալու միտքդ չլիներ,
Ուռենին գետի եզերքին լռին
Մեր երազների պսակը հիներ։

Ու տուն շինեինք գետի եզերքին,
Մեր տունը սիրով, կյանքով շեն լիներ,
Հավատ ու լույսով մեր երազ-սրտի
Եղեգան փողից ծուխը վեր ելներ։

Էլ ոչ-ոք չգար աղբյուրը՝ ջրի։
Չքնեինք մենք մի անհուն գիշեր,
Մեր սերը մաքուր, հավատը բարի՝
Մեր խենթ գիշերվա կանթեղը լիներ...

...Էլ ուրիշ ոչի՜նչ, ոչի՜նչ չլիներ,
Միայն սեր լիներ
Ու սիրո գիշե՜ր...


Լուռ եմ կարոտում

Ես լո՜ւռ եմ կարոտում։
Իմ կարոտը թռչուն է անթև։
Եթե իմ կարոտն ունենար թևեր՝
Ես կպատմեի նրան երազներիս մասին,
Եվ նա կտաներ աշխարհին իմ երազները,
Եվ երազներս կապրեին անվերջ,
Եվ թախիծս կվանվեր ընդմիշտ իմ աչքերից,
Եվ ես լեզու կառնեի՝
Մի կողմ թողնելով լուռ մնալս՝
Եթե իմ կարոտն ունենար թևեր...

... Բայց հիմա մի անթև թռչուն է իմ կարոտը
Եվ ես շարունակում եմ լուռ կարոտել...


Լուռ եմ սիրում

Ես լո՜ւռ եմ սիրում։
Եվ եթե հանկարծ ինձ չեն հասկանում՝
Մեղավոր չեմ, ո՛չ...

Մեղավորը իմ աչքերն են,
Որոնք նայում ու ոչինչ չեն տեսնում...
Մեղավորը իմ խոհերն են,
Որոնք հորդում են,
Սակայն չեն խոսում...
Մեղավորը իմ ձեռքերն են,
Որոնք շոյում են,
Սակայն չեն... գրկում...


Հավաստիացում

Դու ինձ աչքերիդ կապույտում թաղիր,
Թաղիր շուրթերիդ ադամանդ ծովում,
Քո երազները ինձ համար պահիր,
Քո երազները ինձ շատ են թովում։

Ինձ շատ են թովում անուրջները քո,
Ես առանց նրանց՝ չեմ կարող ապրել,
Առանց քեզ՝ ես միշտ լցվում եմ քաջքով,
Քեզ հետ՝ անհուն եմ, առանց քեզ՝ անել։

Քեզ հետ՝ աշխարհը հրաշք է ասես,
Առանց քեզ՝ հողմ է, քամին է վայում,
Քեզ հետ՝ խենթանում և գիշերն ի լույս
Քունը կոպերիս էլ չի այցելում...


Խոհերի լեզվով

1

Ես այսօր խոսեմ խոհերի լեզվով,
Դու՝ երազների ու կարոտների,
Երազով ապրենք ու ապրենք սիրով,
Ապրենք կարոտով սեր-անուրջների։

Եկ այսօր խոսենք առանց բառերի,
Եկ <<անխոհ-անհույզ>> բառերը թողնենք։
Ի՞նչ է՝ կարոտից, սիրուց խոսելիս,
Սիրտը բացելիս միայն բա՞ռ է պետք։

2

Դու խոհերիս մեջ կաս ծաղկանց բույրով,
Լեռան զովի պես, դու՝ խոհերիս մեջ,
Ծառերի քնքո՜ւշ, լո՜ւռ սոսափյունով,
Մեղմիկ հովի պես, դու՝ խոհերիս մեջ։

Հավատ ու կարոտ, կորուստ ու կսկիծ,
Ու անմար-անվերջ, անեղծ սիրո հուր՝
Միահյուսել ես, դարձրել մի սիրտ,
Դու խոհերիս մեջ ու իմ աշխարհում։


Անքնության պես

Եվ ինչ է սե՞րը,-
Հարցնում ես դու...

...Օրերի փոշին ծանրացել ճամփիս
Ու տեղ չի տալիս։
Անձրևը նորից մաքրության մասին
Հին երգն է լալիս։

Կանգնել եմ ճամփիդ ու գալ չեմ կարող,
Ի՞նչ անեմ, ասա։
Քամու հետ շա՛տ եմ խոհերս կիսել՝
Կբերի՞ նա քեզ հույսի մի պատառ
Եվ կսփոփի՞ քեզ։

...Այդ ցավ-տագնապի ցավագարությամբ
Տառապում եմ լուռ
Ողջ գիշերը ես։


Սիրո տողերից

Դու՝ սեր իմ մաքուր, երազ իմ՝ Ռուզան,-
Մի կապույտ օր մենք՝ երկու եզակի,
Հոգնակիացանք ու դարձանք մի «ես»։

Հոգնակիացանք,
Որ մի օր կրկին եզակի դառնանք։
Եվ տունս լցվի ճիչով երջանիկ։

Ու թող տառապենք մենք հանուն սիրո,
Իսկ տառապանքից ծնվի խիղճը մեր,
Եվ... չորս դառնանք մենք,
Իսկ հետո էլ՝ հինգ,
Հետո՝ շատանա՜նք։

Թող խլվի քունս,
Հո՛գ չէ, անգինս,
Միայն իմանամ արժեքս, գինս։

...Դրանից հետո թեկուզ... վերջս լաս,
Բայց՝ մեր շատի հետ ապրես ու մնաս...



________________________________________________________________



40-ից հետո

ՎԱՂՎԱ ՄԱՍԻՆ, ԵՎ՝ ԱՅՍՕՐՎԱ
40-ամյակիս նախօրյակին
Ես վաղը դառնում եմ քառասուն տարեկան,
Իսկ այսօր դեռ փոքր եմ, քառասուն դեռ չկամ։
Քառասո՞ւն՝ զարմացած հայացքս մաղում է,
Կրծքիս տակ արյունս թվում է՝ պաղո՛ւմ է,
Զարկերը դառնում են չափավոր ավելի,
Ես այս ե՞րբ՝ քառասուն, գժվե՞լ եմ, երևի՜...
Ատո՛ւմ եմ ես թիվը, տարիքը՝ առավել,
Ասում եք, որ հասուն տղամա՞րդ եմ արդեն։
Ուզում եք, որ չափե՞մ, հաշվարկե՞մ քայլերս,
Խոհե՛րս, գիշե՛րս, ցերե՛կս, ցավե՛րս։
Չե՛մ ուզում, չե՛մ կարող հաշվարկել տարիքս,
Տվա՛ծս, առա՛ծս, պարտքե՛րս, տալի՜քս...
...Քառասուն տարեկան դեռ վա՛ղն եմ դառնալու,
Իսկ հիմա դեռ փոքր եմ, գնում եմ... խաղալու։
Անհոգ եմ, օրերս օրորի թող քամին,
Եվ նման այն խիզախ, անձնազոհ տղային,
Որ ընկավ՝ տասնութը դեռ հազիվ բոլորած,
Ու փրկեց մեր ոգին, անունը մեր կորած...
09.06.99, երեկո, Ստեփանակերտ


ԺԱՅՌԻ ՃԱԿԱՏԻՆ...
Ժայռի ճակատին ստվեր կար ամպի,
Արևը երգել երգն իր կարապի,
Գնում էր՝ օրվա հոգսերից հոգնած,
Ժայռածերպերում հանգստանալու։
Այնպես էր գնում,
Ասես էլ երբեք ետ չի դառնալու...
03.11.00, Ստեփանակերտ


ԽՈՍԵՆՔ ՇՇՈՒԿՈՎ
Մի քիչ կամա՛ց,
Այնպե՛ս խոսիր, որ չարթնանամ,
Բայց հարցրու, թե երազում
Ի՞նչ եմ տեսնում ես այս անգամ։
Եվ կամ էլ՝ ո՞ւմ։
Գուցե մեկը քեզնից ծածուկ
Մտել է իմ երազի մե՞ջ,
Բա չիմանա՞ս։
Բա՜, կիմանա՛ս...
Տխրությունս թաց է այնքան,
Որ թե մզեմ՝
Չոր օրերս
Անշուշտ պիտի խոնավանան։
Բայց ո՛չ գարնան անձրևներից։
Գարուններս երանի՜ թե
Միշտ մնային ջրոտ-կանաչ՝
Անձրևային-արևային...
Տաք օրերս գարնան նման
Ժամանակի՛ն ժամանեին։
Գայի՛ն։
Գայի՜ն...
...Էլ չի լսվում շշուկը քո՝
Քնո՞վ անցար։
Դե, օրորիր՝ ես էլ քնեմ։
Մի՛ խանգարիր։
Մի՛ փախցրու քունս իզուր։
Ի՞նչ, չքնե՞մ...
Բա երազիս մյո՞ւս կեսը...
Ո՞ւմ վստահեմ։
Մի՞թե... նրան։
06.06.02, Ստեփանակերտ

ՃԱՆԱՊԱՐՀԻՆ...
Այնպես ստվա՜ր է ծառերի շարքը,
Այնպես ամո՜ւր են իրար գրկել,
Որ ոչ մի սամում, ոչ մի փոթորիկ
Չի՛ կարողանա նրանց ծնկել։
Անհանգիստ Թարթառն արդեն հանգիստ է,
Լենկթեմուրները կարող են գալ,
Բայց թող չփորձեն, հիմա դժվա՛ր թե
Նրանք մեզ հաղթել կարողանան։
Ձորը լցվե՛լ է, մշո՛ւշ է, մե՛գ է,
Ձորից բարձրացող մուժը բարակ
Եկել լցվե՛լ է, շուրջը դարձրել է
Աստղահանդեսի համաճարա՛կ։
...Իսկ կողքիս նստած այս աղջնակը
Ամուր գրկել է իր փոքրիկին։
Այնպե՜ս մատղաշ է նազուկ էակը,
Որ դժվա՛ր նրան համարես կին...
24.06.01, Կոճողոտ-Ստեփանակերտ (ավտոբուսում)


ԲԱԺԱՆՎՈ՜ՒՄ ԷԻՆ...
Բոլորն իրարից բաժանվում էին։
Անձրևն էր անվերջ ծեծում վերևից,
Քարափը՝ ամպից, ծառը՝ կեղևից,
Անցավ, անաղմուկ բաժանվում էին։
Այնպե՜ս տխուր էր այդ տարաժամին,
Նույնիսկ թախծում էր կարապը անբառ,
Նա, որ երգում էր միայն մի անգամ,
Այն էլ՝ վերջին օրն ու վերջին ժամին։
Բոլորն իրարից բաժանվում էին...
Խորհրդավոր էր՝ ցավն էլ, թախիծն էլ,
Բաժանվո՜ւմ էին... Բաժանվելիս էլ՝
Նրանք միացման խորհուրդն ունեին...
03.11.00, Ստեփանակերտ


ԳԱՐՆԱՆ... ՓՈԽԱՐԵՆ
Գարունը նոր է հունի մեջ մտնում,
Բայց ի՞նչ՝ ոչ աշուն, ոչ էլ ամառ է,
Մառախուղ-անձրև օրն է լուռ մթնում,
Արևն՝ անզիջում-այրող-համա՛ռ է։
Հավատի որմին թախիծը թառել՝
Մահվան կորստից փրկվել է ուզում,
Իր համար մի պուտ արև է ճարել,
Ու էլ աշխարհի ցավից չի հուզվում։
Երեկոն կախվել օձիքից օրվա,
Ողջ վաստակածը խլում տանում է,
Իսկ մնացածը, բաժինքը նրա,
Գիշերը առել ու կլանում է։
19.05.01, Ստեփանակերտ


ԱՅԼԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ստելլային՝ հոր՝ բազմավաստակ մանկավարժ Սերգեյ Գրիգորյանի հիշատակի համար
Աչքերիս առաջ հեթանոսափայլ քո մարմինն է, Տե՛ր,
Տխուր նայում եմ մարմինը կորցրած նրա աչքերին,
Պառկած է՝ մարմինն անզգա, անէ, իսկ աչքերն ամպել,
Ոչինչ չեն տեսնում, չեն զգում ոչինչ...
Մարմինն՝ անզգա, ամպոտ աչքերով նայում է հեռուն,
Ափսոսանքի թույլ մի շի՛թ է կախվել հայացքից նրա,
Հիմա նրան ա՛յլ հեռաստանների թովչանք է գերում,
Եվ դեռ ափսոսա՞նք՝ թողածի՞ վրա...
Մարմինն՝ անզգա, իսկ հոգին արդեն սլանում է վեր,
Հոգին ազատ է, մարմին-պատյանի կարիքն էլ չկա,
Գալի՜ս է։ Դու քո արքայությունում պատվի՜ր նրան, Տե՛ր...
Գալիս է՝ որպես Սուրբ Դարձի վկա՛։
14.08.00, 03.07.02, Ստեփանակերտ


ԵՐԿՐԱՇԱՐԺ
«Հռոդոսյան կոթողը» կինոնկարը դիտելիս ակամա հիշեցի 1988-ի դեկտեմբերյոթյան Սպիտակը, Գյումրին, Ստեփանավանը...
Սյուները էլ չեն դիմանում,
Սյուները տեղի են տալիս,
Պատերը ճոճվում են օդում,
Պատերը իրար են գալիս։
Օդ ու ջուր խառնվել են իրար,
Արհավիրք-աղմուկ է չորս դին,
Մթնել է օրը ցավագար
Ու չոքել աշխարհի բկին։
15.09.00, 20.03.02, Ստեփանակերտ


ԼԱՎ ՄԱՐԴՈՒՆ՝ ԲԱՐԻ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
Ուշացած խոսք՝ Բագրատ Մկրտումյանին
...Իսկ ծերությունն իրեն զգացնել է տալիս,
Իսկ ծերությունն արդեն անում է իր սև գործը։
Իսկ փողոցը բանուկ է՝
Գալիս են, գնում են,
Խմբերով, մեկ-մեկ, երկու-երկու,
Ամեն մեկն իր գործով,
Իր հոգսով ծանրաբեռնված։
Քայլում է Բագրատ Մկրտումյանը
Հարևան մայթով։
Քայլում ու չի էլ նկատում
Հակադարձ մայթով քայլողներիս,
Ծանոթներին նույնիսկ։
Դե, ի՞նչ անես, ճակատագիրն անողոք է,
Ուզես-չուզես։
Իսկ Բագրատ Մկրտումյանը երիտասարդ է դեռ՝
Ընդամենը... վաթսուն և մի քանի տարեկան։
07.07.90, Ստեփանակերտ


ԲԱՅՑ՝ ՈՉ ԱՓՍՈՍԱՆՔ
Դեղին ծաղիկներ ես քեզ բերեցի,
Ի նշան՝ սիրո, ոչ ատելության,
Բայց դու նվերս արհամարհեցիր
Ու նախընտրեցիր սիրո մեջ նրան։
Դասավորվեցի՞ր, չգիտեմ... Ի դեպ՝
Քեզ կորցնելուց չեմ տուժել բնավ,
Բախտը շռայլ է եղել իմ հանդեպ,
Ինձ նվիրել է մի չքնաղ Ռուզան։
Կյանքի ժխորում աղջամուղջային
Հաճախ անհարկի զրկանք ենք կրել,
Սակայն տոկուն ենք եղել ավելի,
Եվ ստիպված ենք եղել համառել։
...Իսկ քեզ՝ հիշեցի ոչ հանուն ցավի,
Թող սպիացած վերքս չնվա,
Եվ թող քո հիշվող թովչանքը ծավի
Ինձ ափսոսանքի պատրանք թվա...
23.09.00, Ստեփանակերտ


ԱՆԱԿՆԿԱԼ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Պրոֆտեխուսումնարանական ընկերոջս՝ Աշոտ ԱՍԼԱՆՅԱՆԻՆ
Ինչո՞ւ են պատանեկան
Մեր օրերն այսպես անցել...
Ցրվել ենք տարբեր կողմեր՝
Անանուն ու անհասցե։
Ցրվել ենք... Բայց գիտեի՞,
Որ մի օր ինձ կգտնես,
Եվ հուզմունքն այսքան տարվա
Կպոռթկա հանդիպելիս։
Տխրության նման մի բան
Կաթում է դեմքիս նորից,
Երեսուն տարի հետո
Այս ինչպե՜ս հանդիպեցինք։
Երեսուն տարին՝ ասես
Մի երկա՜ր դասամիջոց,
Կտրել է մեզանից մեզ,
Թողել ենք դաս ու դպրոց։
Թողել ենք՝ ինչ ունեինք,
Կարոտներ, սեր ու թախիծ...
Մեր ապրած լավ օրերի
Հուզմունքն է խեղդում նորից։
Ուզում եմ... Սակայն ինչպե՞ս
Անցյալը վերադառնա,
Մեր տարիքն այդ՝ տեսնում ենք
Մեր որդոց դեմքի վրա։
Հասակ ենք առել արդեն,
Մեծ ենք մենք՝ տուն-տեղ դրած,
Բայց հոգով ջահել ենք դեռ՝
Կնճռազարդ ու ճերմակած...
...Նայում ենք իրար դեմքի՝
Անցյալի սրտով կարոտ,
Այս ինչքա՜ն ցավ կար կյանքում,
Որ տարանք մենք անտրտունջ...
29.05.07, Ստեփանակերտ


ՄԱՂԹԱՆՔ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ
Մարիամիկ դստրիկիս
Իմ սրտի ջերմ խոսքն եմ բերում
Գարնանային այս լավ տոնին,
Ասում սրտանց՝
Շնորհավո՜ր ղողանջյունը
Վերջին զանգի։
Վերջին զանգի տոնն այս պայծառ
Թող ջերմությա՜մբ սիրտդ լցնի։
Քեզ ամենայն լա՜վն եմ մաղթում,
Բարեմաղթում ամեն բարի՜ն,
Որովհետև հո՛ւրը սրտիդ՝
Լույս է կյանքի ու ջերմություն,
Երջանկության նշա՜ն բարի...
...Թող ամենայն լավն ու բարին
Լինեն կյանքիդ ճանապարհին...
25.05.07, Ստեփանակերտ


ՀԱՐՄԱՐ ԱՌԻԹՈՎ
Նրան, որ... Է՛Ր, բայց դարձավ... ՈՉԻՆՉ...
Քամահրվա՞ծ են քո նկարները,
Բայց ե՞րբ ենք կրկին համակրելու,
Ինչո՞ւ դու, ասա՛, չդարձար մերը,
Զո՞ւր չէր վճիռը քո՝ լքելու...
Մենք ուզում էինք, և հավատալը
Այնքա՜ն դյուրին էր ու այնքա՜ն հեշտ,
Բայց վրա հասավ հարմար այդ պահը,
Որ լքի քեզ քո վարքը պարկեշտ։
Քո հեռանալու <<մեղավորնե՞րը>>...
Դու չե՞ս վախենում միթե Աստծուց։
...Աստվա՜ծ իմ, ինչո՞ւ այս <<ներոնները>>
Չեն խորշում սուտ աստվածանալուց։
18.10.01, Ստեփանակերտ


ԵՐԵԽԱՆԵՐԸ ՍԵՎԱՆՈՒՄ
Միշա Անտոնյանին
Դիլիջանը մնաց ձորում,
Վեր բարձրացանք կեռմաններով,
Սեմյոնովկան մեր առջևում
Բռնկվել էր... կապույտ հրով...
Ջուրը սառն է Սևանի,
Բայց Սամվելը ի՞նչ անի,
Որ չլողանա,
Անհանգիստ է, վազում ափ,
Ու հենց այնպես, հապշտապ
Ջուրն է նետվում նա։
Անդրանիկն էլ է ուզում,
Բայց մայրը շատ է հուզվում՝
Հանկարծ կմրսի...
Արևը կախ է ընկել,
Օրը իրեն սպառել՝
Գնում է... ննջի։
Միշա քեռին Սևանում
Ակրոբատ է ձևանում,
Գրգռում է մեզ,
Ջուրն է նետվում և Լիզոն,
Ու հենց այնպես, շորերով,
Լողանում է, տե՛ս...
Սևանը տաք է, հանգիստ,
Իսկ դրսում ցուրտ է սաստիկ,
Ջրից ո՞նց դուրս գանք,
Լավ չէ՞ թողնենք ամեն ինչ,
Ե՛վ հոգս, և՛ ցավ, և՛ թախիծ,
Ու... ջրում մնանք։
20.08.00, Սևանա լիճ


ՄԵՐ ՀԻ՜Ն, ՀՆԱՄՅԱ՜...
Մեր հի՜ն, հնամյա՜, մեր երկի՜ր հայոց,
Չես դառնա երբեք այլևս վայոց։
Չե՜ս անթեղվի էլ մոխիրների տակ,
Չե՜ս եղեռնվի էլ՝ կարմիր թե ճերմակ։
Էլ զոհ չե՜ս գնա նախճիրին վայրի,
Էլ կուլ չե՜ս գնա երախում գայլի։
Ոսոխն էլ հազի՛վ կգա քեզ վրա,-
Ջարդվե՛ց մարտի մեջ մռութը նրա։
...Մեր հի՜ն, հնամյա՜, երկի՜ր մեր հայոց,
Էլ չե՜ս կորչի դու ոտքի տակ այլոց։
13.05.09, Երևան


ՀԱՎԱՏՈ ՀԱՆԳԱՆԱԿ
Կանադայի Վանկուվեր քաղաքում ապրող իմ անվանակից Արիս Գրիգորյանին
Թեև նավը մեր կենաց չի էլ խորտակվել,
Բայց տառապյալ մեր հոգին այլ ափ է նետվել։
Եվ ի հեճուկս չարի՝ այսօր ես ու դու
Նույն անունն ենք կրում դեռ, ազգանունը նույն։
Ու դեռ կապրենք մենք այսպես, կապրենք շարունակ,
Նույն երազով, նույն ցավով՝ նույն արևի տակ։
Թեև՝ հեռու իրարից, իրար անծանոթ,
Բայց իրար հետ, իրար մեջ ու միշտ իրար... մոտ։
18.05.93, Ստեփանակերտ