Jump to content

Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձը անկախության հինգերորդ տարեդարձի առթիվ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձը անկախության հինգերորդ տարեդարձի առթիվ




ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՏԱՐԵԴ ԱՐՁԻ ԱՌԹԻՎ

[խմբագրել]
(21 սեպտեմբերի, 1996 թ.)

Սիրելի հայրենակիցներ,

Այնքան թանկ գնով՝ կորուստներով ու արյունով ձեռքբերված մեր նոր պետականությունը բոլորեց իր հինգերորդ տարին։

Դա ե՛ւ քիչ է, ե՛ւ շատ։ Ե՛ւ ակնթարթ է, ե՛ւ միաժամանակ հավիտենություն։

Քիչ է՝ մեր երեք հազարամյա պատմության տարեգրության կտրվածքով։

Շատ է՝ համեմատած մեր առաջին հանրապետության երկուսուկեսամյա գոյության հետ, եւ մանավանդ այնու, որ առաջին տարիները որեւէ նորածին պետության համար ամենադժվար, բայց եւ ամենաբախտորոշ ժամանակն են լինում։

Երբ հետադարձ հայացք ենք գցում անցած տարիներին, դրանք մի ամբողջ դար են թվում՝ հագեցած պատմական իրադարձություններով, պատերազմով ու շրջափակումներով, տագնապներով ու սպասումներով, կորուստներով ու սխրանքներով։

Բայց այդ տարիները եղան նաեւ մեր ժողովրդի քաղաքական հասունության եւ քաղաքացիական գիտակցության դրսեւորման ամենաբնորոշ հանգրվանը, որի կիզակետը հանդիսացան անկախության հանրաքվեն, արցախյան գոյամարտի հաղթական ավարտը եւ երկրի մշտակայուն իրավիճակը։ Երբ խոսվում է հրաշքների մասին, մոռացվում է, որ իսկական հրաշքն արդեն կայացել է, քանզի վերջին հարյուրամյակում քիչ նորանկախ պետությունների է հաջողվել այդպես սահուն անցնել առաջին տարիները. համարյա ամենուրեք եղել են անիշխանության պահեր, քաղաքացիական հաշվեհարդարներ, հեղաշրջումներ ու արյունալի ներքին բախումներ։

Ութ տարի շարունակ, սկսած ազգային-ազատագրական զարթոնքից մինչեւ այսօր, մեր ժողովուրդն, ըստ էության, որեւէ ճակատագրական սխալ թույլ չի տվել։ Մեր ժողովուրդն աշխարհին ապացուցեց, որ հիանալի օգտագործեց անկախության վերականգնման վերջին հնարավորությունը, մի բան, որ տեղի չունեցավ 1918–1920 թվականներին, երբ մեր հարեւաններն ավելի պատրաստ գտնվեցին իրենց անկախությանը, քան Հայաստանը։ Այսօր, սակայն, ճիշտ հակառակը, հա՛յ ժողովուրդն ավելի պատրաստ եղավ ունենալու իր սեփական պետությունը՝ դրանից քաղելով բոլոր ակնհայտ առավելությունները։

Անկախության առաջին հանգրվանին հայ ժողովուրդն ստիպված եղավ հիմնականում լուծել գոյության խնդիրներ՝ արցախյան պատերազմ, ազգային բանակի կայացում, երկրի սահմանների պաշտպանություն, շրջափակումների եւ էներգետիկ ճգնաժամի հաղթահարում, բռնագաղթյալների ապաստանում, տնտեսական գահավիժման սանձահարում եւ այլն։

Եւ չի կարելի ուրանալ, որ նա պատվով դուրս եկավ այդ բախտորոշ խնդիրների լուծման ահավոր փորձությունից՝ դրսեւորելով զոհաբերության, տոկունության, համբերության, զգաստության եւ հավասարակշռության անօրինակ սխրագործություն։

Անկախության առաջին տարիները, սակայն, միաժամանակ եղան հանրապետության տնտեսական անկման, ժողովրդի սոցիալական ծանր վիճակի, կրթության, մշակույթի, առողջապահության բնագավառների ետընթացի ժամանակաշրջան։

Ճիշտ է, ավելի քան երկամյա խաղաղությունը բերեց սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման, կենսական նշանակություն ունեցող առեւտրական գործունեության աշխուժացման, դրամաշրջանառության առողջացման որոշ դրական միտումներ, բայց, այնուամենայնիվ, մեր ժողովրդի կյանքը դեռեւս շատ հեռու է արժանավայել համարվելու շռայլությունից։

Ըստ այդմ, քանի որ, ինչպես ասվեց, անցյալ ժամանակահատվածում մեր ժողովուրդը հիմնականում լուծե՛լ է իր գոյությանն առնչվող խնդիրները, ապա առաջիկայում ավելի մեծ հնարավորություն է լինելու զբաղվել տնտեսության զարգացման, ժողովրդի կենսամակարդակի բարձրացման, կրթության, գիտության, մշակույթի, առողջապահության բնագավառների բարեկարգման, օրինականության եւ կարգուկանոնի հաստատման հարցերով։

Դրա իրականացման համար, սակայն, անհրաժեշտ է պահպանել եւ ամրապնդել այն բոլոր նվաճումները, որոնք մեր ժողովուրդը ձեռք է բերել ամենաթանկ գնով. Պահպանել ու ամրապնդել խաղաղությունը, Արցախի ազատությունը, երկրի ներքին կայունությունը, ժողովրդավարության եւ տնտեսական բարեփոխումների գործընթացը։

Ժողովրդի բարեկեցության, երկրի բարօրության միակ պայմանը այդ արժեքների գնահատումն ու պահպանումն է։ Հակառակ դեպքում Հայաստանը չի կարող խուսափել իր գոյությանն սպառնացող նորանոր վտանգներից եւ բնակչության սոցիալական վիճակի էլ ավելի վատթարացումից։

Սիրելի հայրենակիցներ,

Ես խորապես համոզված եմ, որ առաջիկա տարիները լինելու են շատ ավելի հեշտ, շատ ավելի անվտանգ, շատ ավելի ապահով, քան նախորդները։

Տարեցտարի առողջանալու է երկրի տնտեսությունը, բարելավվելու է ձեր կյանքը, ծաղկելու են կրթությունը, գիտությունը եւ մշակույթը։ Դուք հնարավորություն եք ստանալու ամբողջովին զբաղվել խաղաղ, ստեղծագործ աշխատանքով՝ ապահովելու համար ձեր ընտանիքների բարօրությունն ու երջանկությունը։

Եղբայրներ, քույրեր, մեր հավերժական պետականության կայացման ճանապարհին վաղը դուք բռնելու եք մի նոր քննություն։ Ես ձեզ կոչ եմ անում միահամուռ մասնակցել այդ քննությանը, քվեարկել ձեր խղճի եւ հայրենասիրական գիտակցության թելադրանքով՝ ապահովելու համար մեր սուրբ Հայրենիքի մուտքը 21-րդ դար՝ որպես ամուր, բարգավաճող եւ խաղաղ պետություն։ Ես շնորհավորում եմ ձեզ Հայաստանի անկախության 5-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով ձեզ երջանկություն ու բարեկեցություն՝ ի շահ եւ ի փառս մեր համայն ազգի։

Անցնելու են տասնամյակներ ու դարեր, եւ դուք արժանանալու եք մեր սերունդների հավիտենական օրհնանքին։

«Հայաստանի Հանրապետություն», 24 սեպտեմբերի, 1996 թ.։
Հրատարակված՝ «Առաջիկա տարիները լինելու են շատ ավելի հեշտ, շատ ավելի անվտանգ, շատ ավելի ապահով…» վերնագրով։
ՀՀԱՆԱ, 28/21.09.96։ Բնագիր։ Ինքնագիր։